Բաժիններ՝

«Մեկ շաբաթ ցուրտ եղավ, և ամբողջ Կոտայքի մարզում ծիրան չկա, գոյություն չունի»․ Հարություն Մնացականյան

Գյուղատնտես Հարություն Մնացականյանը 168am-ի հետ զրույցում ասաց, որ Կոտայքի մարզում ծիրանն ամբողջությամբ ցրտահարվել է․ «Խնձորը որտեղ ծաղկած է եղել՝ ցրտահարվել է, որը ուշ է ծաղկել՝ ոչինչ չի եղել։ Կեռասը չի վնասվել»։ Միևնույն ժամանակ նա նշեց, որ Արարատյան դաշտում ցրտահարություն չի եղել։

Անձրևային եղանակը, ըստ նրա՝ շատ օգնել է աշնանացան-գարնանացան ցորենին․ «Բարձրադիր գոտիներում ովքեր չէին հասցրել գարնանացան անել, մեկ շաբաթ հետ ընկան։ Պարարտացման գործընթացին է խանգարել»։

Դիտարկմանը՝ որոշ մասնագետներ ասում են՝ տարին բարենպաստ է գյուղատնտեսության համար, նա արձագանքեց․ «Այս շրջանում ոչ ոք չի կարող իմանալ՝ տարին բարենպա՞ստ է, թե՞ ոչ, բարենպաստը ո՞րն էր՝ այս ցրտահարությունը։ Մեկ շաբաթ անձրև է եկել, դրանով չի որոշվում, կարող է՝ մեկ ամիս անձրև չգա, և ամբողջը հարամվի։ Անցած տարի էլ այդպես եղավ՝ գարնանը լավ անձրև եկավ, հետո երաշտ սկսվեց, և հացահատիկի բերքը կիսով չափ կրճատվեց, դրա համար գյուղատնտեսությունն անկում գրանցեց։ Մեկ շաբաթ ցուրտ եղավ, և ամբողջ Կոտայքի մարզում ծիրան չկա, գոյություն չունի։ Սա բարենպաստ եղանակի արդյո՞ւնք է»։

Ինչ վերաբերում է այն կարծիքներին, որ ծիրանի իրացման խնդիր ենք ունենալու, նա հետևյալն ասաց․ «Իրացման խնդիր չենք կարող ունենալ, անցած տարի էլ չենք ունեցել, որովհետև Լարսն աշխատել է։ Իրացման խնդիր կարող է լինել միայն Լարսի փակվելու դեպքում։ Ռուսաստանը 149 միլիոնանոց շուկա է, սննդի պահանջարկ այնտեղ միշտ կա։ Ով ասում է, որ իրացման խնդիր ենք ունենալու, սխալ է ասում։ Լարսից է կախված։ Մինչև 2017թ․՝ մինչև Կարեն Կարապետյանի գալը, ամեն տարի ծիրանի սեզոնին, չգիտես՝ ինչու, Լարսը մի 10 օրով փակվում էր։ Կարեն Կարապետյանից հետո այդ խնդիրը չեղավ, այս տարի չենք կարող ասել՝ ինչ կլինի, բայց եթե Լարսը նորմալ աշխատեց՝ ծիրանի խնդիր չենք ունենա։

Օրինակ՝ խնձորի իրացման խնդիր ունենք, որովհետև մեզ մոտ խնձորի այգիները շատ-շատ են, Ռուսաստանում էլ են շատ, և վերջին 2 տարին խնձորի իրացման խնդիր ենք ունենում։ Եթե նորմալ բերք ենք ունենում, խնձորի գինը լավ իջնում է՝ մինչև 100 դրամ։ Իսկ մնացած բուսատեսակների առումով վերջին 2 տարին ոչ մի խնդիր չենք ունեցել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս