Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դեպքում բանկերում գրավի, գույքային իրավունքի առարկա հանդիսացող գույքի մասով կառաջանան խնդրահարույց իրավիճակներ. Բանկերի միության գործադիր տնօրեն
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը, որն ուղարկվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրությանը. օրենքի ստորագրումից հետո բռնագանձման կարող են ենթարկվել նաև այն գույքերը, որոնք 1991 թվականից ցայսօր գրավադրված են ՀՀ բանկերում, և հիմա պարզվել է, որ, ըստ, իրավասու մարմնի, ունեն ապօրինի ծագում:
Հաշվի առնելով հայաստանյան բանկերի համար խնդրի կարևորությունը՝ 168.am-ը հարցեր է ուղղել Բանկերի միությանը։ Մեր հարցերին պատասխանել է Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:
– Ինչպիսի՞ն է ՀՀ բանկերի միության գնահատականն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ:
– Բանկային համակարգի գործունեության տեսանկյունից նշված օրենքի նախագծի շրջանակում հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ ներկայացված որոշ կարգավորումներ բանկային ոլորտում կարող են առաջացնել բնականոն գործունեությունը խաթարող ռիսկային իրավիճակներ: Մեր տեսանկյունից` ներկայացված նախագծում լիարժեք կարգավորված չէ բանկերի իրավունքի պաշտպանության ինստիտուտը, օրենքի կիրառման ժամանակ կարող են առաջանալ խնդրահարույց իրավիճակներ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դեպքում բանկերում գրավի և այլ գույքային իրավունքի առարկա հանդիսացող գույքի մասով: Ըստ այդմ ունենք խնդիր և վերջինիս լուծման անհրաժեշտություն:
Հարկ ենք համարում նաև նշել, որ միջազգային փորձի մեր ուսումնասիրությունները նույնպես վկայում են, որ պետության կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացներում անդրադարձ է կատարվում նաև վարկատուների իրավունքների պաշտպանությանը, և այդ կարգավորումն ամրագրվում է օրենսդրությամբ: Այս իմաստով ու հաշվի առնելով, որ նախագիծը ՀՀ օրենսդրության մեջ ենթադրում է նոր իրավական ինստիտուտ, խիստ կարևոր ենք համարում, որ մինչև նախագծի ընդունումն այս խնդիրը ստանա ամբողջական լուծում: Ցանկացած օրինագիծ շատ հաճախ ազդեցություններ է ունենում ոչ թե հիմնական նպատակի, այլ հարակից ոլորտների ու գործընթացների վրա, և խնդիրն այդ ազդեցությունները չեզոքացնելն է, ինչը բխում է մեր տնտեսության շահերից:
– Չկա՞ արդյոք մտավախություն, որ օրենքի կիրառումից հետո բանկերում գրավադրված բազմաթիվ գույքեր կբռնագանձվեն, բանկերը կզրկվեն գումարի դիմաց իրենց՝ որպես երաշխիք տրված միջոցներից, կկորցնեն ժամանակին դրանց դիմաց տրված ֆինանսական միջոցները։
– Ակնհայտ է, որ նմանատիպ խնդրի առաջացումը չպետք է բացառել, և դա պետք է հաշվի առնվի ու իրացվի օրենքի նախագծում: Խնդիրն այն է, որ օրենքի նախագծում բացակայում է այս հարցի ամբողջական կարգավորումը, և նախագիծն այսպես ընդունվելու դեպքում, այո, բանկերը կունենան էական անորոշություն, կարող են առաջանալ նաև էական ռիսկեր:
– Արդյո՞ք տեսնում եք ՀՀ նախագահին դիմելու և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը Սահմանադրական դատարան ուղարկելու անհաժեշտություն:
– Հայաստանի բանկերի միությունը ՀՀ Արդարադատության նախարարություն է ներկայացրել ՀՀ բանկերի դիտողություններն ու առաջարկությունները նախագծի վերը նշված հիմնական խնդրահարույց դրույթների վերաբերյալ, ներկայացվել են նաև առկա հնարավոր ռիսկերն ու դրանց լուծման ճանապարհները, որոնք հետագայում նաև քննարկվել են: Թեև օրենքի նախագիծն ԱԺ-ում առաջին ընթերցումից հետո մինչ 2-րդ ընթերցումն ու ամբողջությամբ ընդունվելը ենթարկվել է որոշակի փոփոխությունների, սակայն պետք է նշել, որ դեռևս առկա են վերադիտարկման ենթակա որոշ դրույթներ: Մնացած հնարավոր քայլերը պետք է որոշվեն ըստ անհրաժեշտության՝ նպատակ հետապնդելով՝ ունենալ մասնագիտական հենքի վրա առաջարկվող լուծումներ:
– Արդյո՞ք գործադիրի վարած, հատկապես որոշ առումով բանկային համակարգին առնչվող քաղաքականությունը չի վնասում, և արդյո՞ք մտավախություն չկա, որ այն, հատկապես ստեղծված իրավիճակում, կարող է հանգեցնել տարիների ընթացքում ստեղծված բանկային կայուն համակարգի փլուզմանը։
– Արդեն անդրադարձա, որ խնդիրը բանկային համակարգում կարող է առաջացնել անորոշություններ ու էական ռիսկեր: Պետք է արձանագրենք, որ խնդիրը ոլորտին առնչվող իրավական-մասնագիտական հարթության վրա է, խնդրի չեզոքացման անհրաժեշտությունը բխում է բանկային համակարգի ու տնտեսության զարգացման շահերից ու, վերջապես՝ խնդրի լուծման իրավաչափության ու օբյեկտիվության անհրաժեշտությունն ակնհայտ են: Օրենքի կիրառման գործընթացը պետք է այնպես կանոնակարգել, որպեսզի նշված հնարավոր ռիսկերը հասցվեն նվազագույնի:
– Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները բանկային համակարգի վրա:
– COVID19-ի զարգացման հնարավոր սցենարների ազդեցությամբ կարելի է կանխատեսել տնտեսական «ճնշումների» հնարավոր մեծացում, որն էլ իր անդրադարձը կունենա բանկային համակարգի վրա: Ներկայում առևտրային բանկերն իրականացնում են օպերատիվ կառավարման ու ռազմավարական պլանավորման աշխատանքներն այս հիմնախնդրի հնարավոր զարգացումները կանխատեսելու նպատակով, որպեսզի առավելագույնս բալանսավորվեն խորքային ռիսկերի չեզոքացումն ու հանրությանը մատուցվող ծառայությունների անհրաժեշտ որակն ու ծավալները։ Հարկ եմ համարում նաև նշել, որ COVID19-ի ազդեցությամբ ստեղծված իրավիճակին մեր բանկային համակարգի մեկնարկային արձագանքն արագ էր, ադեկվատ ու պրոֆեսիոնալ։