«Ով ուզում է լինի՝ եթե հանձնելու, վերադարձնելու կամ Ադրբեջանի կազմում ընդգրկելու փաստաթուղթ ստորագրեց, ինձ համար դավաճան է». Վազգեն Սիսլյան
«Անկախ նրանից՝ Լավրովը կամ մյուսը ինչ են ասել, ինչու են ասել, ինձ համար կարևորը մեր ժողովրդի խոսքն է՝ ժողովուրդը պատրա՞ստ է Արցախը տալ, թե՞ ոչ։ Ես վստահում եմ մեր ժողովրդին, որը միշտ էլ դրան դեմ է, չի տալու, երկիրը հայերինն է, և վերջ։ Ով ինչ է ասել, դա հերթական խաղն է մարդկանց զբաղեցնելու, ուրիշ ոչինչ»,- 168․am-ի հետ զրույցում ասաց «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը։
Նա ընդգծեց՝ Արցախի հարցում վտանգ միշտ էլ կա, քանի դեռ Արցախը պաշտոնապես չի ճանաչվել․
«Բայց այդ վտանգը կմեծանա, երբ արդեն հայ մարդն ինքը կհիասթափվի և կորոշի, որ Արցախը պետք է Ադրբեջանի կազմում լինի։ Բայց մեր ժողովուրդը երբեք այդ մտքին չի լինի։ Մեր խնդիրն այսօր երկիրը զարգացնելն է, բնակչությունը շատացնելը։ Մենք դրա մասին պետք է մտածենք, բայց մեզ ամեն օր զբաղեցնում են տարբեր հայտարարություններով, և հետ ենք մնում մեր հիմնական խնդիրներից։
Ազատագրված տարածքները պետք է բնակեցնել։ Պետք է երբեք չասել՝ գրաված տարածքներ. մենք երբեք տարածք չենք գրավել, մենք ազատագրել ենք։ Եթե մինչև Բաքու էլ հասնեինք, գրաված չէինք լինի, վերադարձրած կլինեինք։ Ես զինվոր մարդ եմ, ես երբեք արյունով բերված պատմական իրավունքները պատրաստ չեմ վերադարձնելու»։
Դիտարկմանը՝ գործող իշխանությանը մեղադրում են բանակի սպայակազմին, գեներալիտետին նվաստացնելու մեջ, ասում են, որ նրանք եկել են՝ հողերը հանձնելու, նա այսպես արձագանքեց․
«Ժամանակին էլ նախորդ իշխանությունների մասին էին շատ բան ասում, ասում էին՝ հես ա հանձնում են տարածքները, բայց այդպես չեղավ։ Լինի նախագահ, վարչապետ թե ով, ինքը չէ որոշողը, այս խնդիրը ժողովրդի խնդիրն է։ Սահմանադրության մի կետ փոխելու համար գնում են հանրաքվեի, երկիր հանձնելը կատա՞կ է։ Ով ուզում է լինի՝ եթե հանձնելու, վերադարձնելու կամ Ադրբեջանի կազմում ընդգրկելու փաստաթուղթ ստորագրեց, ինձ համար դավաճան է։ Ինչ վերաբերում է սպայակազմին, ապա մեր սպան մեզ համար, առաջին հերթին, պետք է արժեք լինի։ Սպան էլ պետք է իր արժեքն իմանա։ Միակողմանի չնայենք խնդրին»։