«Որքան մենք այս թեմայի մասին քիչ ենք ինֆորմացիա ստանում կառավարությունից, այնքան շատ ինֆորմացիա է գեներացվում ֆեյք լուրերի տեսքով». Շուշան Դոյդոյան
Կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման նպատակով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում արված փոփոխությունը, որով հնարավորություն է տրվում բջջային հեռախոսների միջոցով անձանց անձնական տվյալների և տեղակայման մասին տեղեկությունների հավաքագրման և մշակման համար, ուժի մեջ է շուրջ երկու ամիս, սակայն չեն դադարում քննարկումները, թե ի՞նչ ծրագրով է դա իրականացվում, ովքե՞ր են ծրագրի հեղինակները, արդյո՞ք տվյալները չեն հայտնվի ինչ-որ երրորդ մարդու մոտ: Այդ հարցերի վերաբերյալ կառավարությանը հղած պաշտոնական հարցումներն էլ, կարելի է ասել՝ մնում են անպատասխան:
Իզաբելլա Սարգսյանը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը կառավարությանը հղած իրենց հարցերին ի պատասխան՝ ստացել են գրություն որտեղ ասված է, որ գործարկված հատուկ ծրագրային ավտոմատացված համակարգը ստեղծել են հայ կամավոր ծրագրավորողները, այն ձեռք չի բերվել որևէ ընթացակարգով գնման արդյունքում, անհատ ծրագրավորողներն այն մշակել ու տրամադրել են անհատույց՝ որպես նվիրատվություն: Պատասխանում նաև նշված է, որ ծրագրավորողները չեն ցանկացել, որ հրապարակվեն իրենց անունները, հանրայնացվի իրենց կատարած անվարձահատույց օժանդակության փաստը: Արդյունքում՝ ծրագիրը ստեղծողների տվյալները չեն տրամադրվել՝ հիմնավորելով, թե կատարված աշխատանքը գնում չէ:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածում ամրագրված է, թե որ դեպքում են մերժում տեղեկություն տրամադրել, առաջին հայացքից կառավարության պատասխանում նշված հանգամանքը ներառված չէ: Հոդվածի համաձայն՝ «տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա՝
1) պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք,
2) խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը,
3) պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները,
4) բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք),
5) խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները»։
Նույն հոդվածով սահմանվում է, որ տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա՝
«1) վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին, ինչպես նաև տարերային (ներառյալ՝ պաշտոնապես կանխատեսվող) աղետներին և դրանց հետևանքներին,
2) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը,
3) չտրամադրելը բացասական ազդեցություն կունենա Հայատանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և հոգևոր-մշակութային զարգացման պետական ծրագրերի իրականացման վրա»։
ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ վաղ թե ուշ հանրությանն այդ ինֆորմացիան հայտնի է դառնալու: Հիմնական մտահոգությունն ու խնդիրն այս պահին հանրությանը ստուգված, հավաստի տվյալներից չզրկելն է և ֆեյք լուրերի և ապատեղեկատվության տարածման հնարավորությունը բացառելը: Դոյդոյանի փոխանցմամբ՝ այժմ ուսումնասիրում են, թե ինչքանով է ստացած պատասխանն օրինական:
«Այո, առաջին հայացքից թվում է, որ օրինական պատասխան չէ, բայց վերջնական կարծիք հայտնելու համար պետք է մի հատ միարժեք ուսումնասիրենք, որովհետև «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը հստակ հիմքերը սահմանում է, բայց նաև ասում է՝ «այլ օրենքներով սահմանված գաղտնիքներ»: Ուզում ենք հասկանալ՝ կա՞ որևէ օրենք, որով նման գաղտնիք կարող է սահմանված լինել:
Բայց ի՞նչ խոսք՝ երևույթն ինքնին բացասական է, որովհետև հանրությունն իրավունք ունի վերահսկելու այս գործընթացը: Մի գործընթաց, որի շրջանակում մշակվում են, հավաքվում, պահվում և տարբեր այլ գործողություններ են իրականացվում իրենց վերաբերող տվյալների նկատմամբ: Հետևաբար՝ մենք իրավունք ունենք իմանալ և երաշխավորված լինել, որ, այո, գործընթացը նորմալ է ընթանում, անվտանգությունն ապահովված է, երրորդ անձինք մուտք չունեն այդ տվյալներին, և այլ հարակից հարցականներ:
Ընդ որում, որքան մենք այս թեմայի մասին քիչ ենք ինֆորմացիա ստանում կառավարությունից, այնքան շատ ինֆորմացիա է գեներացվում ֆեյք լուրերի տեսքով, ապատեղեկատվությունը, ենթադրություններն և դավադրապաշտությունն ավելի մեծ թափով են զարգանում: Հետևաբար՝ կարծում եմ՝ կառավարությունն այնքան էլ կողմ չի լինի նման ծավալով ապատեղեկատվության և ենթադրությունների տարածմանը, հետևաբար՝ առաջինն ինքը պետք է շահագրգիռ լինի, որպեսզի այս գործընթացի մասին հնարավորինս լիարժեք, պաշտոնական ու ժամանակին տեղեկատվություն ստանա հանրությունը»,- ասաց Շուշան Դոյդոյանը: