«Ոչ յուրային քաղաքապետերի նկատմամբ քաղաքական հետապնդումներ են իրականացվում». Ավետիք Իշխանյան

«Ըստ ինձ հասած տեղեկությունների` Սյունիքի մարզի երեք համայնքապետերի` Գորիսի, Կապանի ու Քաջարանի ղեկավարների նկատմամբ ինչ-որ հետապնդումներ են սկսվել: Թե ի՞նչ հիմքերով, այդպես էլ բացատրություն չտրվեց: Այստեղ հարց է առաջանում, թե ինչպե՞ս է լինում, որ միաժամանակ երեք համայնքապետերն էլ հայտնվում են իրավապահների ուշադրության կենտրոնում: Սա արդեն բավականին կասկածելի է»,-168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Կապանում ու Քաջարանում այսօր տեղի ունեցած իրադարձություններին, ասաց իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Վերջինիս համար անհասկանալի է, որ չի հաղորդվում, թե ինչ գործի շրջանակներում են տեղի ունենում այդ գործողությունները, և եթե կոռուպցիոն հարց կար, ապա պետք է պատշաճ կերպով տեղեկություն տրվեր այդ մասին:

«Բայց մենք գիտենք միայն, որ խուզարկություններ են տեղի ունեցել ինչ-որ անձանց բնակարաններում, ովքեր հավանաբար մտերիմ են եղել մասնավորապես Քաջարանի քաղաքապետի հետ: Եվ նրանք կարծես թե առանց հիմքերի են բերման ենթարկվել, էլ չենք խոսում այն մասին, որ, ըստ լուսանկարների, ոստիկանական բաժանմունքում նրանց նկատմամբ բռնություն է կատարվել»,- ասաց իրավապաշտպանը:

Նրա խոսքով` այս ամենն առաջին հայացքից պատասխան չունի, և կարելի է միայն ենթադրություններ անել:

«Եթե չեմ սխալվում, երեք քաղաքապետերն էլ իշխող կուսակցության անդամներ չեն, և եթե հաշվի առնենք այս երկու տարվա ընթացքում իշխանությունների, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի գործողությունները, ապա նա չի կարողանում հանդուրժել ոչ յուրային որևէ գործչի: Ես այս ամենը կարող եմ դիտարկել այս համատեքստում»,-ասաց Ավետիք Իշխանյանը` հավելելով, որ իր դիտարկմամբ` ոչ յուրային քաղաքապետերի նկատմամբ քաղաքական հետապնդումներ են իրականացվում:

Ըստ իրավապաշտպանի` գործ ունենք ոչ օրինական գործողությունների փաստերի հետ, և այդ փաստերն այն բռնություններն են, որոնք կատարվել են բերման ենթարկվածների նկատմամբ:

Ավետիք Իշխանյանը կարծում է, որ վարչապետ Փաշինյանի համար այնքան կարևոր չէ պաշտոնյաների ՔՊ-ական լինելը, որքան հնազանդության երդում տալը, իսկ այս երեքն, ըստ երևույթին, հնազանդ չեն եղել:

Հարցին, թե ինչ զարգացումներ է ակնկալում, Ավետիք Իշխանյանն ասաց, որ դա կախված է այն բանից, թե արդյոք Նիկոլ Փաշինյանին կհաջողվի՞ հնազանդեցնել ողջ ժողովրդին:

«Իմ կարծիքով՝ չի ստացվի, բայց թե որքան կտևեն հնազանդեցնելու այդ փորձերը, չեմ կարող ասել: Մի բան ակնհայտ է, որ այս գործողություններն իրենց իշխանությունը երկարեցնելու միակ ճանապարհն են դարձել իշխող ուժի համար»,-եզրափակեց Ավետիք Իշխանյանը:

Տեսանյութեր

Լրահոս