Մասնագետների պարզաբանումները Հայաստանում կորոնավիրուսից մահացության դեպքերի մասին
Առողջապահության նախարարության ներկայացրած վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսից 176 մահվան դեպք: Ըստ ԱՆ-ի՝ այս ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդություններից մահվան 68 դեպք:
ԵՊԲՀ հանրային առողջապահության ամբիոնի վարիչ, ԲԳԹ, պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանն անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսից գրանցված մահացության դեպքերին՝ նշեց, որ այսօրվա գրանցված թիվը կազմում է ՀՀ-ում տարեկան մահվան դեպքերի 4-5%-ը:
«Այսօրվա դրությամբ ես չէի ուզենա գնահատել մահացածների թիվը, այդ թվաբանությունը կարող ա բավականին կտրուկ փոփոխվի դեռ: Այստեղ ուրիշ հարց կա: Շատ կարևոր ա՝ ինչպես ենք մենք գրանցում մեր մահերը, մահվան պատճառները: Ակնհայտ ա, որ չնայած ԱՀԿ-ն տվել ա շատ ստույգ ցուցումներ՝ ինչպես գրանցել մահացությունը և որպես մահվան պատճառ՝ COVID-ը, բայց երկրների մեջ կա շատ մեծ տարբերություն»,- ասաց Արտաշես Թադևոսյանը:
Պրոֆեսորը, բերելով Օմանի և Բելգիայի օրինակը, նշեց, որ նույն քանակությամբ հիվանդացածներից Օմանում կա COVID-ից մոտ 40 մահացած, Բելգիայում՝ մոտ 9000, որը նշանակում է, թե Բելգիայում 250 անգամ ավելի վատ են կարողանում բուժել հիվանդներին, քան Օմանում, ինչին Արտաշես Թադևոսյանը չի հավատում:
«Խուճապի մատնվել չի կարելի: Պետք է վախենալ խելամիտ սահմաններում, զգուշանալ, շատ թեթև չմոտենալ, բայց պետք ա մեր ռեակցիան, մեր պատասխանը լինի համաչափ»,- ասաց Արտաշես Թադևոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք քաղաքացիներին պետք է վախեցնի Հայաստանում գրանցված մահերի նման թիվը:
ԵՊԲՀ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանն էլ ասաց, որ կորոնավիրուսից մահանալու հավանականությունը շատ ավելի բարձր է, քան նմանատիպ այլ վարակներից: Անդրադառնալով մահաբերությանը՝ մասնագետը նշեց, որ մահացության հիմքում կան բազմաթիվ գործոններ՝ առանձնացնելով դրանցից 3-ը։
«Առաջինը դա պոպուլյացիայի տարիքային կազմն է և խրոնիկական հիվանդություններ ունեցողների տեսակարար կշիռն է, վիճակագրությունը վկայում է, որ 40 տարեկանից բարձր մահանալու հավանականության կորն էապես ավելանում է կորոնավիրուսի դեպքում:
Երկրորդ գործոնն առողջապահության համակարգի պատրաստված լինելն է, որովհետև եթե մենք կարողանում ենք այդ՝ արդեն բոլորիս ծանոթ կորը հարթեցնել, կանխարգելել առողջապահության համակարգի գերբեռնվածությունը ժամանակի ինչ-որ մի պահի, մենք կկարողանանք նվազեցնել:
Եվ արդեն անդրադառնամ կոնկրետ Ձեր հարցին, դա մահերի գրանցման մեթոդաբանությունն է, որը ևս կարող է ազդել: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս՝ բոլոր այն մահերը, որոնք այս կամ այն կերպ կապված են «կորոնավիրուս դրական» պացիենտի հետ, եթե չկա ակնհայտ մահվան ուրիշ պատճառ, օրինակ՝ տրավման, համարել, որ մարդը մահացել է կորոնավիրուսի հետևանքով: Ինչո՞ւ, որովհետև մեծ հավանականությամբ՝ այդ մահը կանխարգելելի էր, եթե մարդը չունենար կորոնավիրուս, մեծ հավանականությամբ՝ նա ժամանակի տվյալ փուլում չէր մահանա»,- պարզաբանեց Դավիթ Մելիք-Նուբարյանը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն էլ հավելեց, որ կոռեկտ չէ համեմատել կորոնավիրուսից և H1N1-ից մահվան դեպքերը: