Իրենք իրենց էլ չեն կարող պարգևատրել. Մարությանը նոր որոշում է ստորագրել
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ապրիլի 23-ին ստորագրել է որոշում, ըստ որի՝ այսուհետև Երևանի երաժշտական դպրոցների պարգևատրումների ֆոնդը չի կարող այդ նպատակի համար օգտագործվել՝ առանց վարչական շրջանների ղեկավարների և Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության համաձայնության:
««Պարգևատրում» հոդվածի գծով գումարները, ինչպես նաև՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին նախատեսված դրամական միջոցների ազատ մնացորդներն օգտագործել բացառապես Երևանի համապատասխան վարչական շրջանների ղեկավարների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության հետ համաձայնեցնելուց հետո»,- կարդում ենք Հայկ Մարությանի ստորագրած որոշման մեջ:
Ըստ Երևանի քաղաքապետի ստորագրած որոշման՝ պարգևատրումների ֆոնդն ինքնուրույն տնօրինելու հնարավորությունից կզրկվեն՝ Երևանի ենթակայության տակ գործող հետևյալ կազմակերպությունները.
«Երևանի Մ. Միրզոյանի անվան երաժշտական դպրոց», «Երևանի Ա. Ցիցիկյանի անվան երաժշտական դպրոց», «Երևանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոց», «Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց», «Երևանի Տ.Չուխաջյանի անվան երաժշտական դպրոց», «Երևանի Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոց», «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Ս. Ասլամազյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց», «Երևանի Ռ. Անդրեասյանի անվան երաժշտական դպրոց», «Վիլլի Մոկացյանի անվան երաժշտական դպրոց», «Երևանի Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց», «Երևանի Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց» և Երևան քաղաքի «Քանաքեռ-Զեյթուն համայնքի «Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան N1 երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները:
Ըստ այս որոշման՝ պետք է բացառվեն նաև այդ կազմակերպությունների եկամուտների ու ծախսերի, ինչպես նաև դրամական միջոցների հոսքերի նախահաշիվներով նախատեսված հոդվածային գերածախսերը։