Բաժիններ՝

«Ամեն ինչ գալիս է հաստատելու, որ Նիկոլ Փաշինյանը խրվել է բազմաթիվ խնդիրների մեջ․ որ կողմ նայում ես՝ տապալումներ են»․ Կարինե Նալչաջյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին տեղեկատվությունը հասարակական լայն քննարկման թեմա է դարձել։ Սոցցանցերում հիմնական բարձրացվող հարցն այն է, թե վարչապետն իսկապե՞ս ճիշտ է ասում, թե՞ պարզապես հանրության ուշադրությունը շեղելու նպատակ կա այս ամենի հիմքում։ Օրինակ՝ ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

«Հավատում եմ, որ Նիկոլի մոտ բացասական է, հավատում եմ, նրա մոտ ամեն ինչ է բացասական, հավատում եմ, որովհետև, այլևս անթաքույց է աշխատում այս սերիալի սցենարիստը, անգամ երկխոսություններն են կրկնվում․․․»։

168.amհոգեբան Կարինե Նալչաջյանին խնդրեց հոգեբանական վերլուծության ենթարկել վարչապետի այսօրվա ուղիղ եթերը և ասել՝ արդյո՞ք նա անկեղծ է, թե՞ ստում է։

«Ստի հոգեբանությունն այնպիսի նրբերանգներ ունի, որ նույնիսկ պոլիգրաֆը, այսինքն՝ ստի դետեկտորը, 100 տոկոսանոց արդյունք երբեք չի տալիս։ Այնպես որ, այսպես նայելով՝ լուրջ չի լինի հստակ պատասխանել՝ մարդը սո՞ւտ է ասում, թե՞ ոչ։ Բոլոր դեպքերում, երկու տարբերակն էլ մեր մտքում պետք է ունենանք։ Նախ՝ եթե մարդիկ հիվանդացել են, ես առողջություն եմ ցանկանում, ինչպես նաև՝ մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր հիվանդ են։ Վիճակն իսկապես գնալով լրջանում է։ Այսօր ամբողջ հասարակությունն ալեկոծված է, և մեկը ես՝ որպես քաղաքացի, և համոզված եմ՝ շատ-շատերն ինձ նման, բացի այդ լուրից՝ սպասում էինք նաև անդրադարձ այն բոլոր հարցերին, որոնք վերջին ժամանակներում բարձրացվել են։ Վարչապետը կարող էր այդ անդրադարձը կատարել, բայց միայն խոսեց կորոնավիրուսից, միայն խոսեց հիվանդությունից, և նշեց, որ ինչքան հնարավոր է՝ կաշխատի։ Սուտ և ճիշտ լինելու հետ կապված ճշգրիտ պատասխան տալ չեմ կարող, բայց չեմ բացառում երկուսն էլ։ Բազմաթիվ լուրջ հարցեր են բարձրացված, և ինքը չանդրադարձավ, դա մտորելու տեղիք է տալիս»,- ի պատասխան՝ ասաց հոգեբանը։

Նա նկատեց, որ վերջին շրջանում Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը բավականին լուրջ մեղադրանքներ է հնչեցրել, երկրի առջև ծառացել են մի արտաքին և ներքին մի շարք մարտահրավերներ, որոնց  Նիկոլ Փաշինյանը չի անդրադառնում։

«Համենայնդեպս, այսօր Միքայել Մինասյանի կողմից բարձրացված հարցերի պատասխաններին սպասում էին բոլորը՝ իր համակիրներն էլ, իրեն քննադատողներն էլ։ Բայց ինքը շրջանցեց, ընդհանրապես չանդրադարձավ, կարծես այդ ամենը չկա։ Եվ այս կոնտեքստը մի քիչ հարցականի տեղիք է տալիս․ մարդն իր ոճի մեջ է, բայց եկեք՝ չբացառենք հիվանդանալու վարկածը։ Ինքը բոլոր դեպքերում երկրի վարչապետն է, հասկանո՞ւմ եք, իր առողջության հարցը շատ կարևոր է երկրի համար, բայց վարչապետի ուսերին կան նաև այլ խնդիրներ, որոնք նա շրջանցեց, և դա փաստ է»։

Ինչ վերաբերում է վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերներին, ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների հարցերին նրա տված պատասխաններին, հոգեբանն ասաց․

«Ամեն ինչ գալիս է հաստատելու, որ Նիկոլ Փաշինյանը խրվել է բազմաթիվ խնդիրների մեջ․ թեև չեն ուզում ներկայացնել, բայց որ կողմ նայում ես՝ տապալումներ են, այսօր Հայաստանը դեֆեկտիվ կառավարման հրաշալի օրինակ է։ Ինչքա՞ն կարելի է չտեսնելու տալ, ճշմարտությանն ուղիղ չնայել։ Իր վարքագիծը, պահվածքը՝ լայվերը, լուրջ հարցերին Աստված գիտի՝ ինչ մոտեցումները, ԱԺ-ում «Պապն ու շաղգամը» հիշելը ցույց են տալիս, որ մարդը ներքուստ անհանգիստ է, իր ներքին առանցքը, որը մարդուն օգնում է վարքագիծը վերահսկողության տակ պահել, էմոցիաները զսպել, ճոճվում է, ինքը ներքին ուժեղ լարվածություններ ունի և նույնիսկ իր սովորական ոճից ավելի էմոցիոնալ է դարձել։ Սա խոսում է այն մասին, որ մարդը ունի ներքին լարվածություններ, բախվել է ներքին խնդիրների հետ, որոնք իրեն տանջում են, և նա իր մտածելակերպին, ինտելեկտին բնորոշ վարքագիծ է դրսևորում։ Բայց նորից եմ կրկնում՝ եկեք չբացառենք վարակված լինելը, որովհետև դա տեսականորեն էլ հնարավոր է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս