«Երբ լռում է ԱԺ նախագահը, այո՛, ՄԻՊ-ն ինքն է ստիպված բացատրել ԱԺ պատգամավորին, որ առաջին հերթին՝ պաշտպանը պաշտպանված է ցանկացած ոտնձգությունից». Երվանդ Վարոսյան

168.am«Ռեվյու» հաղորդաշարի հյուրը փաստաբան Երվանդ Վարոսյանն էր:

– Որքանո՞վ էր նպատակահարմար կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ արտակարգ դրության՝ ևս մեկ ամսով երկարաձգումը, եթե, ըստ էության, մեծ հաշվով սահմանափակումները հանվել են:

– Ի սկզբանե մեզ մոտ արտակարգ դրությունն անհասկանալի ընթացք ունեցավ: Անկեղծ լինենք, մենք այն շատ խորը այդպես էլ չզգացինք: Հիմա ինչո՞ւ են երկարաձգում, դժվար է ասել, հատկապես այն համատեքստում, որ սահմանափակումների մեծ մասը վերացվում է, և այդ պարագայում զուտ նրա համար, որ տաքսիստի կողքին ուղևոր չնստի՝ արդյո՞ք արժե արտակարգ դրություն երկարաձգել: Ինչևէ, երկարաձգվում է, և ինձ մոտ տպավորություն է, որ սա ավելի շատ այլ հանգամանքների դրդումով է արվում: Առաջին հերթին, կարծում եմ՝ սա կապված է սահմանադրական ապօրինի հանրաքվեի, հավաքների սահմանափակման և հեռախոսների տեղակայումը վերահսկելու անհասկանալի նկրտումների հետ:

– Կարծում եք՝ իշխանությունը հանրահավաքային շարժման վտա՞նգ է տեսնում:

– Եթե չտեսներ, ինչո՞ւ էին շարունակում սահմանափակումը պահպանել: Ուրեմն տեսնում են: Վահագն Չախալյանի հետ տեղի ունեցած վերջին  2 օրերի վարչական ձերբակալումները, օրինակ, դրա մասին էին խոսում:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ ուղղելով հարցեր ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ: Ինչո՞ւ է իշխանությունն ապավինում եվրոպական այդ կառույցին, երբ ժամանակին անգամ կարծիքի չուղարկեցին այնտեղ:

– Կարծում եմ՝ այն լուծումը, որը գտնվել էր՝ հանրաքվեի միջոցով փաստացի ցրել ՍԴ գործող կազմը, պարզ դարձավ, որ հեռանկար չունի: Հիմա հավանաբար մտածում են գտնել այլ տարբերակներ: Բայց դառնանք ճգնաժամի վերաբերյալ ձևակերպմանը: Այդ ի՞նչ ճգնաժամ է. որ իրենց չեն ենթարկվում, ճգնաժա՞մ է: Երկար տարիներ հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ գործադիր իշխանություն-ՍԴ կապ չկա, ինչը հենց այդպես էլ պիտի լինի: Միակ նպատակն այն է, որ ուզում են ունենալ իրենց ձեռքի ՍԴ: Խնդիրն այն է, որ չկա հանրաքվեն չեղարկելու մեխանիզմը, եթե լիներ, վստահ եմ, կչեղարկեին: Ցանկացած քայլ, որն ուղղված է լինելու դատական իշխանությունը որպես առանձին ճյուղ չեղարկելուն, շատ ծանր հետևանքներ է ունենալու յուրաքանչյուրիս համար, իշխանությունների և պետության համար:

– Ինչո՞ւ իշխանությունները մեղմացրին իրենց դիրքորոշումը վեթինգի և անցումային արդարադատության վերաբերյալ:

– Ինչի՞ց սկսվեց վեթինգի մասին խոսակցությունը. նրանից, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Իսկ այսօր այդ խափանման միջոցը փոխվո՞ւմ է: Ոչ: Դրա համար էլ վեթինգի մասին խոսելու իմաստ չկա: Ամեն ինչ շատ պարզ է: Ոչ մի բարեփոխում էլ չեն ուզում անել: Հենց իրենց ուզած որոշումը չկայացվի, էլի կգնան, դատարանի դռներ կփակեն:

– Այս ամբողջ գործընթացն ընդամենը Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու համա՞ր է:

– Նաև: Նաև մյուս սպասվող իշխանահաճո որոշումներն ապահովելու համար:

– Երկրորդ նախագահին կալանքի տակ պահելը քաղաքակա՞ն որոշում է՝ ըստ Ձեզ:

– Հաշվի առնելով այդ գործի շուրջ, այդ գործով կայացվող որոշումներից առաջ, հետո իշխանության դիրքորոշումը և իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հրապարակային դիրքորոշումները՝ այլ տարբերակ չեն թողնում մտածելու, քան, որ այդ գործն ունի քաղաքական ենթատեքստ:

Մարտի 1-ի բացահայտումը չի կարող տեղի ունենալ առանց 2008թ. փետրվարի 19-ի ընտրությունները քննելու: Մինչև չբացահայտվի, թե արդյո՞ք թեկնածուներից որևէ մեկն ընտրվել կամ չէր ընտրվել, հնարավոր չի լինի այդ գործի բացահայտման մասին խոսել:

– Նախորդ շաբաթ ՄԻՊ-ը տարեկան զեկույցն էր ներկայացնում ԱԺ-ում, ինչն այնքան էլ հարթ չանցավ: Ինչպե՞ս կմեկնաբանեք իշխանական պատգամավորների ելույթների իրավական ու բարոյական կողմերը:

– Դրանք իրականում փոխկապակցված են: Եթե լիներ այդ իրավական գիտելիքների անհրաժեշտ պաշարը, որ գոնե իմանային՝ ինչ իրավական ակտով է սահմանվում  ՄԻՊ իրավունքներն ու պարտականությունները, գուցե նման բառերով համեմված ցածր մակարդակի ելույթ չունկնդրեինք: ՄԻՊ գրասենյակն այն քիչ ինստիտուտներից է, որը շարունակում է գործել: Ընդ որում, իրենց աշխատանքն օր օրի ավելանում է, որովհետև  մարդու իրավունքների խախտումները շատանում են: Նման պայմաններում ՄԻՊ զեկույցը մի բան էլ մեղմ էր, բայց անգամ դա իշխանությունը չհանդուրժեց:

– Համարժե՞ք էր ՄԻՊ արձագանքը:

– Եթե իրենք հասցրեցին նրան, որ Արման Թաթոյանը փորձեց կարգի հրավիրել ԱԺ պատգամավորին, իսկ Արման Թաթոյանն ամենաբարձր որակներով օժտված անձանցից է, կիրթ անձնավորություն, կարծում եմ, որ, այո՛, համարժեք էր: Ու երբ լռում է ԱԺ նախագահը, այո, ՄԻՊ-ն ինքն է ստիպված բացատրել ԱԺ պատգամավորին, որ առաջին հերթին՝ Մարդու իրավունքների պաշտպանը պաշտպանված է ցանկացած ոտնձգությունից, այդ թվում՝ նաև ԱԺ պատգամավորի կողմից եկող:

– Ձեր տպավորությամբ՝ հասարակության արձագանքն ինչպիսի՞ն էր միջադեպին:

– Շատ են այն հարցերը, երբ մեր հասարակությունն արդեն սկսում է սառը դատել: Դա շատ լավ է, բայց դանդաղ է պրոցեսը: Մարդկանց համար հոգեբանորեն դժվար է հասկանալ, որ ուզում էին, որ լավ լինի, բայց եղավ այն, ինչ եղավ: Որքան շուտ դա մարդիկ հասկանան, այնքան լավ կլինի բոլորիս համար:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս