Կողմնակալ «արդարության» գրպանային հանձնաժողովի հետքերով
Օրեր առաջ հանրությանը հասանելի դարձավ «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը․ հանձնաժողով, որի ստեղծումը կապվում է անցումային արդարադատության այդքան շահարկված թեմայի հետ։
Փաստահավաք հանձնաժողովի առաքելությունն է լինելու՝ ուսումնասիրել, մասնավորապես, 1991-2018 թթ․ ՀՀ-ում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների, ընտրական խախտումների, սեփականազրկման դեպքերը, քննության ենթարկել ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը և կանխել հետագայում նման իրավիճակները։ Նախագծի համաձայն՝ վերոնշյալ գործառույթների իրականացման համար նախատեսվում է ստեղծել 9 հոգուց կազմված փաստահավաք հանձնաժողով: Սակայն կան բազմաթիվ հարցեր` կապված հանձնաժողովի ստեղծման նպատակահարմարության հետ՝ հաշվի առնելով և՛ այն ֆինանսական մեծ ծախսերը, որոնք, որպես կանոն, անհրաժեշտ են, այդ տեսակ հանձնաժողովի գործունեությունն ապահովելու համար, և՛ այն լայնածավալ և անորոշ իրավասությունների շրջանակը, որով, ըստ նախագծի, օժտված է լինելու հանձնաժողովը։
Ի վերջո, պարզ չէ, թե իրավապահ մարմինների համակարգի առկայության պայմաններում ինչ անելիք ունի այս հանձնաժողովը և ինչպես է գործելու, որպեսզի բախումներ չառաջացնի իրավասու այլ մարմինների լիազորությունների հետ, և ինչ միջոցներով է ֆինանսավորվելու, երբ երկրում օրեցօր խորանում է տնտեսական ճգնաժամը։
Ինչպես ԶԼՄ-ներից մեկին տրված իր հարցազրույցում նշել էր ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ այս հանձնաժողովի լիազորությունների ցանկից կարելի է եզրակացնել, որ այն ֆունկցիոնալ առումով ունի Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր քննչական ու իրավապահ մարմիններից ավելի լայն իրավասություններ, սակայն չունի որևէ պատասխանատվություն։
Իսկ արդյոք Հայաստանի Հանրապետությունն ընդհանրապես ունի՞ նմանատիպ հանձնաժողովի գործունեության կարիք, ընդ որում, երբ միջազգային փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին շրջանում ձևավորված նմանատիպ հանձնաժողովների աշխատանքում ներգրավված է լինում մոտավորապես 200-500 մարդ, ինչը ենթադրում է հսկայածավալ գումարների ծախս։ Հարցի պատասխանը, իրականում, հետևյալն է․ փաստահավաք հանձնաժողովի կարիք Հայաստանի Հանրապետությունը չունի։
Նախ՝ միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ փաստահավաք հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտություն առաջանում է քաղաքացիական պատերազմի և/կամ ամբողջատիրական կառավարման հետևանքով կեղեքված հասարակություններում, որոնցում տեղի են ունեցել մարդու իրավունքների կոպիտ և զանգվածային խախտումներ (օրինակ՝ Էկվադոր, Քենիա, Մավրիկոս, Սողոմոնի կղզիներ և Տոգո): Այս դեպքում առնվազն անհասկանալի է, թե ինչու է փորձ արվում Հայաստանը նույնականացնել այն երկրների հետ, որտեղ զանգվածային արյունահեղություններ են եղել։
Բացի այդ, նախագծի փաթեթով որևէ կերպ չի հիմնավորվում, թե 1991-2018 թթ. ժամանակահատվածում ՀՀ-ում մարդու իրավունքների այդ ի՞նչ կոպիտ և զանգվածային խախտումներ են տեղի ունեցել, որոնց բացահայտումն անհնարին է առկա իրավապահ մարմինների ջանքերով։ Նախագծերի հիմնավորման մեջ պարզապես փաստարկ են բերվում միջազգային կառույցների կողմից առանձին դեպքերում Հայաստանի նկատմամբ հնչեցված որոշ քննադատություններ, որոնք առավելապես կապված են եղել ընտրական գործընթացների հետ։ Իսկ եթե այդ խախտումներն իրապես այդքան ծավալուն են եղել, ապա որքանո՞վ է փաստահավաք հանձնաժողովի գործունեության համար նախագծով նախատեսված առավելագույնը 3 տարին բավարար՝ 27 տարվա ժամանակահատվածում տեղի ունեցած դեպքերի նկատմամբ լիարժեք ու արդյունավետ քննություն իրականացնելու համար։
Մեծ հարցականի տակ է հանձնաժողովի անկախության փաստը, քանի որ հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքն ու հաստիքացուցակը հաստատում է Կառավարությունը։ Ստացվում է, որ հանձնաժողովը կախվածության մեջ է լինելու Կառավարությունից, ինչն անընդունելի է և խիստ մտահոգիչ, երբ նայում ենք նման հանձնաժողովների գործունեության միջազգային փորձին։ Պարզ չէ նաև, թե ինչու որպես քննության առնվող ժամանակաշրջան՝ ընտրվել է 1991-2018թթ․, և ոչ՝ մինչև 2019թ․։
Լուրջ հարցադրումների տեղիք է տալիս հանձնաժողովի ֆինանսավորման կարգը։ Նախ, չկա նշված գոնե մոտավոր գումարի չափ, թե փաստահավաք հանձնաժողովի գործունեությունը կազմակերպելու համար որքան ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ լինելու: Փոխարենը՝ նախագծի փաթեթում ընդամենը նշված է, որ օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: Նման ձևակերպումը պարզապես զավեշտալի է, երբ միջազգային փորձը վկայում է, որ նման հանձնաժողովների գործունեության համար միջին հաշվով անհրաժեշտ է լինում 5 միլիոն ԱՄՆ դոլար, որը շատ դեպքերում ավելանում է՝ անցնելով նույնիսկ 12 միլիոնը: Հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած տնտեսական լուրջ մարտահրավերները՝ շարունակում է ակտուալ մնալ այն հարցը, թե ինչքանով է ներկայումս նպատակահարմար նման հանձնաժողովի գործունեության մեկնարկը։
Տրամաբանորեն առաջ է գալիս հաջորդ հարցը, թե, ի վերջո, ի՞նչ աղբյուրներից է ֆինանսավորվելու այս հանձնաժողովը՝ փաստ, որն իր հերթին՝ կարող է ազդել հանձնաժողովի անկախության ու անկողմնակալության վրա։ Պարզվում է, որ փաստահավաք հանձնաժողովը յուրաքանչյուր տարի, Կառավարության համապատասխան հաստատման դեպքում, ֆինանսավորումը ստանալու է պետական բյուջեից, այսինքն՝ Կառավարությունն անմիջական ազդեցություն ունի փաստահավաք հանձնաժողովի ֆինանսավորման նկատմամբ, ինչը միջազգային փորձի առումով բացասական է գնահատվում հանձնաժողովի անկախության տեսանկյունից:
Ամբողջը վերլուծելով և համադրելով, թերևս, գալիս ենք այն եզրահանգման, որ նշյալ փաստահավաք հանձնաժողովը ծառայեցվելու է իշխանության սեփական շահերի համար՝ որպես կողմնակալ «արդարություն» հաստատելու գրպանային գործիք, և որի կողմից ցանկալին որպես ճշմարտություն հրամցնելու գործառույթի համար պետական բյուջեից ծախսվելու են հսկայածավալ գումարներ։