«Փաշինյանը հատկապես վախենում է Միքայել Մինասյանի ակտիվությունից». Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Կամաց-կամաց ջրի երես են դուրս գալիս այս իշխանությունների ապօրինությունների, պետական ռեկետի, բռնաճնշումների, անգամ կաշառքի միջոցով ինչ-որ փոքր խնդիրներ լուծելու մարտավարությունը և քաղաքականությունը: Փաշինյանը դրա համար չի խոսում այդ խնդիրների մասին, նա վախենում է. հատկապես վախենում է նախկին դեսպան Միքայել Մինասյանի ակտիվությունից, որովհետև տեսնում է, որ բավականին լուրջ արձագանք են գտնում նրա հայտարարությունները»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց  «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը տեսնում է, որ Միքայել Մինասյանի հայտարարությունները բավականին լուրջ արձագանք են գտնում.

«Քաղաքացիների լայն շրջանակներ օրեցօր ավելի են աջակցում, և անգամ կասեի, որ սպասում են արդեն քաղաքական փոփոխություններին: Այսօր Միքայել Մինասյանը դարձել է այդ սպասումները կյանքի կոչող հիմնական ուժերից մեկը: Քաղաքական փոփոխությունների հետքն արդեն ամեն տեղ է: Երբ նայում ես կառավարության անդամների հայտարարություններին կամ նրանց աջակիցների գնահատականներին, հասկացվում է, որ սա տապալված իշխանություն է: Իրենք չեն կարողացել լուծել իրենց առջև դրված խնդիրները: Մարդիկ փոփոխության են սպասում»:

Քաղաքագետն անդրադարձավ նաև Արցախի հարցին և Լավրովի հայտարարությանը. «Նիկոլ Փաշինյանը և Զոհրաբ Մնացականյանը չեն կարող հերքել Լավրովի հայտարարությունը, որովհետև բանակցություններն ընթացել են: Այլ հարց է, որ իրենք առաջնորդվել են վերջին պահին վետո դնելու կամ չստորագրելու կանխավարկածով, որ կարող են վերջին պահին հրաժարվել և դրանով խնդիրը համարել լուծված: Ես չէի էլ կասկածում, որ իրենք չեն ստորագրելու՝ իրենք չեն կարող նման փաստաթուղթ ստորագրել, և որևէ մեկը չի կարող դա անել, բայց պարտվել բանակցություններում և հանձնել տարածքներ, չի նշանակում՝ միայն թուղթ ստորագրել, նշանակում է՝ հայտնվել մի իրավիճակում, երբ ամբողջ աշխարհը քեզնից սկսելու է պահանջել մի բան, և, եթե դու դա չանես, ռազմական ճանապարհով են դա փորձելու կյանքի կոչել, և դու չես ունենալու պատերազմը կանխելու դիվանագիտական որևէ մեխանիզմ: Հայաստանն այսօր այդ իրավիճակում է հայտնվել»:

Խոսելով հանրաքվեի մասին՝ քաղաքագետը նշեց, որ դա էլ Նիկոլ Փաշինյանի երկրորդ վախն է.

«Ես չեմ բացառում, որ մեկ տարի արտակարգ դրությունը պահի, միայն թե հնարավոր լինի այդ հանրաքվեից փախչել: Այստեղ էլ այս կառավարության հերթական տապալումն է հասունանում: Իրենք գիտեն, որ «Այո»-ի կողմը պարտվելու է, և դրանից շատ վախենում են: Դա կլինի ժողովրդի կողմից իրենց մերժման հերթական ապացույցը»:

 

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս