
Վարչապետը 3-րդ անգամ կորոնավիրուսի թեստ հանձնել է ապրիլի 19-ին

Երկու օր առաջ 168.am-ը գրել էր այն մասին, որ մեր տեղեկություններով` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Նշել էինք նաև, որ կորոնավիրուս է հաստատվել նաև վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության աշխատակիցներից մեկի մոտ, և աշխատակիցներ են թեստավորվել:
Ամեն դեպքում մենք հարցում էինք ուղարկել վարչապետի աշխատակազմ` խնդրելով պատասխանել, թե ե՞րբ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեստ հանձնել վերջին անգամ, և ինչպիսի՞ն են եղել դրա արդյունքները, և համապատասխանո՞ւմ են իրականությանն արդյոք լուրերն այն մասին, որ այսօր՝ 12.05.2020-ին, վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության աշխատակիցներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուս, և թեստավորվել են կադրերի վարչության, ինչպես նաև Կառավարության աշխատակազմի՝ նշված անձի հետ շփում ունեցած աշխատակիցները:
Կառավարությունից մեզ պատասխանել են, որ վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության աշխատակիցներից 2-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Երկուսն էլ մեկուսացված են։ Իսկ վարչապետը վերջին անգամ կորոնավիրուսի թեստ է հանձնել ապրիլի 19-ին, 3-րդ անգամ: Երեք դեպքերում էլ պատասխանը եղել է բացասական: