«Մենք կանգնեցրել ենք տնտեսությունը, որ հաղթահարենք պանդեմիան, բայց մարդիկ փողոցներում են». Տնտեսվարող
Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մի շարք տնտեսվարողներ չեն աշխատում և չունեն եկամուտ, բայց դա իրենց չի ազատում պարտավորություններից՝ հարկեր, վարձակալած տարածքների վճարներ և այլն: Խնդիրը հատկապես արտահայտիչ է փոքր և միջին բիզնեսի մոտ: «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչ Սամսոն Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում ասաց.
«Տնտեսվարողները ներկա պահին խնդիր ունեն վարձավճարների հետ կապված: Վարձով տարածք տվողներն էլ են տնտեսվարող, իրենք էլ ունեն խնդիրներ, որոնք պետք է այդ գումարներով լուծեն: Կառավարության անդամների հետ զրույց ենք ունեցել, անդրադառնալու են նաև իմ բարձրաձայնած խնդիրներին, փորձելու են որոշակի լուծում տալ դրան, որ որոշակի սատարում ունենան վարձով տարածք տվողները՝ շուկաների տերերը, առևտրի կենտրոնների տերերը, իրենք էլ մանր բիզնեսին կարողանան օգտակար լինել»:
Սամսոն Գրիգորյանն անվտանգության համակարգերի փոքր խանութ ունի: Ասում է՝ այն առևտրի կենտրոնը, որտեղ ինքն է աշխատում, վարձակալման ամբողջ գումարը չի պահանջում, բայց, միևնույն է, դա էլ կարող է որոշ տնտեսվարողների համար ֆինանսական բեռ լինել.
«Մեր առևտրի կենտրոնն ամբողջ վարձավճարի միայն 20 տոկոսն է գանձելու այս ամիս: Դա մեկի համար խնդիր չէ, մյուսի համար կարող է խնդիր լինել: Դա էլ գանձում են նրա համար, որ կարողանան անվտանգության հարց հոգալ, կոմունալները վճարել, իր մնացած հարցերը կարողանան որոշակի լուծել»:
Գրիգորյանի խոսքով՝ բիզնեսի կորուստներն անխուսափելի են, քանի որ չկա մի պետություն, որը կարողանա իր տնտեսվարողների կարուստներն ամբողջությամբ ծածկել:
«Ինչպես բոլոր կառավարություները, մեր Կառավարությունն էլ փորձում է այնպես անել, որ մարդիկ գոնե օրվա հացի խնդիր չունենան, մինչև պանդեմիկ վիճակն անցնի: Մեկի եկամուտը 100.000 է եղել, մյուսինը՝ 1.000.000: Ապրիլ ամսին ստացած օգնությունը որոշ հարցեր լուծել է, բայց կան ոլորտներ, որոնք առհասարակ ոչինչ չեն ստացել»:
Սամսոն Գրիգորյանը հույս է հայտնում, որ արտակարգ դրությունից տուժած ու դեռ Կառավարության աջակցության ծրագրերում չներառված ոլորտները ևս ապագայում կներառվեն այդ ծրագրերում: Տնտեսվարողին մեկ այլ բան է անհանգստացնում. արտակարգ դրության պայմաններում մարդիկ ազատ շրջում են փողոցներում, իսկ բիզնեսը սառել է.
«Այս առումով բավարարված չենք Կառավարության գործողություններից, քանի որ այսօր մենք կանգնեցրել ենք տնտեսությունը, որ հաղթահարենք պանդեմիան, բայց մարդիկ փողոցներում են: Ստացվում է, որ այս պատճառով ներկա պահին մենք չենք կարողանում պանդեմիան հաղթահարել, իսկ տնտեսության առումով լուրջ կորուստներ ենք ունենում: Կառավարությունը թերանում է այս առումով և ավելի շատ անելիք ունի: Կա՛մ լուրջ, վերջնական, երկու շաբաթով բոլորի ելումուտը կանգնեցնում ենք ու հաղթահարում ենք այս ամենը, կա՛մ թողնում ենք՝ տնտեսությունն էլ հանգիստ աշխատի, և երկիրը չգնա տնտեսական ճգնաժամի»: