«Ծանոթ եմ նաև ԱԳՆ խոսնակի մեկնաբանությանը և այնտեղ չեմ հանդիպել ձևակերպման, որ փուլային տարբերակը ՀՀ-ի համար անընդունելի է»․ Վահրամ Աթանեսյան
168․am-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը։
– Պարոն Աթանեսյան, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը՝ Արցախյան հիմնահարցի կարգավորման փուլային տարբերակի և ռուսական առաջարկների մասին, մեծ իրարանցում է առաջացրել, որին արձագանքեցին թե ՀՀ-ից ԱԳ նախարարի, ԱԳՆ մամուլի խոսնակի մակարդակով, թե Ադրբեջանից ԱԳ նախարարի մակարդակով։ Ինչպե՞ս եք գնահատում բոլոր կողմերի հայտարարությունները: Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ է կատարվում բանակցային սեղանի շուրջ։
– Տեղեկատվության սղության պայմաններում չափազանց դժվար է գոնե մոտավոր տեսակետ ունենալ, թե ինչ է կատարվում բանակցություններում։ Դա ամենախնդրահարույց պահն է, որ տարիներ շարունակ բանակցային գործընթացը ծավալվել է գաղտնիության և գերգաղտնիության պայմաններում։ Սակայն, ընդհանուր առմամբ, դատելով ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունից և դրան հաջորդած ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունից, հիմք ընդունելով այն իրողությունը, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկրները՝ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, չարձագանքեցին Լավրովի հայտարարությանը, կարելի է ենթադրել, որ այսօր բանակցություններն ընթանում են Մադրիդյան հայտնի սկզբունքների շուրջ։ Սա ընդհանուր տպավորություն է։
Իհարկե, կողմերը տրամագծորեն հակառակ մեկնաբանություններ են անում։ ՀՀ ԱԳ նախարարն առաջնահերթություն է համարում ԼՂ կարգավիճակի և անվտանգության հարցերը, ադրբեջանցի պաշտոնակիցն առաջնահերթ է համարում տարածքային ամբողջականության վերականգնումը և փախստականների ու ներքին տեղահանվածների վերադարձը։ Այս իրարամերժ մեկնաբանություններից կարելի է գալ եզրահանգման, որ ուժի մեջ է մնում ԼՂ խնդրի կարգավորման այն հայեցակարգը, որը դեռևս 2009 թվականին համատեղ հայտարարությամբ գաղտնազերծել են Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները։
– Այսինքն՝ այն, ինչ ներկայիս իշխանությունը կոչում է Սերժ Սարգսյանի ժառանգություն և քննադատում։
– Գործող իշխանությունը նախորդներին պետք է քննադատի, դա, ցավալիորեն, Խորհրդային Միությունից մնացած պրակտիկա է։ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանություններն էլ քննադատել են Լևոն Տեր-Պետրոսյանին։ Իհարկե, Սերժ Սարգսյանի իշխանավարման 10 տարիների ընթացքում այդ քննադատությունը եղել է մեղմ, երբեմն՝ նրբաքողարկված, բայց Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման 10 տարիների ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջարկված ծրագիրը կամ այն ծրագիրը, որը 1997 թվականի դեկտեմբերի 2-ին ներկայացրել էին միջնորդները, միշտ էլ եղել է քննադատության թիրախում։
Սա, կրկնում եմ, ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած քաղաքական ավանդույթ է՝ ամեն նոր իշխանություն իր նախորդին քննադատում է, բայց կրկնեմ, մենք գործ ունենք իրականության հետ։ Եթե խոսքը վերաբերում է նրան, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ԼՂ հակամարտությունը պետք է ինչ-որ ժամանակ ստանա խաղաղ բանակցային լուծում, ապա այդ լուծումը լինելու է փուլային։ Սա միանշանակ ակնհայտ իրողություն է։ Համաշխարհային պրակտիկայում չկա որևէ նախադեպ, երբ որևէ կնճռոտ հարց իր լուծումը ստացել է միանգամից։
Վերցնենք ռուս-չեչենական հակամարտությունը։ Չեչնիան անկախություն է հռչակել, տեղի ունեցավ երկու պատերազմ, և կարգավորումը գնաց փուլ առ փուլ, այսինքն՝ սկզբից պայմանավորվեցին կրակի դադարեցման հարցի շուրջ, այնուհետև ռուսական զորքերը դուրս բերվեցին Գրոզնիից, այնուհետև կողմերը եկան համաձայնության, որ կենտրոնն այսքան-այսքան լիազորություններ է տալիս Չեչնիային, ի վերջո, ընդունվեց Չեչենական Հանրապետության Սահմանադրությունը, որ այդ սուբյեկտը պետական կազմավորում է ՌԴ-ի կազմում, փուլային լուծում ստացավ այս հարցը։
Ներկայումս փուլային կարգավորման է գնում Կոսովոյի հարցը։ Չնայած միջազգային հանրության տասնյակ անդամների, երկրների կողմից Կոսովոյի անկախությունը ճանաչվել է, բայց պարզ է, որ խնդիրը վերջնական լուծում չի ստացել, և ներկայումս Բելգրադը և Պրիշտինան բանակցում են Կոսովոն կիսելու մասին, այսինքն՝ այն տարածքները, որոնք սերբաբնակ են, ենթադրվում է, որ պետք է անցնեն Սերբիայի իրավազորությանը, և այն տարածքները, որտեղ ալբանացիներն են մեծամասնություն կազմում, կարող են միավորվել Ալբանիայի հետ։ Այսինքն՝ կարգավորումը փուլային է։
Փուլային է ենթադրվում պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորումը։ Սկզբում ոչինչ չկար, հետո Պաղեստինը ստացավ ինքնավարության կարգավիճակ, այսօր քննարկվում է սահմանազատման և այլ հարցեր, ի վերջո, Պաղեստինի անկախությունը միջազգայնացնելու համար։ Այլ օրինակներ էլ կարելի է բերել, որոնք ցույց են տալիս, որ ոչ մի հակամարտություն միանգամից չի լուծվում, այլ բան է, որ կարելի է, անհրաժեշտ է նախապես համաձայնության գալ, թե ինչ սկզբունքների հիման վրա է տեղի ունենալու կարգավորումը, ինչը և բանակցությունների առարկա է վերջին 10-12 տարիներին սկսած 2007 թ., երբ կողմերին առաջարկվել են Մադրիդյան սկզբունքները։ Այս սկզբունքների շուրջ համաձայնություն այս պահի դրությամբ չկա, և այն, ինչ խանգարում է համաձայնությանը, դա սահմանազատման և ԼՂ կարգավիճակի որոշման ընթացակարգի հետ կապված հարցերն են։ Ադրբեջանը չի ընդունում, որ ԼՂ-ն հանրաքվեով կարող է ստանալ միջազգայնորեն ճանաչված անկախություն, Ադրբեջանը պնդում է, որ ԼՂ կարգավիճակը կարող է որոշվել միայն իր տարածքային ամբողջականության շրջանակում, դա, բնականաբար, հայկական կողմը չի ընդունում։ Նախկինում դիվանագիտական այսպիսի մի բանաձև էր աշխատում՝ ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ։ Եթե կողմերը երբևէ հանգեն սկզբունքների շուրջ համաձայնության, ապա կարգավորումը լինելու է փուլային՝ սահմանազատում, անվտանգության գոտի, միջանկյալ կարգավիճակ ԼՂ-ի համար, հանրաքվեի անցկացման ժամկետներ։ Սրանք հարցեր են, որոնք պետք է դառնան քննարկման առարկա։ Այսինքն՝ փուլային բառից մեր հասարակությունը չպետք է իրեն այդքան վատ զգա և այդքան զգացմունքային արձագանքի, եթե խոսքը գնում է խաղաղ բանակցված կարգավորման մասին։
Այլ բան է, որ ոչ մի հայ, այդ թվում՝ այսօրվա իշխանությունը, նախորդ իշխանությունը, դրա նախորդ իշխանությունն այսօրվա ստատուս-քվոն փոխելու ցանկություն գործնականում չունի։ Այսինքն՝ բոլորի ցանկությունն այն է, որ ԼՂ խնդիրը լուծվի փաստացի իրավիճակի միջազգային լեգիտիմացմամբ։
Մենք ունե՞նք փաստացի այսօրվա իրավիճակը լեգիտիմացնելու հնարավորություն, ռեսուրսներ, ովքե՞ր են այդ հարցում մեր դաշնակիցները, ովքե՞ր են թիկունք կանգնելու, եթե վաղը Հայաստանը ստիպված լինի բանակցությունների խզման դեպքում ճանաչել ԼՂ անկախությունը կամ հռչակել ԼՂ-ի հետ մեկ միասնական պետություն։
Այս հարցերը պետք է դառնան ներքին դիսկուրսի, ներքին քննարկումների, ռազմավարության մշակման առարկա, իսկ մենք զգացմունքային հայտարարություններ ենք անում, մեղադրում, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հողեր տալ, հողերը ծախել, ինչպես ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանին էին ասում, ինչպես Ռոբերտ Քոչարյանին էին քննադատում, որ Հայաստանի տարածքը փոխանակում է ԼՂ-ի հետ, և այլն։ Սրանք զգացմունքային տեսակետներ են և զգացմունքային որակավորումներ են, որ մեր ժողովրդին բնորոշ են։
– Ուշագրավն այն է, որ հասարակությունը խորշում է փուլային ձևակերպումից, բայց ՀՀ ԱԳՆ-ն իր հերթին՝ պնդում է, որ փուլային տարբերակ չի քննարկվում, այդ մասին ասել էր օրերս ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ռուսական «Կոմերսանտին» տված մեկնաբանության մեջ։ Եթե փուլայինին այլընտրանք չկա, ինչո՞ւ է ՀՀ ԱԳՆ-ն նման բան պնդում։
– Ես ծանոթ եմ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած տեսակետին, ծանոթ եմ նաև ԱԳՆ խոսնակի մեկնաբանությանը և այնտեղ չեմ հանդիպել ձևակերպման, որ փուլային տարբերակը ՀՀ-ի համար անընդունելի է։
– Աննա Նաղդալյանը նշել էր, որ փուլային տարբերակ չի քննարկվում։
– Ես այդ մեկնաբանությանը ծանոթ չեմ, հիմք եմ ընդունում Զոհրաբ Մնացականյանի մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած տեսակետը, որտեղ նման բառացի ձևակերպում չկա, դրա ենթատեքստում էլ չկա։
Զոհրաբ Մնացականյանն ասում է, որ կարգավորման հայկական կողմի փիլիսոփայությունը հենվում է երկու կարևոր սկզբունքի վրա, դա ԼՂ-ի ինքնորոշումն է և ԼՂ բնակչության անվտանգության երաշխիքների հարցը, և քանի դեռ այս հարցերում առաջընթաց չկա, ընկալունակություն չկա Ադրբեջանի կողմից, մենք, ինչպես նախարարն է ասում, տարածքները դիտարկում ենք՝ որպես անվտանգության հարց։
Այսինքն՝ փաստացի ասում է, որ հայկական կողմը միակողմանի զիջումների չի գնալու տարածքների հարցում, քանի դեռ չի հստակեցվել ԼՂ կարգավիճակի ընթացակարգը և անվտանգության երաշխիքների հարցը, ինչին Ադրբեջանի ԱԳ նախարարը պատասխանեց, որ չի կարող տարածաշրջանում լինել խաղաղություն, քանի դեռ հայկական զորքերն օկուպացնում են Ադրբեջանի տարածքը, և նկատել տվեց, որ Ադրբեջանի համար հետաքրքիր չէ ԼՂ-ի կարգավիճակի հարցի քննարկումը, քանի որ առաջնայինը ԼՂ-ի շուրջ տարածքների վերադարձն է, այնտեղ փախստականների, ներքին տեղահանվածների վերադարձի հարցը:
Այսինքն՝ փաստորեն պարզ դարձավ, որ այսօր բանակցային գործընթացում որևէ առաջընթաց ակնկալելու հիմք չկա պարզապես։ Բանակցությունները կարող են շարունակվել, և դրանցում, ըստ էության, ինչպես վկայեց ՄԽ համանախագահների հայտարարությունը, քննարկվում են բոլորովին այլ հարցեր՝ հումանիտար բնույթի հարցեր, հարցեր՝ կապված կորոնավիրուսի վտանգի հետ, հետաձգված պայմանավորվածություններ, որոնք պետք է իրականացվեին կողմերի միջև, և ԱԳ նախարարների հետագա հանդիպման հարցեր։ Այսինքն՝ գործնական բանակցություններ չկան, այս իմաստով ՀՀ ԱԳՆ հայտարարությունը տրամաբանորեն դառնում է արդարացի և հավաստի՝ ամենակարևորը։
– Այսինքն՝ մոտ ապագայում բանակցություններին ԼՂ մասնակցության համար հնարավորություն չեք տեսնում։
– Քաղաքականության մեջ ասում են․ «Երբեք մի ասա՝ երբեք»։ Ես չասացի, թե չի վերադառնա, չեմ կարող ասել, թե անպայման վերադառնալու է, ես կարող եմ փորձագիտական կարծիք հայտնել, որ բանակցություններում առաջընթաց ակնկալելու համար անհրաժեշտ է, որ կողմերը վերաթարմացնեն 1994 թվականի հրադադարի մասին համաձայնագիրը և այն դարձնեն հակամարտության զինված փուլի ավարտը նախանշող եռակողմ պայմանագիր՝ առանց մանրամասնությունների մեջ խորանալու՝ կնքում են պայմանագիր, որ հակամարտության զինված փուլն ավարտվում է, օրակարգից հանում են պատերազմի վերսկսման հարցը և պարտավորվում են քաղաքական հարցերը քննարկել այս-այս սկզբունքների հիման վրա՝ Մադրիդյան սկզբունքներ, Հելսինկյան եզրափակիչ ակտ՝ ուժի կիրառման բացառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների իրավահավաասարություն և ինքնորոշման իրավունք։ Բայց արդյո՞ք Ադրբեջանն այդքան կամք կցուցաբերի, թե՞ միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանի վրա ճնշում գործադրի, որպեսզի Ադրբեջանն ընդունի կարգավորման այդ հայեցակարգը։
Անկեղծորեն ասեմ, որ Բաքվում ոչ մի վերլուծաբան, քաղաքագետ չի համարձակվում ասել, որ Լավրովի հայտարարությունը համապատասխանում է Ադրբեջանի շահերին, նրանք ընդամենը կոնտեքստից կտրում են Լավրովի հայտարարության մի մասը, որ ԼՂ-ի շուրջ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, և բաց են թողնում Լավրովի, ՌԴ ԱԳՆ ասելիքի երկրորդ մասը, որը վերաբերում է ԼՂ վերջնական կարգավիճակին, նրա բնակչության ազատ կամարտահայտությանը, ինչը պետք է իրավական պարտադիր ուժ ունենա կողմերի համար։
Այսինքն՝ Ադրբեջանն ինքն էլ մերժում է Մադրիդյան սկզբունքները, խնդիրը նրանում է, որ Ադրբեջանը մերժում է, բացառում է ԼՂ-ի ինքնորոշման՝ ազատ ինքնորոշման իրավունքը, և բանակցությունների հիմնական խոչընդոտը դա է։ Եթե Ադրբեջանը ընդունի դա, ապա բանակցություններում տեղի կունենա ճեղքում, և, բնականաբար, մյուս հարցերը կվերածվեն զուտ տեխնիկականի։