Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
Ապրիլի 29-ին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետքերով, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի և 117-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Այս մասին 168.am-ի հարցին ի պատասխան` տեղեկացրեց ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը:
ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված արարքը խուլիգանությունն է, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝
Այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
117-րդ հոդվածի հատկանիշը դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելն է:
Այս պահին որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան: