
Միքայել Մելքումյանն առաջարկում է ԱԺ հատուկ նիստ հրավիրել՝ հակաճգնաժամային գործող սցենարը քննարկելու համար

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի բերած նախագծի շուրջ ծավալված քննարկումներին՝ նշեց, որպես կանոն, նման բան ԱԺ-ում պետք է չլիներ:
«Եթե մենք նայենք երեկվա ելույթները և այսօրվա, երեկվա քննարկումից հետո ի՞նչ հաշվարկներ են լինելու, կարելի էր գիշերը նիստ նշանակել, օրինակ՝ ես սիրով կմասնակցեի, և բոլոր հաշվարկներն անեիք: Ասենք՝ ովքե՞ր են այդ հաշվարկներն անելու, ենթադրենք՝ 3 օր նստեցին-արեցին, կարելի էր այդ հաշվարկները գիշերներն անեին, և ԱԺ ամբողջ կազմը չբերեիք այստեղ նստացնեիք, հետո ասեիք՝ նախագիծը հետ ենք տանում մյուս ռեժիմ: Եթե այլ, տարբերվող կարծիք ունեիք, ի սկզբանե այս նախագիծը չպետք է բերեիք: Եթե խնդիրը գումարի մեջ է, ասեք, եթե հաշվարկի մեջ է, է ասեիք, գիշերը հաշվեինք, կարծում եմ՝ խնդիրը հաշվարկի մեջ չէ»,- ասաց պատգամավորը:
Պատգամավորը ևս մեկ անգամ ընդգծեց, որ անհրաժեշտ է հրավիրել հատուկ նիստ՝ հասկանալու՝ հակաճգնաժամային եղած սցենարը նորմալ հունո՞վ է ընթանում, թե՞ այն պետք է փոխվի:
Հիշեցնենք, որ Նարեկ Զեյնալյանն առաջարկում է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարել, ըստ որի՝ մեկուսացված և ինքնամեկուսացված վարձու աշխատողներին կտրամադրվի նպաստ՝ ժամանակավոր անաշխատունակության տրամաբանության սահմաններում:
Սակայն առաջին ընթերցումից հետո, այսօրվա նիստում Նարեկ Զեյնալյանը խորհրդարանին կոչ արեց դեմ քվեարկել նախագծին, որպեսզի կարողանան որոշակի հաշվարկներ ու կանխատեսելիություն անել, նման առաջարկ է արել Կառավարությունը: