
Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում

Հայկական, բելգիական և ֆրանսիական համատեղ արտադրության «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը, որի ռեժիսորն է Նորա Մարտիրոսյանը, ընդգրկվել է Կաննի միջազգային 73-րդ փառատոնի The First Features մրցութային ծրագրում։ Այս մասին հաղորդարգրություն է տարածել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը:
Հաղորդագրությունում ասվում է, որ փառատոնի նախագահ Պիեր Լեսկյուրը և տնօրեն Թիերի Ֆրեմոն ուղիղ հեռարձակմամբ են հայտարարել կինոփառատոնի մրցութային ֆիլմերի պաշտոնական ընտրության արդյունքները:
«Հայկական մասնակցությունը ֆիլմում՝ ի դեմս Հայաստանի Ազգային կինոկենտրոնի, 43.000.000 ՀՀ դրամ է: Մասնագիտական բացառիկ աշխատանքի արդյունքում ֆիլմարտադրությանը մասնակցություն է ունեցել նաև «Եվրիմաժը», որին անդամակցում է Հայաստանը: Այս եզակի հաջողությունը գրանցվել է երկարատև տքնաջան ու պրոֆեսիոնալ լուրջ աշխատանքի արդյունքում: Թե հայկական, թե մասնակից մյուս պրոդյուսերական թիմերը հսկայական ծավալի աշխատանք են իրականացրել: Թեև «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը Նորա Մարտիրոսյանի առաջին լիամետրաժ ֆիլմն է, Նորա Մարտիրոսյանը, սակայն, ճանաչված անուն է կինոաշխարհում: Նրա «Միջանցիկ քամի» և «1937» ֆիլմերն ընդգրկված են Պոմպիդու արվեստի կենտրոնի հավաքածուում»,-նշվում է հաղորդագրությունում:
«Եթե քամին վրա հասնի» կինոնկարն արցախյան թեմայով է. մեծածավալ նկարահանումներ են իրականացվել Արցախում, ֆիլմի ստեղծման աշխատանքներում ընդգրկված են եղել նաև հայաստանյան ստեղծագործական ու տեխնիկական աջակցման թիմեր: