«Երկրները, որոնք գնացել են նման մեղմացման, սեփականության իրավունքի պաշտպանվածության բավականին լուրջ ավանդույթ ունեն». Բագրատ Ասատրյան

Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը «Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» աղմկահարույց օրենքը համարում է անբովանդակ փոփոխություն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սահմանադրական դատարանը հետաձգել է նախագահ Արմեն Սարգսյանի՝ այսօր նախատեսված դիմումի քննությունը. Ինչպես հայտնի է, նախագահը դիմել էր ՍԴ՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և դրան փոխկապակցված «Բանկային գաղտնիքի մասին» օրենքների սահմանադրականությունը պարզելու համար: Նիստը կկայանա հունիսի 16-ին:

Բագրատ Ասատրյանը համոզված է, որ հասարակական ընկալումներն ու սպասումներն այս փոփոխության վերաբերյալ էապես տարբերվում են օրենքով նախատեսված լուծումներից.

«Իմ կարծիքով՝ իրավապահ մարմիններից մի հատված կա շատ ագրեսիվ՝ առանց խորանալու խնդրի բովանդակության մեջ, փորձում է կարճ լուծումներ գտնել, արատավոր մոտեցում, որը ոչ իրենց էր բան տալու ու ինչ-որ չափով ոչ էապես վնասելու էր բանկերին:

Հասարակության մեջ սրա ընկալումն այլ է. մեր քաղաքացիների զգալի մասը համարում է, որ վերացվում է բանկային գաղտնիքը: Հուսով եմ, որ Սահմանադրական դատարանը հստակ դիրքորոշում կունենա»:

Քանի որ սա հեղափոխությունից հետո «Բանկային գաղտնիքի մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու միակ փորձը չէ (ՊԵԿ-ը նույնպես հանդես էր եկել նման նախաձեռնությամբ, սակայն հաշվի առնելով հանրային արձագանքը՝ ձեռնպահ մնաց շարունակությունից), տնտեսագետից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված այդ օրենքի շուրջ գործող իշխանությունների այդչափ հետաքրքրվածությունը:

«Եթե օբյեկտիվ լինենք, այսօր աշխարհում երկրների մեծամասնությունը նման օրենքներ չունեն՝ «բանկային գաղտնիքը» դարձել է մշակույթ և, այո՛, շատ երկրներում բանկերը բաց են, այդ տեղեկատվությունը համապատասխան մարմինները՝ հարկային, իրավապահ և այլ, ստանում են:

Սա իրողություն է, բայց իրողություն է նաև այն, որ երկրները, որոնք գնացել են նման մեղմացման, սեփականության իրավունքի պաշտպանվածության բավականին լուրջ ավանդույթ ունեն, այդ թվում՝ բանկերում եղած միջոցների նկատմամբ այդ իրավունքը լիարժեք աշխատում է, այսինքն՝ մշակույթն այն աստիճան է կայացված, որ օրենքի կարիք չկա: Մենք, ցավոք, դեռ այդ երկիրը չենք, և վաղ է այս կարգի լուծումներ տալ: Համոզված եմ, որ մեզ այդ օրենքը պետք է, համոզված եմ նաև, որ այդ օրենքը նաև բանկերում միջոցների ներգրավման կամ ներկայիս պայմաններում արտահոսքը կանխելու լրացուցիչ երաշխիք է հանդիսանում»,-  արձագանքեց Բագրատ Ասատրյանը:

Տեսանյութեր

Լրահոս