«Շտապ Արսեն Թորոսյանը պետք է հրաժարական տա. նա ամենավնասատու մարդն է այս կառավարության». Քոչարյան

Երբ ուշադրությամբ հետևում եմ կորոնավիրուսի դեմ պայքարին միտված Կառավարության գործողություններին, ինձ մոտ տպավորություն է, որ ամեն ինչն արվում է պահի դրությամբ պայմանավորված՝ ընդամենը տեսարաններ ապահովելու համար։ Այսօր 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ նշելով, որ համավարակի դեմ պայքարում միակ ճիշտ որոշումն արտակարգ դրության սահմանումն էր, սակայն այստեղ էլ խնդիրներ ունենք, որովհետև միջոցառումները կատարում են ուղղակի նկարելու և հեռուստացույցով ցույց տալու համար, մի հատ էլ՝ հետն արդարանում, թե ամբողջ աշխարհում է վիճակն էսպիսին։

«Տղանե՛ր և աղջիկնե՛ր, ամբողջ աշխարհում էդպես չէ. փաստը մեր հարևան Վրաստանն է… Նիկոլ Փաշինյանը, որը սիրում էր ժողովրդական խոսքեր օգտագործել, եթե լիներ այս պարագայում ընդդիմադիր պատգամավոր, կասեր՝ իշխանությունը գործում է «Էշ մի սատկի, գարուն կգա» սկզբունքով»,- ասաց Քոչարյանը։

Քաղտեխնոլոգն իշխանության հայտարարությունների և գործողությունների միջև հակասությունները փաստող թարմ օրինակ բերեց՝ Կառավարության երեկվա դիմակներով անցկացրած նիստը և Արցախ մեկնած ՀՀ պաշտոնյաների մասնակցությամբ համացանցում հրապարակված լուսանկարը, որտեղ որևէ մեկը դիմակով չէր։

Դիտարկմանը, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն արդեն անդրադարձել է համացանցում շատ քննարկված այդ լուսանկարի պատմությանը և նշել, որ Հայաստանում և Արցախում գործում են իրավական տարբեր ռեժիմներ ու պարետի տարբեր որոշումներ, Քոչարյանը պատասխանեց.

«Ինչո՞ւ, էստեղ կորանավիրուս է, էնտեղ թագավարա՞կ. ի՞նչ տարբերություն։ Ալեն Սիմոնյանին պետք է ասեմ, որ կորոնավիրուսը, Նիկոլ Փաշինյանի բառապաշարով ասած, թքած ունի իրավական ռեժիմի վրա»։

Ըստ Քոչարյանի՝ իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է եկել, և, եթե մինչև կորոնավիրուսի տարածումն արդեն իսկ դրա ծիլերը կային, ապա կորոնավիրուսն այդ տեմպն արագացրեց:

«Հեղափոխությունից հետո, փոխարենը գնային համակարգային աշխատանքի, իրենք մոռացան, արդեն կոմֆորտի զոնայում են գտնվում, ցպահանջ ապրում են»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ, թեև, ըստ Փաշինյանի լոզունգների, ինքը պերմանենտ հեղափոխական է, որը վատ է, սակայն փաստացի դա այդպես չէ։

Քաղտեխնոլոգի փոխանցմամբ՝ իշխանությունն իր սխալ քայլերի արդյունքում եկել հասել է այնտեղ, որ բացի իրենից՝ կասկածում են ամեն մեկին, անգամ՝ իր հետ քայլածներին, և դավաճաններ կանվանի նաև այն մարդկանց, որոնք որոշեն, օրինակ, դուրս գալ ԱԺ «Իմ քայլը» դաշինքից։

«Ես սպասելու եմ այն պահին, երբ դավաճաններն իր շրջապատում ավելի շատ լինեն, քան ոչ դավաճանները։ Ի դեպ՝ նա նախանշեց նաև դրա հավանականությունն ու ժամկետները, երբ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ ինքը միայնակ խաղացող է եղել, իսկ դա նշանակում է, որ ինքը ենթադրում է՝ կարող է միայնակ մնալ ու գնալ մինչև վերջ։ Ավելի վաղ էլ գրել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ չի բացառվում, որ Ազգային անվտանգության ծառայությանն էլ հրահանգի սատանաներ փնտրել հենց »Իմ քայլում»»,- ասաց Կարեն Քոչարյանը՝ չբացառելով արտակարգ ներքաղաքական զարգացումներն ու արտահերթ ընտրությունները։

«Սա քաղաքականություն է, և ամեն ինչ էլ հնարավոր է։ Իսկ ինչ վերաբերում է այդ զարգացումներին արտախորհրդարանական ուժերի մասնակցությանը, ապա ես ավելի շատ հակված եմ հավատալ նորաստեղծ արտախորհրդարանական ուժերին, որովհետև դեռ քիչ ժամանակ է անցել, որ նախկին քաղաքական լուրջ դերակատարներն այսօր կամ մոտակա մեկ-երկու տարում ունենան լուրջ էլեկտորալ ռեսուրս. Իհարկե, այլ ռեսուրսներ ունեն։ Ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ ՀՅԴ-ն դա չունեն։ Իր էլեկտորալ ռեսուրսը, թերևս, միայն պահել է ԲՀԿ-ն, ավելին, կարծում եմ՝ այն նաև ավելացրել է։ ԼՀԿ-ն էլ, թեև Էդմոն Մարուքյանը պնդում է, թե իրենք են լինելու հաջորդ իշխանությունը, բայց ես դրան չեմ հավատում՝ չբացառելով, որ գուցե որոշակի մասնակցություն ունենան»,- ասաց Քոչարյանը։

PR մասնագետը խոսեց նաև հեղափոխական իշխանության PR-ի մասին և նշեց, որ այդ հարցում մինչև 2018 թվականի մայիսի 8-ը և այդ օրվանից հետո իր տեսակետները տրամագծորեն տարբեր են։

«Այն խումբը, որը թելադրում էր այն ժամանակվա ընդդիմությանը՝ այդ հատվածին իրենց ողջ գործողությունների PR-ը, հեռացավ մայիսի 8-ից հետո։ Մինչև մայիսի 8-ը բոլոր քայլերը կատարվել են բացարձակ գրագետ՝ քայլելը, մեքենաների ազդանշաններ հնչեցնելը, կաթսաներին հարվածելը և այլն. բոլորը PR առումով գրագետ և մշակված էին։ Մայիսի 8-ից հետո ինչ քայլ անում է այս իշխանությունը, սխալ է, սխալը կրկնում է սխալի հետևից և PR-ի համար ինչ անում է՝ ի վնաս է իրեն»,- ասաց Քոչարյանը։

Ինչ վերաբերում է մեկ այլ պաշտոնյայի՝ Առողջապահության նախարարին, ապա Կարեն Քոչարյանը նախ նշեց, որ շատ բան չի ցանկանում Թորոսյանի վերաբերյալ ասել, թերևս, կսահմանափակվի հետևյալով.

«Ես կարծում եմ, որ նախարար Թորոսյանն ամենավնասատու մարդն է եղել Նիկոլ Փաշինյանի կառավարությունում, շտապ պետք է պահանջել նրա հրաժարականը, որքան արագ, այնքան լավ՝ թե’ հասարակության, թե’ Նիկոլ Փաշինյանի համար։ Կորոնավիրուսով պայմանավորված ստեղծված իրավիճակում ամեն ինչի պատասխանատուն Արսեն Թորոսյանն է։ Բոլոր մասնագետները միաբերան ասում են, որ Թորոսյանն ամեն ինչ սխալ է անում, նա ոչ ոքի չի բուժել, ոչինչ չի հասկանում բժշկությունից։ Ինձ թվում է՝ Արսեն Թորոսյանը ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, այլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, և իրեն ավելի շատ նրանց շահերն են հետաքրքրում»,- ասաց Քոչարյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս