Բաժիններ՝

Մինչև 100 աշխատող ունեցողները կարող են օգտվել 18-րդ միջոցառումից․ՊԵԿ նախագահի տեղակալ

ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը մամլո ասուլիսի ժամանակ ներկայացրեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերը. 18-րդ միջոցառման ընթացքը, ավարտված 5-րդ և 10-րդ միջոցառումների ծրագերի ամփոփումը։

Այս երեք միջոցառումներն ամբողջությամբ իրականացրել է Պետական եկամուտների կոմիտեն։ Հաշվառվել են շահառուները, ծանուցվել, ընդունվել են դիմումներ, ապահովվել են դրամաշնորհներ։

«10-րդ միջոցառումը վերաբերում էր միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին։ Միջոցառման շահառու էին հանդիսանում այն սուբյեկտները, որոնք 2020թ․ ապրիլի 1-ի դրությամբ հանդիսանում էին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ Ներառվել են նաև Ա/Ձ չհանդիսացող ֆիզիկական անձինք, որոնք հանդիսացել են միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, բայց նախորդ տարի չեն եղել անհատ ձեռնարկատերեր։ Միջոցառումն արդեն ավարտված է, դիմումների ներկայացման վերջնաժամկետը սահմանված էր մինչև մայիսի 20-ը։ Միջոցառման շահառուների քանակը 6161 է։ Դիմումներ ներկայացրել և աջակցությունից օգտվել է 5390 սուբյեկտ։ Աջակցության գումարը կազմել է 294,4 մլն դրամ։ Մնացածը չեն օգտվել ծրագրից, քանի որ դիմում չեն ներկայացրել, այլ խնդիր չի եղել։ Բոլոր շահառուները ծանուցվել են, էլեկտրոնային հասցեներին ուղարկվել են  համապատասխան հաղորդագրություններ, միջոցառման ավարտից առաջ ԶԼՄ-ով տեղեկացվել է, նաև զանգերով են հայտնել»,- նշեց ՊԵԿ նախագահի տեղակալը՝ ընդգծելով, որ այս միջոցառումն ունեցել է մեկ սահմանափակում, այն է՝ սուբյեկտները, որոնք որպես տուժած ոլորտների սուբյեկտներ՝ ներգրավված են եղել  8-րդ միջոցառման մեջ, այս ցանկում չեն ներգրավվել։

Ցանկում չեն ներառվել նաև այն սուբյեկտները, որոնց շրջանառությունն առաջին եռամսյակում չպետք է գերազանցեր 6 միլիոն դրամը և առաջին եռամսյակում պետք է չունենային 2 և ավելի աշխատակից։

5-րդ միջոցառումն էլ ուղղված է եղել առանձին տնտեսվարողների՝ առաջացած դժվարությունների հետևանքով աշխատատեղերի պահպանմանը։ Սրա տրամաբանական շարունակությունը 18-րդ միջոցառումն է։

«Բանկերը, վարկային կազմակերպությունները, խաղային ոլորտը չէին կարող օգտվել այս ծրագրից։ Վերցվել է միայն բիզնես ոլորտը, և ամեն 5-րդ աշխատողի աշխատավարձը՝ որպես աջակցության գումար, տրվել է սուբյեկտին։ Ունեցել ենք 14964 շահառու, դիմումներ ներկայացրել է 13956 սուբյեկտ։ Դիմումների ներկայացման վերջնաժամկետը մայիսի 10-ն էր։ Ընդհանուր գումարը կազմել է  2․2 միլիարդ դրամ։ Այս սուբյեկտների աշխատողների թիվը 78530 է։ Սա ներառում է նաև քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին։ Ընթացքի մեջ է 18-րդ միջոցառումը, և դիմումների ներկայացման ժամկետը հունիսի 10-ն է»,- ասաց Արթուր Մանուկյանը՝ հորդորելով ճիշտ լրացնել բանկային հաշիվները։

Նշենք, որ 18-րդ միջոցառման նպատակն է՝ օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020թ. փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող) և վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը:

«18-րդ միջոցառման շահառու է հանդիսանում 12227 սուբյեկտ։ Եթե 5-րդ միջոցառումը սահմանում էր, որ պետք է ունենան մինչև 2-50 աշխատող, այստեղ ունենք պահանջ, որ մինչև 100 աշխատող կարող են ունենալ»,- ընդգծեց ՊԵԿ նախագահի տեղակալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս