Բաժիններ՝

«Գուցե մահճակալային ֆոնդի խնդիր ունենանք, եթե դեպքերի թիվը շարունակի ավելանալ». Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ

Այսօրվանից մեղմվել են մի շարք սահմանափակումներ՝ թույլատրվել է մարդկանց ազատ տեղաշարժը, տնտեսական գործունեության մի շարք տեսակների աշխատանքը: Երեկ ուղիղ եթերում վարչապետի և պարետի հետ քննարկման ժամանակ Արսեն Թորոսյանն ասել էր, որ Առողջապահության նախարարության մասնագետները, որոնք զբաղվում են հակահամաճարակային միջոցառումներով և կազմել են ցուցումների ցանկ, որոնց պետք է հետևեն գործելու հնարավորություն ստացած տնտեսվարողները, խոստովանել են՝ «եթե մենք կարողանանք այդ փաստաթղթերում գրված կանոնները պահել, ապա կայուն վիճակ կունենանք»:

Նույն քննարկման ժամանակ Թորոսյանը պնդել էր, որ դեպքերի ավելացումը մի շարք գործոններով է պայմանավորված, այդ թվում՝ հասարակության կողմից անհրաժեշտ պայմանները չկատարելով, չնայած սրան, այսօրվանից Կառավարությունն անցել է ապակենտրոն պայքարի, այսինքն՝ վարակի տարածումն այսուհետև մեծամասամբ կախված է հասարակության գիտակցությունից::

«Թվերի աճը պայմանավորված է մարդկանց շարժունակության ավելացմամբ, ունենք նաև օջախային դեպքեր: Արտակարգ դրության կանոնները լավ չեն պահպանվել, կամ չեն պահպանվել այնքան, որ հնարավոր լինի կանխարգելել դեպքերի ավելացումը: Հուղարկավորության արարողությունից ենք շարունակում դեպքեր արձանագրել»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Դեռևս ապրիլի սկզբին նախարարը մտավախություն էր հայտնել, որ մահճակալային ֆոնդը չի հերիքի, նա պնդել էր, որ պետք է կորոնավիրուսի հաստատված դեպքերի կրկնապատկման այնքան հեռակա տեմպ ունենանք, որ նախկինում հաստատված դեպքերը դուրս գրվեն, որ հետո նոր դեպքերին կարողանանք տեղավորել մահճակալային ֆոնդում: 1400 հատուկ մահճակալային ֆոնդից այսօր ազատ է 350-ը: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակից հետաքրքրվեցինք, թե սահմանափակումների մեղմացմամբ, հնարավո՞ր է՝ մահճակալային ֆոնդի խնդիր ունենանք:

«Իհարկե, հնարավոր է՝ ունենանք: Դեռ նման խնդիր չունենք, բայց եթե դեպքերի թիվն ավելանա, գուցե ունենանք: Բոլոր սցենարները քննարկվում են»,- ասաց Ալինա Նիկողոսյանը:

Այսօր նախարարը լրագրողների հետ զրույցում առավել պեսիմիստական կանխատեսում է արել:

Նա ասել է, որ մինչև մայիսի վերջ 10 հազար վարակված ունենալը հավանական սցենար է, և, որ այդ դեպքում միայն ծանր և ծայրահեղ դեպքերը կկարողանան սպասարկել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս