«Բոլոր փորձերը՝ Մարտի 1-ը կարել Երկրորդ նախագահի վրա, ապարդյուն են լինելու». Էդուարդ Շարմազանով

Մոտ երկու ամիս դադարից հետո այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը  տեղի ունեցավ: ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանները ներկայացրեցին ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի անձնական երաշխավորությամբ, ապա նաև գրավով  Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունները: Դատարանի բակում Երկրորդ նախագահին աջակցելու էր եկել նաև ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա ակնկալում է, որ Քոչարյանին այսօր ազատ կարձակեն:

«Շուրջ երկու տարի է՝ ակնկալիքը մեկն է, որ ապօրինությունը, որն իրականացվում է Արցախի հերոսի, Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ, ի վերջո, կվերացվի: Մենք դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանավորումը: Այսօր խորհրդանշական օր է, և ակնկալիքը մեկն է, որ Շուշիի ազատագրման օրն Արցախի հերոսն ազատ արձակվի, և, ի վերջո՝ Հայկը հաղթի Բելին»,- ասաց Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակի խոսքով՝ դատական այս ամբողջ գործընթացը խայտառակություն է, քանի որ դատավորը չի գործում՝ ըստ օրենքների և իր խղճի:

«Սա ազգային խայտառակություն է, թուրքին ծնկի բերած մարդը կալանքի տակ է: Դատարանը և դատավորը պետք է գործեն ոչ թե՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգներով, այլ՝ ըստ օրենքների, Սահմանադրության, սեփական խղճի մտոք: Սա ոտքից գլուխ սարքած գործ է: Նիկոլ Փաշինյանի PR ակցիան տեղի չունեցավ: Փաշինյանը երկու տարի առաջ օգոստոսին հայտարարեց, որ Մարտի 1-ը բացահայտված է, բայց այն ոչ միայն՝ բացահայտված չէ, այլև փլվել է այս գործը: Բոլոր փորձերը՝ Մարտի 1-ը կարել երկրորդ նախագահի վրա, ապարդյուն են լինելու, որովհետև դա իրականության հետ կապ չունի»,- ասաց Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս