«Հայտարարել ենք, 100%-ով մեր հայտարարածն իրականություն չի դարձել, դա էլ մեր քաղաքական պատասխանատվությունն է․ ընդունեք ի գիտություն՝ ձեր հետագա գործողությունների համար»․ Նիկոլ Փաշինյան
«Նախ՝ մեր 11-12 ծրագրերի շահառուներից ոչ մեկի հոսանքը չի անջատվել, խոսքը մոտ 300 հազար բաժանորդի մասին է։ Բայց ակնհայտորեն խնդիր կա, որ մենք չենք կարողանում տեղորոշել բոլոր իրական կարիք ունեցողներին։ 4300 մարդը, որոնց հոսանքն անջատել են, ենթադրում ենք, որ նրանց առնվազն մի մասն իրոք կարիքավորներ են, և մենք պետք է գտնենք այդ կարիքավորներին և լուծենք նրանց խնդիրները, բայց նրանք, ովքեր գուցե կարիքավոր են և ունեն նաև հնարավորություն՝ այդ հոսանքի գումարը վճարելու, նրանք կվճարեն, և իրենց հոսանքը չի անջատվի»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց՝ վերահաս ճգնաժամից խուսափել ենք, որովհետև էներգետիկ ցանցերն այս վճարումներով փակել են մատակարարների առաջ իրենց ունեցած պարտքը․ «Եթե այդ էներգետիկ համակարգի աշխատողներն աշխատավարձ չստանան, էլի մեկ սոցիալապես անապահով խումբ է, չէ՞, ձևավորվելու, որին նորից կառավարությունը պետք է օգնի։ Հետևաբար՝ այս ձևով կառավարությունը կամ ՀԾԿՀ-ն լուծել է նաև այդ սեգմենտի հարցը, լուծել է նաև նպաստառուների հարցը, որ այդ էներգետիկ համակարգը հարկեր վճարի, և մենք կարողանանք այդ նպաստառուների նպաստները վճարել»։
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե որն է իշխանության նպատակը․ «Այն մարդիկ, ովքեր իրոք ունեն սոցիալական խնդիր, չունեն վճարելու հնարավորություն, այդ մարդկանց մենք օգնենք, իսկ այն մարդիկ, ովքեր ունեն վճարելու հնարավորություն և չեն վճարում, այդ մարդկանց մենք չօգնենք, որովհետև նրանք օգնության կարիք չունեն։ Մեր հակաճգնաժամային քաղաքականության ամբողջ իմաստն այն է, որ օգնենք նրանց, ովքեր օգնության կարիք ունեն։ Ցավոք, մենք այսօր չենք կարողանում ճշգրիտ տեղորոշել այն մարդկանց, ովքեր այդ օգնության կարիքն ունեն, և մեր նաև էմոցիոնալ որոշումներից օգտվում են մարդիկ, ովքեր այդ օգնության կարիքը չունեն։ Եթե մարդը 1 մլն դրամի սպառել է, նշանակում է՝ հաշվարկել է, որ այդ հնարավորությունն ունի, դա սոցիալական մինիմում չի։ Գիտեմ, որ սա շատերիդ ջղայնացնում է, ասում եք՝ այն ժամանակ հայտարարել էիք, որ արտակարգ դրության ժամանակ անջատում չի լինելու, այո, հայտարարել էինք, այն ժամանակ մարտի 30-ն էր, և մենք չգիտեինք, որ արտակարգ դրությունը երկարացնելու ենք։
Բոլորդ արդեն պատրաստվեք, որ մինչև հաջորդ տարվա մարտը կորոնավիրուսը լինելու է, և եթե մենք չսովորենք կորոնավիրուսի պայմաններում ապրել բնականոն կյանքով, այդ թվում՝ կոմունալները վճարելով, մենք կոլապս ենք ունենալու, մենք արդեն ոչ թե 4000 ընտանիքի հետ կապված խնդիր ենք ունենալու, մենք ամբողջ երկրի էներգետիկ համակարգի, ֆիսկալ համակարգի, տնտեսական համակարգի հետ խնդիր ենք ունենալու։ Հայտարարել ենք, 100 տոկոսով մեր հայտարարածն իրականություն չի դարձել, դա էլ մեր քաղաքական պատասխանատվությունն է, ուրեմն՝ մենք այդքանով վատ իշխանություն ենք, վատ կառավարություն ենք, այդքանով այդ ինֆորմացիան ընդունեք ի գիտություն՝ ձեր հետագա գործողությունների, դիրքորոշումների, ամեն ինչի համար։ Հայհոյեք մեզ, ձեր բոլոր իրավունքներից օգտվեք»։
Միևնույն ժամանակ՝ վարչապետը նշեց, որ չեն կարող թողնել, որ էներգետիկ համակարգը կոլապսի ենթարկվի․
«Մենք այն ժամանակ չգիտեինք, որ արտակարգ դրությունը չի երկարելու, մենք չգիտեինք, որ մի տարի տևելու է։ Մի տարի եմ ասում, բայց կարող է ավելի երկար տևի։ Ճգնաժամը նրանով է ճգնաժամ, որ բոլորս տուժելու ենք, ինչ-որ ձևով երկիրը, կառավարությունը, քաղաքական վստահելիությունը, ամեն ինչը տուժելու է, եթե այդպես չլիներ՝ ճգնաժամ չէր լինի։ Առավել ևս՝ այս ճգնաժամը, որը կանխատեսելի չէ, ընդ որում՝ ոչ միայն ՀՀ-ի համար։ Վերջին մի ամսում առաջարկ են անում՝ եկեք՝ պետական գանձարանի փողերը հանենք, բաժանենք ժողովրդին։ Որ բաժանենք ժողովրդին, դրանով լուծվելո՞ւ է հարցը։ Ո՞վ գիտի՝ դրանից հետո ինչ է լինելու։
Իսկ երբ գանձարանում էլ փող չլինի, մենք գիտե՞նք՝ այդ ժամանակ ինչքան փողի կարիք ենք ունենալու, մենք գիտե՞նք՝ մեր կենսական կարիքներն ու անհրաժեշտությունները որոնք են լինելու։ Շատ հեշտ է այդ ամենն ասել։
Իմ առաջին գործն օպերատիվ մարտահրավերներին արձագանքելն է, և ես հասկանում եմ, որ բոլորս տուժելու ենք։ Բայց իմ խնդիրն այն է, որ երկիրն այս իրավիճակից դուրս գա հնարավոր նվազագույն կորուստներով, ինչը չի նշանակում, որ այդ կորուստները փոքր են լինելու։ Եվ մեր ռազմավարությունն է՝ այս ճգնաժամը օգտագործել՝ որպես հնարավորություն»։