Ընթացիկ տարվա 4 ամսվա ընթացքում շուրջ 12.000 մարդ ազատվել է աշխատանքից
«Այս տարվա չորս ամիսներին ՀԴՄ-ներով արտացոլված շրջանառությունը եթե համեմատենք նախորդ տարվա հետ, նախնական տվյալներով՝ շուրջ 20 տոկոսի չափով անկում կա,- ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ շարունակելով,- Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ գործունեության որոշ տեսակներ սահմանափակված են եղել և չեն գործել։ Օբյեկտիվ, իրավիճակով պայմանավորված խնդիր է։ Չնայած, եթե վերցնում ենք հունվար, փետրվար ամիսների համեմատականը նախորդ ժամանակաշրջանի հետ՝ աճում էր, բայց ամիսների կտրվածքով եթե վերցնենք, վերջին երկու ամիսն իր բացասական ազդեցությունը թողեց շրջանառությունների վրա։ Հույս ունենք, որ այս վիճակը շատ շուտ կավարտվի, ու կգանք այն իրավիճակին, երբ շրջանառությունը կվերականգնվի, քանի որ դրանով է պայմանավորված նաև հարկային եկամուտների ապահովման հարցը, դրանով են գոյանում հարկային եկամուտները»։
ՊԵԿ նախագահի տեղակալի փոխանցմամբ՝ լավ է աշխատողների գրանցման հետ կապված պատկերը, սակայն խնդիր կա աշխատավարձի գրանցման հետ կապված։
«4 ամսվա տվյալներով՝ շուրջ 12.000 աշխատակից ազատվել է աշխատանքից, այսինքն՝ աշխատատեղերի քանակն այդքանով պակասել է։ Բայց մի քիչ ավելի մեծ տոկոս է կազմում այն աշխատատեղերի քանակը, որոնք պահպանվել են, բայց վարձատրությունը չի հաշվարկվել։ Այսինքն՝ աշխատատեղերը պահպանվել են, բայց վճարումներ չեն արվել: Կարծում ենք, որ այստեղ իր դերն ունի նաև վերջերս Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունը, ըստ որի՝ համավարակի պայմաններում, արտակարգ իրավիճակով պայմանավորված, պետք է հաշվարկվի աշխատավարձն այն չափով, որքանով որ աշխատել է աշխատակիցը»,- նշեց Արթուր Մանուկյանը։