«Որտե՞ղ են գումարները, Դուք եք գլխավոր դատախազը, բարի՛ եղեք, պարզաբանեք». Տիգրան Ուրիխանյանը՝ Գլխավոր դատախազին
Այսօր ԱԺ-ում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց 2019 թվականի Դատախազության գործունեության տարեկան հաղորդումը, որից հետո պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նրան հարց ուղղեց:
Բայց նախ՝ պատգամավորն Արթուր Դավթյանին հիշեցրեց, որ ամիսներ առաջ գրությամբ դիմել էր նրան, որտեղ նկարագրել է մոլորակի բնակչությանն արդեն հայտնի «Զինծառայողների սոցիալական ապահովության» հիմնադրամին չփոխանցված գումարների պատմության հետ կապված մի շարք հարցադրումներ:
«Գրության մեջ Ձեզ խնդրել էի խնդիրն ուսումնասիրել և տալ քրեաիրավական գնահատական, անհրաժեշտության դեպքում քրեական գործ հարուցել, և այլն: Սրա հետ կապված՝ Դատախազությունից պատասխան եմ ստացել, որտեղից բոլորիդ համար, ուշադրություն՝ մեկ մեջբերում եմ անում՝ իմ կողմից մեջբերված աղյուսակներն իրենցից ենթադրում են ոչ թե ամիս-մուտք, այլ ամիս-պարտավորություն ցուցակային տվյալներ: Հիմա Ձեզ ցույց եմ տալիս վարչապետի ասած այն ամենապետական թուղթը, այդ թվում՝ կայքում առկա, որտեղ գրված է հավաքագրված գումար-կազմակերպությունների թիվ: Մի 350 անգամ հարցրել եմ, թե այդ հիմնադրամի հաշվետվությունների հետ կապված ի՞նչ գաղտնիք պետք է լինի: Այդ հիմնադրամը գաղտնի գործողություններ իրականացնելու հնարավորություն ունի՞»,- ասաց Տիգրան Ուրիխանյան:
Նա նաև հավելեց, որ այս հարցերի բարձրաձայնման հետ կապված՝ օրերս Դատախազությունը խրոխտ հայտարարություն էր տարածել:
Պատասխանելով հարցին, Արթուր Դավթյանը նախ ասաց, որ Դատախազության բոլոր հայտարարություններն են խրոխտ, ավելին՝ պատգամավորի ուղղած հարցերի պատասխաններն ամբողջովին իրավաչափ են:
Նա նաև ասաց, որ պատգամավորը լինելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ՝ լիազորություններ ուներ ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն:
Արձագանքելով՝ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ պետք չէ ակնարկել, թե ինքը լիազորություններ ուներ կամ չուներ:
«Դուք եք գլխավոր դատախազը, ուրեմն՝ բարի եղեք, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում պարզաբանումներ արեք, Ձեր ձեռքին է իշխանությունը, ապարատը, լծակները, ամեն ինչ: Կրկնում եմ՝ այս հիմնադրամը գաղտնիություն չպետք է ունենա, ես Ձեզ հարցրել եմ, թե որտե՞ղ են հիմնադրամի գումարները: Ինչ վերաբերում է իմ լիազորություններին, փառք Աստծո, իմ ընտրողները լավ գիտեն իմ լիազորությունների պատճաշ իրականացումը, չբռնեիք ինձ հանեիք հոգաբարձուների խորհրդից, որպեսզի ես իմ լիազորություններն իրականացնեի: Խնդրում եմ՝ մի սրեք, խնդիրը պարզաբանելն է, որտե՞ղ են հիմնադրամի գումարները, Դատախազությունը ոչինչ չունի՞ անելու»,- ասաց Տ. Ուրիխանյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում