«Այս ամենը խոսուն փաստ է, որ Արթուրը սպանվել է, ոչ թե ինքնասպան եղել». Փաստաբանը՝ մահացած զինծառայողի դատաբժշկական փորձաքննության արդյունքների մասին
«Դատաբժշկական փորձաքննությունն Արթուր Աջամյանի գործով առանցքային նշանակություն ունի, քանի որ այնտեղ հստակ նշվում են մարմնական վնասվածքները, մասնավորապես՝ բազմաթիվ քերծվածքներ՝ վաղեմության ժամկետներով:
Եվ ամենակարևորը՝ գլխի ճակատային հատվածում ստացած արնազեղումն է, որն ընդհանրապես կապ չունի հրազենային վնասվածքի հետ, որը ևս ճակատային հատվածում էր: Այնուամենայնիվ, այդ արնազեղումը նա ստացել էր հենց մահվան օրը՝ մահվանից րոպեներից մինչև մեկ ժամվա միջև ընկած ժամանակահատվածում: Այսինքն՝ ստացվում է, որ Արթուր Աջամյանը մինչ հրազենային վնասվածք ստանալը՝ բութ, կոշտ առարկայով, գլխին հարված է ստացել:
Այս ամենը խոսուն փաստ է այն մասին, որ Արթուր Աջամյանը սպանվել է, այլ ոչ թե ինքնասպանություն է գործել: Նա չէր կարող րոպեներ առաջ գլխին հարված ստանալ այլ առարկայից, որից հետո նոր փորձեր ինչ-որ ինքնասպանություն գործել, այստեղ փաստերն ակնհայտ են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նախորդ տարի դեկտեմբերին ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացած հայտնաբերված ժակետային զինծառայող Արթուր Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը:
Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 2-ին, ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Մելիքբեկյանը ստացել էր ծանր վիրավորում և մինչև օրս գտնվում է հիվանդանոցում:
Հայարփի Սարգսյանը տեղեկացրեց, որ այս պահին նշանակված են նաև այլ փորձաքննություններ, դրանցից նա կարևորում է Արթուրի հագուստի փորձաքննությունը, որի վերաբերյալ այս պահին դեռևս եզրակացություն չունեն: Կարևորում է նաև դատաձգաբանական փորձաքննությունը, որի վերաբերյալ ևս սպասում են արդյունքներին:
Մեր զրուցակցի խոսքով՝ վիրավորում ստացած զինծառայողի՝ Դավիթ Մելիքբեկյանի առողջական վիճակը շարունակում է նույնը մնալ. «Քննիչի միջոցով ևս ստանում եմ համապատասխան տեղեկություններ, գրավոր կարգով քննիչը փաստորեն պարզաբանում է պահանջում բժշկական հաստատությունից, որտեղ գտնվում է զինծառայողը, և միշտ նույն պատասխանն ենք ստանում՝պաշտոնական վարկածով նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, այսինքն՝ որևէ փոփոխություն նրա առողջական վիճակում չկա: Եղել են փորձեր նրա և նրա հարազատների հետ հանդիպելու, ինչպես Արթուրի մահվանը հաջորդող մեկ-երկու օրերի ընթացքում, այնպես էլ վերջերս, բայց ինչպես գիտեք՝ կարանտինի պայմաններում զինծառայողների հարազատների այցելություններն էլ են սահմանափակված: Հետևաբար՝ նման պայմաններում այժմ կարիք էլ չկա դիմելու, կսպասենք կարանտինի ավարտին»,- հավելեց փաստաբանը:
Նա լիահույս է, որ մինչև այժմ ձեռք բերված փաստերը կօգնեն, որպեսզի Արթուր Աջամյանի գործով հասնեն ճշմարտության, քանի որ այս պահին ունեն նաև վկաների հարցաքնություններ:
«Կան որոշակի տեղեկություններ, որոնք այս պահին չեմ կարող հրապարակել՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով, այդուհանդերձ մենք ունենք որոշակի տեղեկություններ, որոնց հիման վրա կարող ենք ուղղակի եզրակացնել, որ այնտեղ այլ իրավախախտումներ էլ են տեղի ունեցել մինչ այդ դեպքը: Կարծում եմ՝ դա մեկ օրվա խնդիր չի եղել, այն զարգացել է, որի արդյունքում էլ նման ողբերգական ելք է տեղի ունեցել»,- եզրափակեց նա: