«Այս քրեական գործով ուղիղ հանձնարարություններ են տրված». Երեմ Սարգսյան
«Ես չեմ խուսափի այս բառն օգտագործելուց, այս պահին Գագիկ Խաչատրյանի նկատմամբ խոշտանգում է տեղի ունենում, որովհետև եթե նախկինում խոսում էինք վատ վերաբերմունքի մասին, այսօր սա վերածվեց խոշտանգման»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի ընթացքում ասաց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը՝ ընդգծելով, որ իր պաշտպանյալն ունի վիրահատության կարիք, և, եթե այն, ինչպես նշում են մասնագետները, չիրականացվի, ապա հնարավոր է՝ հաշմանդամության խնդիր ի հայտ գա:
Փաստաբանի խոսքով՝ նախկինում գալիս, դատարաններին համոզում էին, որ Գագիկ Խաչատրյանը վիրահատության կարիք չունի, որովհետև այդպես են ասել փորձագետները, այնինչ Հայաստանում, Ֆրանսիայում և Գերմանիայում բժիշկներն ասել են, որ կա այդ վիրահատության կարիքը, դատավորներն էլ փորձագետների ասածն ընդունում էին՝ որպես հիմք, ու ասում էին, որ չունի վիրահատության կարիք:
«Դրանից հետո՝ արդեն այս Վերաքննիչ դատարանի նիստի ժամանակ, մենք ներկայացրեցինք առողջապահության նախարարի հրամանով՝ Հայաստանի առաջատար, լավագույն մասնագետ-բժիշկների ներգրավմամբ կատարված կոնսիլիումի արդյունքները: Ընդ որում, մենք դրա հետ որևէ առնչություն չենք ունեցել, չենք էլ իմացել, որ նման գործողություն է իրականացվելու»,- ասաց Երեմ Սարգսյանը:
Հարցին, թե ո՞ւմ նախաձեռնությամբ է հրավիրվել նշված կոնսիլիումը, փաստաբանը պատասխանեց, որ իր պատկերացմամբ՝ այն նախաձեռնել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի հիման վրա առողջապահության նախարարը կոնսիլիում հրավիրելու հրաման է արձակել:
«Որովհետև նպատակ կար Գագիկ Խաչատրյանին օր առաջ «Աստղիկ» բ/կ-ից հետ ՔԿՀ տեղափոխելու, դրա ուղղությամբ կոնկրետ գործողություններ էին արվում՝ որոշ դեպքերում սահմանազանցելով որոշ հանգամանքներ: Ու այս կոնսիլիումն արվեց, որն էլ հիմք են ընդունել ու հետ են տարել Գագիկ Խաչատրյանին»,- նշեց Երեմ Սարգսյանը:
Վերջինիս պնդմամբ՝ այդ կոնսիլիումի տված եզրակացության մեջ, սակայն, այնուամենայնիվ, նշված է, որ Գագիկ Խաչատրյանն ունի վիրահատության կարիք, ու նրա մոտ անընդհատ բացասական դինամիկա է նկատվում:
Երեմ Սարգսյանը նշեց նաև, որ այս քրեական գործով ուղիղ հանձնարարություններ են տրված պաշտոնատար անձանց:
Մանրամասները՝ տեսանյութում