«Ամենասարսափելի թալանչիությունն ու գողությունն այն է, որ թալանվում է մարդկային ամենամեծ արժեքը՝ մարդկանց հավատը»․ Վահրամ Բաղդասարյան

Հարցազրույց ԱԺ «Հանրապետական» խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ

– Պարոն Բաղդասարյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ կոմունալները չվճարելը կարող է հանգեցնել երկրում էներգետիկ համակարգի կոլապսի։ Բայց հիշում ենք, որ թավշյա հեղափոխության օրերին Հանրապետության հրապարակից կոմունալները չվճարելու կոչեր էին հնչում։ Այն ժամանակ երկրի էներգետիկ համակարգը կոլապսի ենթարկելու վտանգ չկա՞ր։

– Ինչո՞ւ եք միայն կոմունալները չվճարելու կոչերը հիշում։ 2018թ․ Հանրապետության հրապարակում հայտարարվում էր՝ գազը թալանվում է, սահմանի վրա էժանով վերցնում են, թանկ վաճառում, երբ մենք լինենք իշխանություն՝ գազը կես գին կդառնա։ Կուտակային կենսաթոշակային համակարգին միանշակ դեմ էին, տեսանկարահանող սարքերը անմիջապես պետք է վերանային, կարմիր գծերը պետք է վերանային․․․ քանի՞սն ասեմ այդ հայտարարություններից։ Խոստանում էին աննախադեպ ներդրումներ։ Սկզբում ներդրումներին խանգարում էր կառավարությունը, նրանք փոխվեցին, հետո ասացին՝ ԱԺ-ն է մեղավոր, ԱԺ-ն էլ լուծարեցին։ Ներդրումները մնացին նույնը։ Հետո ասացին՝ ՍԴ-ն է մեղավոր, և այլն։

Այսինքն՝ ո՞րն ասեմ։ Ես խնդրում եմ՝ բացեք ապրիլի 16-ի իր ելույթը, և տեսեք՝ ո՞րն է այդ կետերից կատարված։ Դա պարզապես ժողովրդի հավատը շահելու և իշխանության գալու միտում էր։ Եվ այն բոլոր ծրագրերը, որոնք արել են նախորդ իշխանությունները, նրանք շարունակում են, որովհետև այս թիմով չեն կարող որևէ նորարարություն անել։ Ի՞նչ է նշանակում՝ կոմունալներն ընդհանրապես չպետք է մուծել։ Դե, հարկերից էլ ազատեք, հարկերն էլ չմուծեն, տեսնեմ՝ ոնց պետք է ապրի այս ժողովուրդը։

– Հարցս կոմունալներին էր ուղղված, որովհետև Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց, որ կոմունալները չվճարելով՝ կոլապսի ենք ենթարկում մեր էներգետիկ համակարգը։

– Ընդհանուր առմամբ, ինքը ճիշտ է ասում։ Երկիրը կոլապսի կենթարկվեր նաև այն ժամանակ, եթե իմ նշած այդ բոլոր կետերն իրենք իրականություն դարձնեին։ Հիմա կոլապսն անխուսափելի է, նման տիպի տնտեսական կանխատեսումները որ կան, երբ մենք գնում ենք առանց տնտեսական զարգացման, միայն խոսքերով կերակրելով՝ մենք չենք կարող խուսափել կոլապսից։ Իհարկե, բոլորս պարտավոր ենք կոմունալները վճարել։ Այս իրավիճակի հետ կապված՝ կառավարությունը պարտավոր էր լինել ավելի ճկուն, նոր մեխանիզմներ մշակեր, որպեսզի մարդիկ շնչեին․ եկամուտ չունեցող մարդկանց արտոնություններ պետք է տրվեր, ժամանակացույց տրվեր, թե չէ այդպես ասելով՝ կոլապսի կենթարկվի, և պետք է անջատենք գազը, լույսը, ջուրը, նման իրավիճակներում այդ խնդիրներն այդպես չեն կարգավորվում։ Դա այն պատճառով է, որ այդ թիմի յուրաքանչյուր անդամ հակասական հայտարարություն է կատարում, հակասում են մեկը մյուսին։

– Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթներում նկատելի է այն միտքը, որ, եթե հասարակությունը դժգոհ է գործող իշխանությունից, հեղափոխություն թող անի, այսօր էլ բառացի հայտարարեց. «Հայտարարել ենք, 100 տոկոսով մեր հայտարարածն իրականություն չի դարձել, դա էլ մեր քաղաքական պատասխանատվությունն է, ուրեմն՝ մենք այդքանով վատ իշխանություն ենք, վատ կառավարություն ենք, այդքանով այդ ինֆորմացիան ընդունեք ի գիտություն՝ ձեր հետագա գործողությունների, դիրքորոշումների, ամեն ինչի համար։ Հայհոյեք մեզ, ձեր բոլոր իրավունքներից օգտվեք»։ Այս ամենն ի՞նչ է նշանակում։

– Ես վաղուց եմ ասել, որ յուրաքանչյուր երկրի տնտեսության համար ամենավտանգավոր բանը հեղափոխություն բառն է։ Հեղափոխություն նշանակում է՝ տվյալ երկիրը, տնտեսությունը ետ մղել մի քանի տարով։ Մեկ անգամ չեղած հեղափոխությունը նրանք անվանակոչեցին հեղափոխություն, ինչը բավականին վանող էր ներդրողների համար, հիմա էլ նորի՞ց հեղափոխություն պետք է կոչենք՝ ինչ-որ իշխանափոխություն։ Նույն Նիկոլ Փաշինյանը հրապարակում հայտարարում էր՝ դուք եք բերել ինձ, երբ ցանկանաք՝ ես կհեռանամ։ Էլ ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը։ Ինքը չի՞ տեսնում, մոնիտորինգ չի՞ արվում՝ ինչքան են ցանկացողները, զոմբիացած մարդիկ ինչ քանակությամբ են մնացել։ Ինքը դրանից հետևություններ պետք է անի։ Ամենահեշտը հեռանալն է, բայց այդպես հեշտ չեն հեռանում։ Հեռանալը փրկություն է։

– Բայց Դուք նրա մոտ հեռանալու տրամադրություններ նկատո՞ւմ եք։

– Լավ ճանաչելով Փաշինյանին՝ չեմ կարծում, որ նա այդքան հեշտ հեռանա։ Ես դրանց վերաբերվում եմ՝ որպես զուտ հայտարարությունների։ Եթե հեղափոխության ճանապարհով պետք է հեռանա, դա աբսուրդ է, որովհետև որևէ խելամիտ երկիր և, առհասարակ, այս ժողովուրդը, ինձ չի թվում, որ երկրորդ անգամ խաբկանքի կենթարկվի ու հեղափոխության անվան տակ այդ ամենը կանի։

Այո, կլինեն ակցիաներ, պահանջներ և այլն, բայց հեղափոխություն բառից պետք է խուսափենք։ Հեղափոխությունը վտանգավոր բառ է։ Սևերի և սպիտակների բաժանման մեջ առավել ցայտուն էր հակահեղափոխական տերմինը, որը շատ վտանգավոր բառ է։ Ես չեմ հիշում որևէ դեպք, որ առաջնորդը նման իմիջ ունենար, ինչպես ինքն ուներ ապրիլյան մի քանի օրերի ընթացքում։ Ես չգիտեմ՝ ինչ մտածելակերպ պետք է ունենան, որ իրենք դիտավորությամբ պառակտեցին ժողովրդին, բաժանեցին սևերի, սպիտակների, դեղինների, գալուբոյների, և այլն։ Նրանց հակաեկեղեցական, հակաքրիստոնեական քայլերն անհասկանալի են։

Այսինքն՝ ազգային արժեքներից հետ կանգնելով՝ ինքը հետ կանգնեց ժողովրդից։ Ես մի նախադասություն կարող եմ ասել, որ անընդհատ հնչում են՝ թալանչիներ, գողեր, ավազակներ: Այսինքն՝ դա իշխանության երկարացման տենչանք է, որ այդ բառերով կերակրում են ժողովրդին։ Բայց ամենասարսափելի թալանչիությունն ու գողությունն այն է, որ մարդկային ամենամեծ արժեքն է թալանվում՝ մարդկանց հավատը, որ պարզապես գողանում են ամբոխավարության միջոցով։ Ամենամեծ թալանչիներն այդ մարդիկ են, հետևությունները թողնում եմ ձեզ։

Տեսանյութեր

Լրահոս