Մի՞թե Առաջին նախագահից խորհուրդ հարցնելու մեջ վատ բան կա
Երեկ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ազատման դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին: Գրառման մեջ որոշման պատճառի մասին ոչինչ գրված չէր:
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց մասնակցել է ԱԺ մշտական հանձնաժողովներում 2019թ. պետական բյուջեի տարեկան կատարման հաշվետվության քննարկմանը, որի ժամանակ նշել է, որ, չնայած 2019թ. բյուջետային առումով պատմական էր Հայաստանի համար, այնուամենայնիվ, չի հավաքագրվել այն ամբողջ պոտենցիալը, որը տեսականորեն և իրականում գոյություն ունի:
«Ամենատարբեր հաշվարկներով՝ Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի, նույնիսկ որոշ գնահատականներ կան, որ բյուջեի պոտենցիալը կարող էր ավելին լինել մինչև, օրինակ՝ 400 մլրդ դրամ: Կարծում եմ՝ այստեղ մտածողության փոփոխությունն է կարևոր, իհարկե, վարչարարությունն էլ է կարևոր»,- ասել է նա:
Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից 168.am-ը փորձեց պարզել Դավիթ Անանյանի ազատման պատճառը՝ հիշեցնելով, որ Փաշինյանը նախկիններին մեղադրել է այս հարցում ոչ թափանցիկ լինելու մեջ և խոստացել լինել թափանցիկ, սակայն այսօր էլ պաշտոնյաներն ազատվում են, իսկ պատճառները չեն գաղտնազերծվում՝ թողնելով հասարակության կռահմանը:
«Ես խնդրում եմ՝ դիմեք պարոն Անանյանին, ես իր ազատման պատճառները չեմ կարող ասել: Դիմեք պարոն Անանյանին, և թող նա ձեզ մեկնաբանություն տա, ես իր գրառմանն ավելացնելու բան չունեմ: Այսօր էլ ԱԺ-ում վարչապետն իր ելույթում շնորհակալություն հայտնեց պարոն Անանյանին՝ այս ընթացքում մատուցած աշխատանքի համար»,- ի պատասխան մեր հարցադրման՝ ասաց Մանե Գևորգյանը:
Մեր հակադարձմանը՝ վարչապետը խոսել է նաև հսկայական ստվերային տնտեսության գոյության մասին, հարկերի հավաքագրումից, երևի դժգո՞հ է եղել հարկերի հավաքագրումից, թեպետ ժամանակին գոհ էր, Փաշինյանի խոսնակը չպատասխանեց:
Մեր հաջորդ հարցադրմամբ փորձեցինք պարզել՝ հաշվի առնելով երկրում ստեղծված համաճարակային ծանր վիճակը, այն հաղթահարելու դժվարությունները, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը խորհրդի համար դիմել է Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, վարչապետի հարգելի խոսնակը, որը, ի դեպ, խնդրեց մեկ րոպեից զանգահարել և երկրորդ հարցը տալ, ինչն արեցինք, չափազանց վրդովվեց մեր այս հարցից, երբ ասացինք՝ սա շարադրելու ենք՝ որպես պատասխան, արձագանքեց՝ սպառնո՞ւմ եք, և հանկարծ հիշեց՝ չենք զգուշացրել, որ ձայնագրում ենք, մի բան, որ առաջին հարցի դեպքում Գևորգյանի մոտ չծագեց:
Թեպետ վարչապետի խոսնակը պիտի հասկանա, որ, եթե իր իսկ խնդրանքով 1 րոպեից զանգել ենք, որ ուղղենք երկրորդ հարցը, ուրեմն՝ պատասխանը ձայնագրում ենք, ամեն դեպքում, իր խոսքերը չենք արտաբերի՝ առավել հարգալից վարք դրսևորելով:
Բայց կնշենք, որ զգուշացումից հետո, որ ձայնագրում ենք, Մանե Գևորգյանը, խախտելով էթիկայի կանոնները, մի քանի անգամ ընդհատեց հարցը:
– Ես հիմա զգուշացնում եմ, որ ձայնագրում եմ, հարցս՝ վարչապետ Փաշինյանը դիմե՞լ է խորհրդի համար Լևոն Տեր-Պետրոսյանին՝ հաշվի առնելով…
– Ոչ:
– Կլսե՞ք հարցս մինչև վերջ և հետո պատասխանեք, տարրական էթիկայի հարց է:
– Լավ, վերջացրեք Ձեր հարցը, լսում եմ:
– Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ առաջին նախագահն է, պաշտոնավարել է պատերազմական, ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում, ուստի Փաշինյանը կարող էր նրան դիմել խորհրդի համար, դրանում, չեմ կարծում՝ վատ բան կա: Դիմե՞լ է, թե՞ ոչ:
– Շնորհակալ եմ, որ հարցի հետ նաև Ձեր կարծիքն եք արտահայտում, բայց՝ ոչ, չի դիմել:
Ի դեպ, հավելենք, որ ավելի ուշ Լևոն Տեր-Պետրոսյանը «Պարզագույն սիլլոգիզմ» վերտառությամբ կարճ գրառում-հոդված է հրապարակել , որտեղ նշում է.
«a) Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին,
b) Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին,
c) Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի»:
Հ.Գ. Ամեն դեպքում, մամուլի քարտուղարը կոչված է պատասխանելու լրագրողի հարցին, ոչ թե սեփական վերաբերմունքն արտահայտելու ոչ կոռեկտ տոնով, եթե անգամ դա չի ձայնագրվում: