«Նիկոլ Փաշինյանը որևէ անգամ համարձակություն չի ունեցել Սերժ Սարգսյանի աչքերին նայելով՝ որևէ քաղաքական ելույթ ունենալ». Գորգիսյան
«Նիկոլ Փաշինյանը մրցակցություն չի սիրում, և երբ նրան «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն ասաց, որ պատրաստվում է դառնալ հաջորդ իշխանությունը, դա գրգռեց վարչապետի որոշ զգացողություններ, և եղավ այն, ինչ եղավ, իսկ դրա պատճառն այն է, որ վարչապետը չի կարողանում խաղալ արդար մրցակցային պայմաններում»։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
«Եթե մեր նոր իշխանություններն ինչ-որ բանում հաջողել են, դա մանիպուլյացիան է և սեփական ժողովրդի դեմ տեղեկատվական պայքարն ու սեփական ժողովրդին խաբելն է։ Ակնհայտ է, որ ուղիղ եթերում տեղի է ունեցել հանցագործություն, բռնի ուժ է կիրառվել պատգամավորի նկատմամբ քաղաքական ելույթի ժամանակ, ու փոխանակ դատապարտեն նման երևույթները, փորձում են արդարացնել՝ գնալով բոլոր հնարավոր ու անհնարին մանիպուլյացիաների»,- ասաց Գորգիսյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի այն հայտարարությանը, որ «Լուսավոր Հայաստան»-ը ոչ թե զոհ է, այլ կոնֆլիկտներ հրահրող ուժ։
Պատգամավորի փոխանցմամբ՝ իշխանությունը գնում է մանիպուլյացիաների՝ իրենց խմբակցությունն անընդհատ կապելով նախկինների հետ։
«Կներե՛ք, էդ մե՞նք էինք, որ թողեցինք, որ այն մարդիկ, որոնք կասկածվում էին թալանով գույք վաստակելու մեջ, փախնեն Հայաստանից, իրենք էին, չէ՞, կամ մեր մասի՞ն էին արդյոք ասում, որ առաջարկել են գումար տալ, որ մարդիկ չդատվեն. Նիկոլ Փաշինյանի մասին էին, չէ՞, ասում, որ առաջարկել է գումարով չդատել մարդկանց։ Կամ Սասուն Միքայելյանն ապօրինի գույք ունի՞, թե՞ ես, կամ իրենց խմբակցության պատգամավորների կեսից ավելին ՀՀՇ-ի ժամանակներից թալանի մասնակիցներ են եղել։ Օրինակ՝ Խաչատուր Սուքիասյանը որոշ պաշտոնյաների կնքահայրն է ու հովանավորյալը, Ալեն Սիմոնյանին նա է քաղաքականության մեջ աճեցրել»,- ասաց Գորգիսյանը՝ ընդգծելով, որ իշխանությունը պետք է առաջինն իր թիմի վրա տարածի «Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը»։
Անդրառնալով Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքին՝ Գորգիսյանը նախ նշեց, որ քաղաքական մեծամասնության մոտ պակասում է քաղաքական հասունությունը, և դրա ապացույցներից մեկը, օրինակ, Լիլիթ Մակունցի ելույթն էր խորհրդարանում։
«Քանի դեռ նրանք չեն գիտակցել իրենց սխալը, դա նշանակում է, որ իմ հաջորդ ելույթի ժամանակ կարող է իմքայլականներից մեկը շիշ շպրտել, կամ գալ հարվածել, իսկ դա նշանակում է, որ քաղաքական պրոցեսները վտանգված են բռնի ուժի սպառնալիքով։ Ի՞նչ է, ես պետք է սաղավարտով կամ զինված գնա՞մ Ազգային ժողով, որ կարողանամ պաշտպանվել»,- ասաց Գորգիսյանը։
Պատգամավորն այն համոզման է, որ այն, ինչ կատարվում է իրենց խմբակցության շուրջ, ունի նպատակ՝ դաշտից հեռացնել «Լուսավոր Հայաստանին»՝ որպես ընդդիմադիր, որովհետև հենց իրենց խմբակցությունն է մատնանշում իշխանության այն խոստումները, որոնք կյանքի չեն կոչվել։
Ինչ վերաբերում է այն մեկնաբանություններին, թե այս կերպ վարվելով «Լուսավոր Հայաստանի» հետ, Նիկոլ Փաշինյանը նրանցից փորձում է կերտել ընդդիմություն՝ իրեն ձեռնտու և հարմար, Գորգիսյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հին ուժերին վերակենդանացնել ու բերել քաղաքական դաշտ, միայն թե «Լուսավոր Հայաստանին» այնտեղից հեռացնի։ Արթուր Վանեցյանը, եկեք չմոռանանք, որ Ալեն Սիմոնյանի մտերիմ ընկերն է, իսկ Սասուն Միքայելյանն էլ Սերժ Սարգսյանի մարտական ընկերն է. իսկ գուցե նրանք հիմա ճանապա՞րհ են հարթում Սերժ Սարգսյանի հովանավորյալ այլ ուժերի համար»։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն կոչին, թե պետք է նայել և տեսնել, թե ինչպես էր Էդմոն Մարուքյանը խոսել Հովիկ Աբրահամյանի, Սերժ Սարգսյանի հետ, և ինչպես է խոսում հիմա ժողովրդի իշխանության հետ, Գևորգ Գորգիսյանն ասաց. «Մենք լավ հիշում ենք նաև, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը խոսում. նա որևէ անգամ համարձակություն չի ունեցել Սերժ Սարգսյանի աչքերին նայելով՝ որևէ քաղաքական ելույթ ունենալ, երբեք նման համարձակություն չի ունեցել՝ մինչև հեղափոխությունը լինելով ԱԺ պատգամավոր»,- ասաց նա։