Բաժիններ՝

Անձի լուսանկարը պաշտպանված է մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքով

Մի քանի օր է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է տարածում իր ֆեյսբուքյան էջում և անգամ կոչով դիմել է քաղաքացիներին, որպեսզի իրեն ուղարկեն այդպիսի լուսանկարներ: Որքանո՞վ է դա օրինաչափ:

Նախ՝ միանգամից նշեմ, որ այդ գործողությունը որևէ կերպ չի կարող լինել օրինաչափ, անգամ այն պարագայում, եթե վարչապետը հանդես գար՝ պարզապես  որպես քաղաքացի Նիկոլ Փաշինյան։

Անհրաժեշտ է իմանալ, որ մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության սահմանադրական նորմը ներառում է նաև սեփական պատկերի իրավունքի պաշտպանություն։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր իրավական դիրքորոշումներում, երբ խոսքը գնում է լուսանկարների մասին, ընդգծել է, որ անհատի պատկերը նրա անհատականության գլխավոր հատկանիշներից մեկն է, քանի որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի վերաբերյալ Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքն արտահայտում է իր ինքնատիպությունը և նրան թույլ է տալիս տարբերվել իր նմաններից: Այսպիսով, իր պատկերը պաշտպանելու անձի իրավունքը նրա անձնական զարգացման առանցքային պայմաններից մեկն է:

Թեև արտահայտվելու ազատությունն ընդգրկում է լուսանկարների հրապարակում, այդուհանդերձ խոսքը գնում է մի տիրույթի մասին, որում այլոց հեղինակության և իրավունքների պաշտպանությունն ունի առանձնակի կարևորություն, քանի որ լուսանկարները կարող են պարունակել խիստ անձնական և նույնիսկ ինտիմ բնույթի տեղեկություններ անհատի կամ նրա ընտանիքի վերաբերյալ («Ռոտարուն՝ ընդդեմ Ռումինիայի» (թիվ 2) [ՄՊ], § 103):

Նույնիսկ հանրությանը հայտնի անձը կարող է հավակնել իր անձնական կյանքի նկատմամբ պաշտպանության և հարգանքի օրինական ակնկալիքի («Ֆոն Հանովերն՝ ընդդեմ Գերմանիայի» (թիվ 2) [ՄՊ], §§ 50-53 և 95-99, «Շյական՝ ընդդեմ Իտալիայի», § 29, «Ռեկլոսը և Դավուրլիսն՝ ընդդեմ Հունաստանի», § 40)։ Երբեմն հրապարակվում է նաև երեխաների լուսանկարներ: Արդյոք սա առանձին իրավական պաշտպանության հարց չէ՞:  Երեխաները բոլոր ժամանակաշրջաններում և հասարակարգերում մշտապես հանդիսացել են հասարակության ամենաանպաշտպան և խոցելի խավը:  Երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունն ու ապահովումը հանդիսանում են՝ ինչպես միջազգային իրավական, այնպես էլ՝ յուրաքանչյուր պետության կարևորագույն խնդիրներից:

Ըստ Դատարանի նախադեպային իրավունքի՝ այս պաշտպանությունը հիմնականում ենթադրում է անհատի կողմից իր պատկերի տիրապետում, որը, մասնավորապես, ընդգրկում է վերջինիս կողմից դրա տարածումը մերժելու հնարավորություն («Ռեկլոսը և Դավուրլիսն՝ ընդդեմ Հունաստանի» (§§ 40 և 43) գործ, որը վերաբերում էր մասնավոր հիվանդանոցում առանց ծնողների նախնական համաձայնության նորածին երեխայի լուսանկարներին, որոնց սևանկարները պահպանվել էին լուսանկարչի մոտ, «Ֆոն Հանովերն՝ ընդդեմ Գերմանիայի» (թիվ 2) [ՄՊ], § 96): Բացի այդ, պետությունը կրում է արդյունավետ քրեական դրույթների ստեղծումը երաշխավորելու դրական պարտավորություն` նպատակ ունենալով արգելել անձի նկարահանումը առանց իր համաձայնության, մասնավորապես, եթե խոսքը գնում է անչափահասի մասին, և միջադեպը տեղի է ունենում նրա բնակարանում («Սոդերմանն՝ ընդդեմ Շվեդիայի» [ՄՊ], (§ 117) գործ, որում խոսքը գնում է խորթ հոր կողմից տասնչորս տարեկան խորթ աղջկան նկարահանելու փորձի և նկարահանելու պահին անձին առանց իր թույլտվության նկարահանելն արգելող դրույթների բացակայության բերումով Շվեդիայի օրենսդրությամբ իր անձնական անձեռնմխելիության դեմ ոտնձգությունից պաշտպանության բացակայության վերաբերյալ բողոքի մասին):

Ուզում եմ նշել նաև, որ ՄԻԵԴ-ը հաստատել է նաև, որ հանրային վայրերի տեսահսկողությունը վերաբերում է 8-րդ հոդվածին այն դեպքերում, երբ տեսատվյալները գրանցվում, պահպանվում և հրապարակվում են:

Մասնավորապես, տեսահսկման խցիկներով նկարահանված դիմումատուի ինքնասպանության փորձի տեսագրության տարածման նպատակներով փոխանցումը լրատվամիջոցներին համարվել է վերջինիս անձնական կյանքի նկատմամբ լուրջ ոտնձգություն` չնայած նրան, որ նա իրադարձությունների պահին գտնվել է հանրային վայրում։

ՌՈԲԵՐՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Իրավագիտության մագիստրոս

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս