Բաժիններ՝

«Եթե այդքան բարձրահարկեր եք ավելացնում, բնակչություն եք ավելացնում կենտրոնում, վաղը դուք էլ եք մնալու խցանման մեջ». Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանին 41 կողմ, 6 ձեռնպահ, 0 դեմ ձայներով որոշեց փոխել Հ. Շիրազի փողոցում քաղաքացուն պատկանող հողի նշանակությունը՝ «արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակություն» կատեգորիայից փոխադրելով «բնակավայրերի» հողերի կատեգորիայի: Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը շտապեց հիշեցնել, որ, երբ ավագանին հողի նշանակության փոփոխությանը համաձայնություն է տալիս, դա դեռ չի նշանակում, որ համաձայնություն է տալիս նրան, թե ինչ է այնտեղ կառուցվելու:

«Ես, օրինակ, կողմ եմ քվեարկել Կոմիտաս 59 հասցեի տարածքում հողի նշանակությունը փոխելու համար, որովհետև հասկացել եմ, որ այդտեղ գործարան չի կարող լինել, տարածքում էլ շենքեր կան, այն կխանգարեր բնակիչներին, բայց ես պատկերացում չունեի, որ այդտեղ 3 բարձրահարկ շենք են նախատեսում կառուցել: Կարծում եմ՝ սա էլ վերջնական չէ, որովհետև դեռ ոչ բոլոր փուլերով է անցել: Այստեղ խնդիր է առաջանում, քաղաքացիների բողոքներն ուղղում են ավագանուն, բայց արդյո՞ք ավագանին կարող է որոշել, թե ի՞նչ գույնի պետք է լինի շենքը, կամ այդ շենքը պե՞տք է կառուցվի, թե՞ ոչ, չի կարող որոշել: Միայն կարող է չփոխել հողի նշանակությունը, բայց այդ դեպքում կարող ենք ստանալ ամայի տարածքներ: Գործադիրն էլ շատ հաճախ չի կարող մերժել, որովհետև գոյություն ունեն չափանիշեր, և եթե շինարարությունը չափանիշերին համապատասխանում է, գործադիրի մերժումը կարող է կամայականություն և սուբյեկտիվություն դիտվել»,- ասաց Աբգարյանը:

Ավագանու անդամը հիշեց, որ հաճախ բողոքներ են ստանում, որ մարդիկ ծառեր են կտրում՝ շինարարություն անելու համար, բայց այս դեպքում էլ ավագանին ոչինչ անել չի կարող, քանի որ տարածքները սեփականաշնորհված են, և տարածքի տերը կարող է անել այն, ինչ ուզում է: Աբգարյանը հասկանում է, որ քաղաքի կենտրոնական վայրերում շատ բնակելի շենքեր կառուցելը հետագայում մեծ խնդիրների առաջ է կանգնեցնելու.

«Եթե դուք Արաբկիրում այդքան բարձրահարկեր եք ավելացնում, վաղը դուք ու ձեր հարազատներն  էլ եք մնալու խցանման մեջ, եթե այդքան բնակչություն եք ավելացնում, խցանում է լինելու, դուք էլ տրանսպորտ չեք ունենալու: Կամ եթե երեք բարձրահարկ շենք եք կառուցում, բարի եղեք, կողքը մանկապարտեզ կառուցեք:

Հետագայում մանկապարտեզ չլինելու մասին բողոքներն էլ են ուղղվում մեզ, բայց մի քանի մետր ազատ տարածք չկա, որ մենք մանկապարտեզ կառուցենք»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս