Բաժիններ՝

«Գյուղացին գիտելիք չունի՞, ո՞վ ասաց․ եթե ոռոգման ջուրը չեն տվել, գիտելիքն ի՞նչ կապ ունի»․ Աշոտ Հարությունյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

«Ի՞նչ է նշանակում՝ գյուղացին մշակել չգիտի, երբ ծիրանի առաջին ջուրն Արարատյան դաշտում պետք է տան բողբոջները բացվելու ժամանակահատվածում, տվել են ծաղիկները թափվելուց մի 5 օր էլ հետո, գյուղացին գիտելիք չունի՞, ո՞վ ասաց։ Ի՞նչ կապ ունի գիտելիքը, երբ գիտությունն ասում է, որ ոռոգման ջուրը պետք է տաք այդ ժամանակահատվածում, եթե ոռոգման ջուրը չեն տվել, գիտելիքն ի՞նչ կապ ունի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե գյուղատնտեսության ոլորտում այսօր կա մեկ խնդիր՝ գիտելիքի պակասը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում շրջայցից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ պետք է մտածողություն փոխվի գյուղատնտեսության մեջ, հողի մշակման կուլտուրան մեր երկրում պետք է փոխվի։ «Մենք գյուղատնտեսության մեջ ունենք մի պրոբլեմ՝ գիտելիք։ Այսօրվա իմ շրջայցն էլ ավելի ամրապնդեց իմ հետևությունը։ Ուրախալի է, որ մեր շատ գյուղացիներ արդեն ընդունում են սա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Աշոտ Հարությունյանը նկատեց՝ այսօր հողն անհրաժեշտություն ունի տարբեր տեսակի պարարտանյութերի, ոչ միայն՝ ազոտական, այլև՝ ֆոսֆորական, կալիումական․ «Բայց քանի որ ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի գինը բարձր է, հիմնականում պարարտացվել է ազոտական պարարտանյութով, ինչը չի թույլատրվում և բերում է բույսերի ոչ ճիշտ զարգացման, այդ թվում՝ հիվանդությունների նկատմամբ դիմացկունության անկման»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ժամանակակից աշխարհում բերքը կախված չէ եղանակից, այլ գործոններից, այլ կախված է պլանավորումից, Աշոտ Հարությունյանը հետևյալն ասաց․ «Բերքն ընդամենը կանխատեսում են։ Քիչ տարիներ չեն եղել, որ ծիրանը քաղելու պահին կարկուտ է եկել, ուժեղ քամի է եղել, կոմբայնը ցորենի արտում՝ կարկուտ է եկել։ Մի բան, որը 99 տոկոս կախված է բնությունից, մենք ընդամենը կանխատեսում ենք, բայց մինչև միջին բերքը բերք է դառնում, հազարավոր խնդիրներ են առաջանում՝ բնության հետ կապված։ Տարեսկզբին տարին ծիրանի համար բարենպաստ էր թվում, բայց տեղատարափ անձրևներն այսօր բերեց ծակոտկեն-բծավորության և պտղավիժման խնդրին։ Գիտելիքն ի՞նչ կապ ունի։ Ո՞վ չգիտի, որ ծառը պետք է սրսկի, որ վնասատուն չվնասի, հիվանդությունը չվնասի, գիտեն, բայց անձրև է գալիս, գյուղացին ո՞նց բուժի։ Կամ աշնանացան ցորենն աշունը ցանվել է, աշունը սակավանձրև է եղել, ձմռանը քիչ ձյուն է եղել, լավ չի ծլել, վատ է թփակալել, նոսր է եղել, հետո էլ անձրև՝ ժանգ, գյուղացին գիտի, որ պետք է սրսկի, բայց անձրևը չի թողել։ Կամ ի՞նչ է նշանակում դաշտավարության մեջ՝ ինտենսիվ, հասկացանք՝ պտղաբուծությունն այսօր բերել են ինտենսիվի, որը թանկ հաճույք է՝ կարկտապաշտպան ցանցով, կաթիլային ոռոգման համակարգով, բայց բաց դաշտում նույն կարտոֆիլը կամ աշնանացան ցորենը, գարին, հատկապես այն տարածաշրջաններում, որտեղ ոռոգման ջուր չկա, ի՞նչ պետք է արվի»։

Նախկին գյուղփոխնախարարը նկատեց՝ հայ գյուղացին այնքան լավ է կարտոֆիլ, կաղամբ մշակում, որ օտար երկրներից գալիս՝ զարմանում են․ «Երբ արտասահմանցին գալիս-տեսնում է, որ Բաղրամյանի տարածաշրջանում, Արարատի տարածաշրջանում մարդիկ ինչ ծառեր են մշակում, զարմացած գնում է։ Գյուղացին ծառ մշակել էլ գիտի, բուժումներն էլ գիտի։ Մարդիկ այնքան են հողը վարել, ցանել, այգիները մշակել, որ արդեն հմտացել են։ Այսօր անունը դրել են՝ ոռոգման համակարգ, բայց մենք չունենք ոռոգման համակարգ. դա ավերակ է, գյուղացուն ջուրը հասնում է մեծաթիվ կորուստներով։ Գյուղացուն ջուր տալիս են այն ժամանակ, երբ ոռոգման համակարգը կարողանում է տալ, բայց ոչ՝ երբ բույսին անհրաժեշտ է։

Գյուղացին չգիտի՞, որ լավ սորտի լոլիկը լավ բերք է տալիս․ շատ լավ գիտի, կարող է անունը մի տառասխալով իմանալ, բայց հաստատ բոլորիցս լավ գիտի, ինքը մշակելու ընթացքում ուժեղ փորձ է ձեռք բերել։ Այսօր մեր ամենամեծ խնդիրն այն է, որ ով հասկանա-չհասկանա՝ գյուղատնտեսությունից խոսում է։ Ի՞նչ է նշանակում՝ գյուղացին չի կարողանում մշակել․ գյուղացին չի կարողանում մշակել, որովհետև պարտքերի տակ թաղված է, ջուրը ժամանակին չեն տալիս, մատչելի գներով պարարտանյութ չկա, թունաքիմիկատները որակական խնդիրներ ունեն։ Սա պետության գործառույթն է, գյուղացին ի՞նչ անի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս