Արդյո՞ք Արթուր Դավթյանը Փաշինյանի ասած նվիրյալների ցանկում է. դատախազը հարցին չպատասխանեց
Այսօր խորհրդարանում 2019 թվականի Դատախազության գործունեության տարեկան հաղորդումը ներկայացնելուց հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը Արթուր Դավթյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նա վարչապետի նշած նվիրյալների ցանկում է, թե՞ ոչ:
«2019 թվականի Կառավարության ծրագրերի կատարման տարեկան զեկույցում վարչապետն այստեղ խոսելով իրավապահ համակարգի մասին՝ նշեց, որ այդ համակարգն իրենք քարուքանդ չեն արել պայմանականորեն՝ անձ-նվիրյալների աշխատանքի շնորհիվ: Դուք իբրև հետհեղափոխական Հայաստանի իրավապահ համակարգի կարևորագույն օղակներից մեկի ղեկավար՝ այդ պայմանական նվիրյալների մեջ Ձեզ տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Արթուր Դավթյանն իրեն ուղղված ուղիղ հարցին ի պատասխան՝ ընդամենն ասաց, որ այդ հարցն իրեն չպետք է ուղղել, հետևաբար՝ հարցին չի պատասխանի:
Արձագանքելով՝ իշխանական պատգամավորն ասաց, որ հարցը տալիս է այն պատճառով, որ նախկին բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք մեղադրվում են կոռուպցիայի ու չարաշահումների մեջ, հասցնում են Հայաստանը լքել իրավապահ համակարգի կա՛մ միտումնավոր, կա՛մ անփույթ աշխատանքի հետևանքով:
Պատասխանելով՝ Գլխավոր դատախազն ասաց. «Իմ տեսակետը հետևյալն է՝ յուրաքանչյուր անձի աշխատանք գնահատվում է փաստացի իր պաշտոնեական պարտականությունների կատարման որակով և արդյունավետությամբ: Իմ պաշտոնեական պարտավորությունների կատարումն ավելի քան թափանցիկ է, տեսանելի է ցանկացածի, նաև Ձեր համար: Կարծում եմ՝ այդ աշխատանքին հետևելով՝ հարցի պատասխանը կունենաք»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում