«ՀՀ-ում կան խմբեր, որոնք հանդես են գալիս բռնության կոչերով, բռնություն են գործադրում, և դա այսօրվա իշխանության առաջին դեմքի կողմից խրախուսվում է». Զարուհի Փոստանջյան

2019թ. հոկտեմբերի 5-ին մի խումբ անձինք հարձակվել էին «Հայելի» ակումբի վրա, ձվեր նետել գրասենյակի ուղղությամբ ու սպառնալիքներ տեղացել:

Ավելի ուշ «Հայելի» մամուլի ակումբի դեմ կատարված ոտնձգության փաստի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 164-֊րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նշենք, որ քրեական օրենսգրքի 164-֊րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը  պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

Հարձակվողները, ինչպես պարզվեց, գործող իշխանության աջակիցներ էին, իշխող ուժի շատ ներկայացուցիչների հետ էլ ունեին մտերիմ հարաբերություններ:

Այս գործով քննությունը տարվում էր ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Հարձակվող անձանց մեջ էին նաև իրենց «Հեղափոխության պահապաններ»   հորջորջած խմբավորման անդամներից:

Հիշեցնենք, որ նրանք այցելում են իշխանություններին ընդդիմադիր անձանց, սպառնում, ստիպում ներողություն խնդրել:

168.am-ը մարտի 12-ին տեղեկացրել էր այն մասին, որ իրենք իրենց հեղափոխության պահապաններ կոչած անձինք, զինվորական հագուստներով, փնտրել ու գտել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին քննադատական, իրենց խոսքով` հայհոյական արտահայտություններ թույլ տված տղամարդուն ու խմբով, սպառնալիքներ հնչեցնելով` պարտադրում էին վերջինիս ներողություն խնդրել։

Համացանցում տարածված եսանյութից երևում էր, որ տարածքը մարդաշատ էր, «Հեղափոխության պահապաններն» էլ չէին խորշում իրենց դեմքերը ցույց տալ ու հոխորտալ։

Ոստիկանությունից 168.am-ի հարցին ի պատասխան` տեղեկացրել էին, որ հրապարակմանը ծանոթ են, կուսումնասիրեն ու լրացուցիչ կտեղեկացնեն արդյունքների մասին, իսկ ավելի ուշ ասացին, որ հրապարակման հիման վրա ոստիկանության Նաիրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

«Ստեղծված նյութերով Գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ուղարկվել է Քննչական կոմիտե նախաքննության»,- ավելի ուշ ասել էին Ոստիկանությունից:

Երեկ էլ այս խմբավորումը կրկին հոխորտում էր 24 ժամում լուծել իշխանության ընդդիմախոսների հարցերը:

Եվ ահա տեղեկացանք, որ «Հայելի» մամուլի ակումբի դեմ հարձակման դեպքով հարուցված քրեական գործը պատրաստվում են կարճել:

Մեզ հետ զրույցում Hayeli.am կայքի գլխավոր խմբագիր, նույնանուն մամուլի ակումբի հիմնադիր, այս գործով տուժող  Անժելա Թովմասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը, 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց, որ քննիչը դեռ իրեն չի ուղարկել գործի շրջանակներում ձեռք բերած նյութերը, բայց, այո, մտադիր է գործը կարճել:

«Չգիտեմ` ինչով է քննիչը հիմնավորում գործը կարճելու իր որոշումը, բայց այնուամենայնիվ, ակնհայտ է, որ նույնիսկ լրացուցիչ ոչ մի քննության կարիք չկար, որովհետև ամբողջն ուղիղ եթերում էր տեղի ունեցել»,- ասաց փաստաբանը:

Հարցին, թե համապատասխանո՞ւմ են իրականությանն այն լուրերը, որ հարձակվողների թվում են եղել նաև իրենց «Հեղափոխության պահապաններ» անվանող խմբավորման անդամներ, փաստաբանը տվեց հաստատական պատասխան:

Զարուհի Փոստանջյանի խոսքով` այստեղ ամենամտահոգիչն այն է, որ ՀՀ-ում կան խմբեր, որոնք հանդես են գալիս բռնության կոչերով, նույնիսկ բռնություն գործադրում, և այդ բռնությունը փաստացի այսօրվա իշխանության առաջին դեմքի կողմից խրախուսվում է:

«Եվ դրա հետևանքն էին մի քանի օր առաջ տեղի ունեցած այդ արյունալի դեպքերը Գավառում, երբ ոստիկանությունը, որը կոչված է պաշտպանել հանրային կարգը, մարդկանց կյանքն ու առողջությունը, փաստորեն, հնարավորություն չի ունեցել իր ուղղակի պարտականությունները կատարել: Մենք այստեղ ունենք գործ պետության կողմից մարդու կյանքի իրավունքը չպաշտպանելու խնդրով, որը ՄԻԵԴ կոնվենցիայով պաշտպանվող իրավունք է»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Վերջինս նշում է, որ վարչապետը հայտարարում է, որ այն, ինչ իրեն չի հաջողվել կատարել, այսինքն` կարող էր դիմել «սամասուդի»` ինքնադատաստանի, բայց չի արել, կան խմբեր, որ իրենք կարող են այդպես վարվել. Փաստ է, որ այդ խմբերը կան, ու իր լայվերի ընթացքում կամ իրավապահների միջոցով վարչապետը որևէ կերպ դրան չի արձագանքում:

«Այս քրեական գործի կարճման նպատակը հենց դրան է ուղղված` խրախուսել այդպիսի խմբավորումների գործունեությունը»,- ասաց Անժելա Թովմասյանի շահերի պաշտպանը:

Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց նաև, որ նշյալ խմբավորման անդամները երկու հայց են ներկայացրել Անժելա Թովմասյանի դեմ զրպարտության վերաբերյալ:

«Դատական նիստը պետք է տեղի ունենար երեկ, բայց արտակարգ դրությամբ պայմանավորված` հետաձգվել է: Անհիմն մեղադրանք է ներկայացված, և ամենազավեշտալին այն է, որ տուժող կողմը փաստացի չի կարողանում պաշտպանել իր իրավունքները, իսկ հարձակվողներն էլ ավելի խրախուսվում են, որ կարողանան լռեցնել իրենց հակառակորդներին»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Հարցին, թե ինչի մեջ են մեղադրում Անժելա Թովմասյանին, փաստաբանը պատասխանեց, որ նրան մեղադրում են այդ խմբավորման գործողությունների վերաբերյալ կարծիք արտահայտելու մեջ:

«Այսինքն`երբ վարչապետը և բռնության կոչ է անում, և զրպարտում է, և վիրավորում է, որևիցե մեկը նրան չի կարողանում պատասխանատվության կանչել, իսկ մյուս դեպքում, երբ կարծիք ես արտահայտում և պաշտպանվում ես, այստեղ փորձում են քեզ քաղաքացիական պատասխանատվության կանչել»,- տարակուսեց փաստաբանը` շեշտելով, որ այս դեպքում մենք գործ ունենք խտրական մոտեցման հետ:

Ըստ Զարուհի Փոստանջյանի` նախորդ իշխանությունների ժամանակ էլ հեշտ չի եղել, և այնպես չէ, որ նրանք մարդու իրավունքները հարգում և պաշտպանում էին, բայց նախորդ իշխանությունները գոնե հրապարակավ փորձում էին իրենց այդ տրամադրությունները քողարկել, այլ ոչ թե հրապարակավ հայտնեին, խրախուսեին և պատժիչ խմբեր ստեղծեին:

«Այնպես չէ, որ նախորդ իշխանություններն ավելի լավն էին, բայց  2018թ. ապրիլ-մայիսի ընդվզումը հենց դրա համար էր: Հիմա փաստացի մենք տեսնում ենք այդ ամենի մի քանի աստիճան ավելի վատ տարբերակը»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: Նա նկատեց, որ հաջորդիվ ավելի վատ է լինելու, որովհետև անպատժելիությունն ավելի ծանր հանցանքներ է ծնում, իսկ այս քրեական գործի կարճումը հենց այդ անպատժելիության ցցուն օրինակ է:

Տեսանյութեր

Լրահոս