Բաժիններ՝

«Մենք հստակ չունեցանք կանխարգելիչ ծրագիր, որով կկարողանայինք կանխել վարակի տարածումը»․ իրականում կորոնավիրուսով վարակվածների թիվը շատ ավելի մեծ է

Հայաստանում այսօր արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 81 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Հայաստանում ապրիլի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1677 է, արձանագրվել է մահվան 28 (ավելացել է ևս 1 դեպք) դեպք: Ընդհանուր առմամբ, կատարվել է 17 հազար 342 թեստ։ Կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 75-ով, և բուժվածների թիվը դարձել է 803։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 846 պացիենտ:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտը եղել է 71 տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մասնագիտությամբ բժիշկ, Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի դիտարկմամբ՝ արտակարգ դրության ժամանակահատվածը փաստեց մի շատ պարզ հանգամանք՝ այն, կարելի է ասել, չնչին էլեմենտ հանդիսացավ կորոնավիրուսի տարածվածության համար։

«Այս ընթացքում տնտեսությունն անկում ապրեց, և օր օրի վիճակն ավելի է բարդանում՝ անկախ այն միջոցառումներից, որոնք ձեռնարկվում են։

Առողջապահության նախարարությունն ամեն օր թեստավորում է միջինը, ասենք, 800 հոգու։ Երեկ հայտնաբերվել  է 81 դեպք։ Եթե համեմատենք ցուցանիշները, ապա կատարվել է 17.342 թեստավորում, ունենք կորոնավիրուսի հաստատված 1677 դեպք։ Այսինքն՝ կատարված հետազոտությունների 10 տոկոսի դեպքում գտել ենք կորոնավիրուս։ Սա՝ այն դեպքում, երբ հետազոտություններ են արվում՝ ռիսկային խմբերը հաշվի առնելով։ Այսինքն, նայում են, թե տվյալ մարդն ո՞ւմ հետ է շփվել, առանձնացնում են շփման շրջանակը ու հետազոտում, սակայն իրականում ցուցանիշը շատ ավելի մեծ է։ Եթե ամեն օր 5000 հոգու հետազոտենք, ապա, համոզված եմ, որ ցուցանիշները կրկնակի կամ եռակի ավելանալու են։ Հարցն այն է, որ ընդամենը թեստավորում ենք ռիսկային գոտում գտնվողներին, այնինչ, այն մարդիկ, ովքեր ռիսկային խմբում չեն, հնարավոր է՝ վարակակիր լինեն, սիմպտոմներ չունենան կամ ունենալուց էլ ուշադիր չլինեն, և նրանք պոտենցիալ վտանգ են հանդիսանում իրենց շրջապատի համար»,- նշեց Միքայել Մանրիկյանը։

Նրա խոսքով՝ արտակարգ դրության ընթացքում պարզ դարձավ նաև այն, որ հայերն այնքան էլ ինքնամեկուսանալ չեն սիրում։

«Բնականոն կյանքին վերադառնալն էլ իր մեջ ռիսկեր է պարունակում, այսինքն՝ մենք հստակ չունեցանք կանխարգելիչ ծրագիր, որով կկարողանայինք կանխել վարակի տարածումը։

Բնականաբար, արտակարգ դրությունը կարելի էր հայտարարել դեռևս մարտի 1-ին կամ 2-ին, և վարակակիրների այսքան մեծ շրջան չէինք ունենա, բայց կարծում եմ՝ կամաց-կամաց պետք է վերադառնալ բնականոն կյանքին՝ պահպանելով այն չափորոշիչները, որոնք սահմանված են: Այսինքն, հիգիենան, սոցիալական հեռավորությունը, և այլն։ Սրա վերջնական լուծումը պատվաստանյութն է, որը, հասկանալի է՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում չի լինելու։ Մենք պետք է հասկանանք, թե ինչպե՞ս ենք շարունակում ապրել, որովհետև այս վիճակում մնալն էլ անթույլատրելի է»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս