«Մենք պնդում ենք». Դանիել Իոաննիսյանը վերահաստատում է՝ Արցախում ՀՀ պաշտոնյաները կարգ են խախտել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական տեսաուղերձում անդրադարձել էր հանրային հսկողության վերաբերյալ իր երեկվա կոչին և դրա արձագանքին, թե ինքը մեղավորներ է փնտրում ստեղծված իրավիճակի համար՝ դրանք որակելով անհեթեթ մեկնաբանություններ։

Փոխադարձ մեղադրանքների մասին իր խոսքում վարչապետը հիշեց նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության ընդունելությունից տարածված լուսանկարի մասին՝ ասելով.

«Մեկ էլ էդ Արցախի նախագահի ինագուրացիան են անընդհատ պտտում-պտտում-պտտում: Էդ ինագուրացիան տեղի է ունեցել Արցախում հաստատված իրավական կարգավորումների շրջանակում։ Մենք հիմա, որ խոսում ենք բանկերի կուտակումների մասին, ոչ թե խոսում ենք ճաշակի մասին, այլ խոսում ենք կարգը, կանոնը, օրենքը խախտելու մասին։

Արցախում, Շուշիում ոչ մի օրենք չի խախտվել։ Այնտեղ օրենքի խախտման մասին մեկ ադրբեջանցիներն են ահազանգում, մեկ էլ ինչ-որ շրջանակներ»:

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը լուսանկարի հրապարակումից հետո ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր,  որ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» դիմում է ներկայացնելու Արցախի ոստիկանություն՝ խնդրելով վարչական պատասխանատվության ենթարկել Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալությանը հաջորդած խնջույքի մասնակիցներին՝ ԱՀ պարետի Թիվ 2 որոշման պահանջները խախտելու համար:

«Այդ թվում՝ խնդրելու ենք տուգանել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան / Arayik Harutyunyan-ին, ՀՀ վարչապետ Nikol Pashinyan/Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան-Ararat Mirzoyan-ին և այլոց»,- նշված էր գրառման մեջ:

168.am-ը Դանիել Իոաննիսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, թե իրենք ոչ մի կարգ չեն խախտել, կրկին պնդում եք, որ կարգ է խախտվել, թե՞ վերանայել եք ձեր մոտեցումն ու հասկացել, որ սխալվել եք:

Ի պատասխան Դ. Իոաննիսյանն ասաց.

«Գիտեք, գնահատում եմ Ձեր հումորը՝ այն առումով, որ կարող է Փաշինյանի հայտարարության լույսի ներքո ես կարծիք փոխեի:

Արցախում ինագուրացիային հաջորդող խնջույքը հակասում է Արցախի պարետի ապրիլի 13-ի թիվ 2 որոշման երկրորդ կետին, որով հստակ արգելվում են 20 և ավելի մասնակիցներով հրապարակային միջոցառումները, այդ թվում՝ տոնական միջոցառումները:

Դա հրապարակային կա, ցանկացած մարդ կարող է մտնի, ստուգի, համոզվի. Սահմանադրական իրավունքի մասնագետ պետք չէ լինել այդ պարզ խախտումը տեսնելու համար:

Մենք պնդում ենք. սպասում ենք ոստիկանության Շուշիի բաժնի արձագանքին,  որովհետև դիմել ենք՝ պահանջելով վարչական պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր խախտել են պարետի որոշումը՝  այդ թվում նաև ՀՀ վարչապետին»:

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել էր, թե լուսանկարի վերաբերյալ իրենց մեղադրանքներ են ուղղում «մեկ Ադրբեջանից, մեկ էլ ինչ-որ շրջանակներից»:

Դիտարկմանը, թե ասվածում փաստորեն նաև մեղադրանք կա, թե՝ լուսանկարի մասին «մեկ Ադրբեջանում են ահազանգում, մեկ էլ՝ ինչ-որ շրջանակներում», մեր զրուցակիցն արձագանքեց.

«Քանի որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» գրասենյակը Ստեփանակերտում է, իսկ Ստեփանակերտը որևիցե կերպ չենք կարող համարել, որ Ադրբեջան է, ուրեմն՝ որոշ շրջանակներին է դասվում»:

Տեսանյութեր

Լրահոս