«Լուսավոր Հայաստանը» ԱԺ է բերում ոչ թե իր, այլ`անհասկանալի, ԱԺ-ից դուրս գտնվող խուլիգանական խմբակների օրակարգը»․ Լիլիթ Մակունց

«Նախ` ուզում եմ «Իմ քայլը» խմբակցության անունից ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից և բոլոր այն հայրենակիցներից, ովքեր ականատես են եղել միջադեպին։ Խմբակցության անունից ցավում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը տրվել է սադրանքների և տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել»,- ԱԺ-ում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Ըստ նրա՝ ամեն ինչ սկսվեց «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունումից․ «Այն պահից, երբ իր դիրքորոշումը հայտնեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ կողմ չքվեարկելով այդ նախագծին։ Այդ նախագծից հետո շեշտակի փոխվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հատկապես ղեկավարի վարքագիծը ԱԺ նիստերի դահլիճում։

Նկատի ունեմ այն, որ երբևէ պարոն Մարուքյանը պատգամավոր եղած ժամանակ իրեն թույլ չի տվել այնպիսի բառամթերք, որը թույլ է տվել 7-րդ գումարման ԱԺ-ում։ Ամեն ինչ սկսվեց այն պահից, և այս միջադեպը հենց դրա հետևանքն է, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը ԱԺ նսիտերի դահլիճում ուղիղ եթերում հնչեցրեց սեռական բնույթի հայհոյանք՝ ԱԺ փոխնախագահի հասցեին և դրան չհետևեց ներողություն։ Դրան հետևեցին ինչ-որ գործընթացներ արդեն ԱԺ նսիտերի դահլիճից դուրս։ Եվ հիմա, արդեն շաբաթներ շարունակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը փորձում  է սադրել և ներքաշել «Իմ քայլը» խմբակցությանը այնպիսի գործողությունների մեջ, որոնք այս տեսախցիկների առջև կներկայացնեն «Իմ քայլը» խմբակցությանը այնպիսի տեսանկյունից, ինչպիսին ուզում էր, սադրում էր պարոն Մարուքյանը»։

Նա ընդգծեց, որ որևէ կերպ չի ուզում արդարացնել միջադեպը․ «Միևնույն ժամանակ, ուզում եմ արձանագրենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ է բերում ոչ թե «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրակարգը, այլ` անհասկանալի, ԱԺ-ից դուրս գտնվող խուլիգանական խմբակների օրակարգը։ Եվ սա փաստ է»։

Տեսանյութեր

Լրահոս