Բաժիններ՝

COVID-19. Աշխարհում Մեծ Բրիտանիան մահացության ցուցանիշով երրորդն է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 240 հազար 038: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 228 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 010 հազար 721 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 064 հազար 819 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 61 հազար 680 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 236 հազար 899 է: Մահացության ցուցանիշը կազմում է 24 հազար 275:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 203 հազար 591 է: Վարակից մահացել է 27 հազար 682 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 166 հազար 420 հաստատված դեպք, մահացել է 24 հազար 087 մարդ: Շրջանցելով Գերմանիային՝ վարակվածության ցուցանիշով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ կա 165 հազար 221 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 26 հազար 097 մարդ:

Մեծ Բրիտանիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 161 հազար 552 հաստատված դեպք կա, մահացել է 6 հազար 467 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 117 հազար 589-ի, մահացածներինը՝ 3 հազար 081-ի: Իրանին շրջանցած Ռուսաստանում մեկ օրում 7 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել՝ ընդանուր թիվը կազմելով 106 հազար 498: Երկրում մահացության ցուցանիշը կազմում է 1073:

Ռուսաստանին հաջորդում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 94 հազար 640: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 028 մարդ: Չինաստանն առանձնանում է 82 հազար 862 ընդհանուր, 4 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին մեկ օրում մահ չի գրանցվել: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 79 հազար 685 է, Կանադայում՝ 51 հազար 597, Բելգիայում 48 հազար 519 է, Նիդերլանդներում 39 հազար 316 է: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 539 դեպք կա, մահացածների թիվը կազմում է 6:

Արաբական երկրներից Կատարը վարակվածների թվով շրջանցեց ԱՄԷ-ին: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 13 հազար 409, մահերինը՝ 10-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 12 հազար 481 է, մահացածներինը՝ 105:

Եգիպտոսում 5 հազար 268 հաստատված դեպք կա, մահացել է 380 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 4 հազար 024-ի, մահացածներինը՝ 26-ի: Իրաքում գրանցվել է 2003 վարակվածության, 92 մահվան դեպքով: Լիբանանում կա 725 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 24: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 43-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:

Գերմանիայում գործազուրկների թիվն ավելացել է 300 հազարով

Կորոնավիրուսի տարածման համատեքստում Գերմանիայում ապրիլ ամսին կտրուկ ավելացել է գործազուրկների թիվը: Դրանից բացի, 33 մլն աշխատողներից յուրաքանչյուր երրորդին սպառնում է աշխատանքային գրաֆիկի կրճատում: «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ ապրիլին Գերմանիայում գործազուրկների թիվը մարտի համեմատ ավելացել է 308 հազարով: Ընդհանուր առմամբ երկրում երկու միլիոնից ավելի գործազուրկ կա:

«Կորոնավիրուսի հետևանքով աշխատաշուկան հայտնվեց ուժեղ հարվածի տակ: Նոր աշխատակիցների պահանջարկ փաստացի չկա»,-նշել է Աշխատանքի դաշնային գործակալության ղեկավար Դետլեֆ Շելեն: Գործակալության տվյալներով՝ 751 հազար ընկերություն հայտարարել է անձնակազմի աշխատանքային գրաֆիկի կրճատման մասին:

Կորոնավիրուսի բռնկումից ի վեր Իսպանիայում ավելի քան 40 բուժաշխատող է մահացել

Իսպանիայում կորոնավիրուսով վարակված ավելի քան 40 բուժաշխատող մահացել է: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկրի Առողջապահության նախարարությունն ամեն օր տրամադրում է տվյալներ վարակված բուժաշխատողների վերաբերյալ: Ապրիլի 30-ի տվյալներով վարակի բռնկումից ի վեր COVID-19-ի ախտորոշում եղել է 39 հազար 987 բուժաշխատողի մոտ: Այս ցուցանիշը ընդհանուր թվի 18.7 տոկոսն է: Նշվում է, որ Իսպանիայում վարակի տարածվածության պիկի ժամանակ երկիրը բժշկական պաշտպանիչ պարագաների խիստ կարիք ուներ, ինչի հետևանքով վարակված բուժաշխատողների թիվն այսքան բարձր է:

Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 236 հազար 899 է, մահացածներինը՝ 24 հազար 275:

Ձեր թշնամին վարակն է. Չինաստանը պատասխանել է ԱՄՆ-ի մեղադրանքներին

Չինաստանy, ինչպես նաև այլ երկրներ, տուժել են կորոնավիրուսից: ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ իր թշնամին վարակն է, ոչ թե Չինաստանը: «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը: «Ինչ վերաբերում է պատասխանատվության հարցին, ապա մենք բազմիցս ասել ենք, որ վարակն ընդհանուր մարդկության թշնամին է: Չինաստանը նույնպես տուժող կողմ է, այլ ոչ թե վարակի հանցակիցը: ԱՄՆ-ի առանձին դեմքեր պետք է հստակ հասկանան, որ իրենց թշնամին վարակն է, ոչ թե Չինաստանը»,-ասել է նա:

Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենք դիտարկում են մի տարբերակ, ըստ որի, կորոնավիրուսն ի հայտ է եկել Ուհան քաղաքի լաբորատորիայում և մտադիր է հստակեցնել ծագումը: Նա սպառնացել է Չինաստանին կոնկրետ հետևանքներով, եթե պարզվի, որ Պեկինը գիտակցաբար է թույլ տվել COVID-19-ի բռնկումը:

Եվրամիությունում քաղաքական ապաստան ստանալու դիմումների քանակը զգալի նվազել է

Եվրամիությունում քաղաքական ապաստան ստանալու համար դիմումների քանակը մարտին կիսով չափ նվազել է: «Deutsche Welle»-ն նշում է, որ Ապաստանի աջակցության եվրոպական բյուրոն տեղեկացրել է՝ԵՄ անդամ երկրներում, ինչպես նաև Նորվեգիայում, Շվեյցարիայում, Լիխտենշտայնում և Իսլանդիայում մարտին եղել է 34 հազար 737 հայտ: Ինչը 43 տոկոսով քիչ է փետրվարից և հունվարից: Դրա պատճառը սահմանափակումներն են, փակ սահմանները՝ կապված կորոնավիրուսի հետ:

Նշվում է, որ հունվարին և փետրվարին գրանցվել էր դիմումների 15 տոկոս աճ նախորդ տարվա նույն ժամանակհ տվածի համեմատ: Թե հունվարին, թե փետրվարին գրանցվել էր 60 հազար հայտ:

Պեկինում մայիսի մեկից կբացվի Արգելված քաղաք պալատական համալիրը

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում գտնվող Արգելված քաղաքն իր դռները կբացի մայիսի 1-ին: Սա Մին և Քին դինաստիաների (1420-1912 թթ.) կայսերական պալատն է։

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ Արգելված քաղաքը փակ է եղել հունվարի 25-ից կորոնավիրուսի պատճառով:

Պալատական համալիրը կաշխատի 8:30-17:00-ն, սակայն բաց կլինի միայն սրահների մի մասը: Տոմսերը պետք է ամրագրել այցելությունից նվազագույնը 24 ժամ առաջ առցանց եղանակով: Նախատեսվում է, որ օրվա ընթացքում ներս կթողնեն առավելագույնը 5 հազար այցելուի:

Պալատական համալիրը չինական ավանդական ճարտարապետության օրինակ է և իր ազդեցությունն է թողել Արևելյան Ասիայի և այլ վայրերի ճարտարապետության զարգացման վրա։ Արգելված քաղաքը ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Համաշխարհային ժառանգության մաս է գրանցվել 1987 թվականին որպես աշխարհում դեռևս պահպանված հնագույն ամենամեծ փայտե համալիրը։

Կալիֆոռնիան մտադիր է մայիսի 1-ից փակել այգիներն ու լողափերը

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը մտադիր է մայիսի 1-ից փակել բոլոր այգիներն ու լողափերը: Պատճառն այն է, որ նախորդ հանգստյան օրերին մեծ թվով մարդիկ են դուրս եկել լողափեր: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Լրատվամիջոցների տրամադրության տակ հայտնված համապատասխան փաստաթղթում նշվում է, որ նահանգապետը պատրաստվում է նման որոշում կայացնել, քանի որ շատ քաղաքացիները ինքնամեկուսացման ռեժիմը խախտել են:

Ավելի վաղ նահանգապետը հայտարարել էր, որ մտադիր են խստացնել սահմանափակումները՝ կապված կորոնավիրուսի հետ:

Եմենում գրանցվել են կորոնավիրուսի հետևանքով մահացության առաջին դեպքերը

Եմենում կորոնավիրուսի հետևանքով մահացել է երկու մարդ: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուս էր հաստատվել 6 քաղաքացու մոտ: Կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը Եմենում գրանցվել էր ապրիլի 10-ին: Վարակված առաջին քաղաքացին հաղթահարել էր հիվանդությունը:

2015 թվականից Եմենում պատերազմ է ընթանում հուսիթների և նախագահ Աբդ Ռաբբուհ Մանսուր Հադիի կողմնակիցների միջև: Հակամարտության ընթացքում բազմաթիվ բժշկական հաստատություններ ավերվել են: Փորձագետները նշում են, որ նման պայմաններում կորոնավիրուսի տարածումը կարող է հազարավոր մարդկանց մահվան պատճառ դառնալ:

ԱՄՆ-ում 73 տարվա ամուսինները կորոնավիրուսի հետևանքով մահացել են միևնույն օրը

ԱՄՆ-ում 73 տարվա ամուսիններ Ուիլֆորդ Կեպլերը և Մերի Կեպլերը կորոնավիրուսի հետևանքով մահացել են միևնույն օրը: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ 94-ամյա Ուիլֆորդ Կեպլերը և 92-ամյա Մերի Կեպլերը մահացել են ապրիլի 18-ին 6 ժամվա տարբերությամբ:

Նշվում է, որ ապրիլի 8-ին կորոնավիրուս էր հայտնաբերվել Մերի Կեպլերի մոտ, որը հաջորդ 4 օրը եղել է ինքնամեկուսացման մեջ: Ապրիլի 12-ին արդեն ամուսիններին հոսպիտալացնում են: Ուիլֆորդ Կեպլերի մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստավորումը դրական պատասխան էր տվել: Նրանց թոռնուհին՝ Նատալի Լամեկին, պատմում է, որ բժիշկներն ամուսիններին տեղավորել են միևնույն հիվանդասենյակում: Նա նշել է, որ իր տատիկն ու պապիկը շատ փորձությունների միջով են անցել, տեսել են Երկրորդ համաշխարհային, Վիետնամի պատերազմները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս