«Համոզված եմ, որ կառավարությունում ինձնից մարդ չի վարակվել կամ հնարավորինս քիչ մարդ է վարակվել»․ Նիկոլ Փաշինյան
«Երեկ պարզվեց, որ կորոնավիրուսի իմ թեստը դրական է, ընդ որում՝ որևէ ախտանշան չեմ ունեցել, պարազապես, քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ կային, որոշեցի թեստավորվել և թեստը դրական դուրս եկավ։ Ընդ որում՝ դրանից հետո թեստավորվեցինք ամբողջ ընտանիքով և ամբողջ ընտանիքով, փաստորեն, դրական արդյունք ունենք, այսինքն՝ վարակված ենք կորոնավիրուսով»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ ընտանիքով որևէ ախտանշան չունեն։
«Վերջին մեկ ամսվա ընթացքում ամեն օր աշխատանքի ներկայանալուց առաջ, ինչպես կարգն է՝ ջերմաչափվել եմ և ջերմություն չեմ ունեցել։ Ինչ վերաբերում է իմ վարակվելու հանգամանքին, ակնհայտ է, որ ընտանիքիս անդամները վարակվել են ինձնից և ես կռահում եմ, թե որտեղ և ինչպես եմ վարակվել։ Վարակվել եմ աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում։ Ուղղակի մի դեպք եմ արձանագրել, ոը շատ տպավորվել է իմ մեջ և համոզմունք կա, որ այդ դեպքի հետ է կապված։
Խորհրդակցությունների ժամանակ, գիտեք, որ ջրի բաժակներ են դնում, ես մի օր ֆիքսեցի այդ բաժակն առանց ձեռնոցի տեղադրելու փաստը։ Իհարկե, տեղում նկատողություն արեցի և առաջարկեցի որ փոխեն, բայց ենթադրում եմ, որ դրանից առաջ էլ նույն կերպ է եղել։ Եվ այդ աշխատողը՝ մատուցողը, ով մատուցում էր այդ բաժակը, նրա մոտ նույնպես հաստատվել է դրական։ Սա է ամբողջ պատմությունը»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ աշխատելու է վարչապետի կեցավայրից․ «Այստեղ ունեմ բոլոր պայմանները, կապի միջոցները՝ կառավարական կապ, մնացած բոլոր անհրաժեշտ պայմանները և ինչքան որ հնարավոր կլինի՝ կաշխատեմ, նույնիսկ հնարավոր է՝ սպասվածից ավելի շատ, բայց, իհարկե, մեկուսացվածության պայմաններում։ Կոչ եմ անում բոլորիդ անպայման պահել հակահամաճարագային կանոնները։ Այնպես ստացվեց, որ որ հակահամաճարագային կանոնները մեզ կոնկրետ դեպքում չօգնեցին, բայց համոզված եմ, որ այդ կանոնների պահպանման արդյունքում առնվազն կառավարությունում ինձնից մարդ չի վարակվել կամ հնարավորինս քիչ մարդ է վարակվել։ Ամեն դեպքում, շատ ցավում եմ, որ այսպես եղավ։ Մեր ռազմավարությունը և մարտավարությունը մնում է նույնը, մենք պետք է սովորենք կորոնավիրուսի զուգահեռ ապրել։ Ասեմ, որ բոլորիս մոտ նույն վիճակն է՝ ջերմություն չունենք, ախտանշաններ չունենք, բայց նաև պետք է հետևենք, կարող է՝ ինչ-որ մի պահի այդ ախտանշաններն ի հայտ գան։ Մեր ամենամեծ մտահոգությունն այսօր այն է, որ մեր տատիկ-պապիկներին վարակած չլինենք։ Ճիշտն ասած՝ դրա համար ենք մի քիչ լարված՝ միջնորդավորված կամ անմիջական վարակի աղբյուր դարձած չլինենք»։
Վարչապետը կոչ արեց դիմակ կրել, ձեռքերը պաբերաբար ախտահանել․ «Կորոնավիրուսով վարակված՝ առանց դիմակի եմ եթեր մտել, հուսով եմ՝ ներողամիտ կգտնվեք, մանավանդ, որ բաց տարածքից եմ եթեր մտել, մեկուսացած պայմաններում եմ»։