Ավագանու իմքայլական անդամն առաջարկում է նորից վճարովի դարձնել մանկապարտեզները
Երևանի ավագանին շարունակում է քննարկել ԵԿՄ-ին անհատույց տարածքներ տրամադրելու հարցը: Ավագանու մի շարք անդամներ պնդում են, որ այդ տարածքներն այն մարդկանց համար են, որոնք հայրենիք են ազատագրել, ոմանք էլ հակառակ կարծիքին են, որ այդ տարածքներում գործել կամ այժմ էլ գործում են մանկապարտեզներ, և այդ մի քանի քառակուսի մետրն անգամ կարող է պետք լինել երեխաներին, որոնք էլ մեր ապագա զինվորներն են: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը չհամաձայնեց փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի այն պնդմանը, որ, եթե այդ տարածքները ԵԿՄ-ին չտրամադրեն, ապա կանգնելու են խնդրի առաջ, թե ինչի՞ համար դրանք օգտագործեն:
«Մենք նրա համար ենք, որ որոշենք ու կատարենք քայլեր՝ ի նպաստ Երևան քաղաքի: Ինձ համար անարդար է, որ հազարավոր երեխաներ, մանկապարտեզի հերթին սպասելով, այդպես էլ մանկապարտեզ չեն գնում: Ես առաջարկում եմ, որ ժամանակին դիվիդենտներ շահելու համար Կարեն Կարապետյանի ընդունած որոշումը՝ անվճար մանկապարտեզների, վերանայենք, ամբողջ Հայաստանում վճարովի են մանկապարտեզները: Այդ վճարների հաշվին, նաև քաղաքային բյուջեի հաշվին վերանորոգենք այդ տարածքները, վերացնենք հերթերը մանկապարտեզներում»,- ասաց Զաքարյանը:
Քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ դա ավագանու իրավասությունների տիրույթում է, և Լևոն Զաքարյանը կարող է մանկապարտեզները նորից վճարովի դարձնելու մասին նախագիծ ներկայացնել: