«Վերջերս Էրդողանը հայտարարեց 4 օրվա փողոց դուրս գալու արգելքի մասին, և հետաքրքիր է, որ այդ օրերի մեջ մտնում էին ապրիլի 23-ը և 24-ը». Թուրքագետ
Ցեղասպանությունից տասնյակ տարիներ հետո էլ Թուրքիայում ապրող հայերը թիրախավորվում են թուրքական իշխանության կողմից, զգում պետության ուղղակի ու անուղղակի ճնշումները:
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը 168.am-ի հետ զրույցում նշում է, որ հայ համայնքի խնդիրների շրջանակը լայն է՝ հայկական կալվածքներին առնչվող հարցերից մինչև իսլամացած հայերի ու հայոց պատրիարքության կարգավիճակի շուրջ մտահոգություններ.
«Կարևորագույն հարցերից է մեր կալվածքների հարցը, որը հատկապես 70-ական թվականներից առավել ի հայտ եկավ. ոչ միայն հայերի, այլև հույների և մասամբ հրեաների ունեցվածքը (շենք-շինություն) բռնագրավեցին և մինչ օրս հետ չեն տվել, պայքարը շարունակվում է:
Հաջորդը պատրիարքարանի խնդիրն է. Պատրիարքարանն իրականում կարգավիճակ չունի. Պատրիարքարանը կա ու չկա: Պատրիարքարանի ամբողջ նյութական ունեցվածքը պատրիարքի անունով է գրանցվում և ժառանգվում է մի պատրիարքից մյուսը, և այդ ժառանգության փոխանցման ժամանակ էլ խնդիրներ են առաջացնում:
Կա նաև Պատրիարքի ընտրության ընթացակարգի հետ կապված խնդիրը. Պատրիարքական ընտրությունները մինչ օրս կատարվում են մեջլիսի կողմից պատրաստված միանգամյա հրահանգով: Այդ խնդիրը նորից հայտնվեց պատրիարքական վերջին ընտրության ժամանակ»:
Ընտրությունները թուրքագետը որակեց անօրինական՝ ասելով. «Պատրիարքը ոչ թե ընտրվեց, այլ համարյա նշանակվեց պետության՝ Էրդողանի կողմից»:
Հիմնական խնդիրների կողքին մեր զրուցակիցը նշեց նաև դպրոցների, եկեղեցիների կառավարման խոչընդոտման մասին.
«Թաղային խորհուրդներ կան, որոնք ընտրվում են այդ տարածաշրջանի ժողովրդի կողմից, և որոնք պիտի ղեկավարեն այդ եկեղեցին կամ դպրոցը, բայց Թուրքիան վերջին տասնամյակներին ընտրություն կատարելու թույլտվություն չի տալիս, և այդ կառույցները վատ վիճակում են հայտնվել, չեն կարողանում աշխատել: Ինչո՞ւ, որովհետև եթե այն ժամանակ ընտրվել էին տասը հոգի, այդ տասից հինգն արդեն մահացել է, մնացյալն ինչ-ինչ պատճառներով հրաժարվել են, մնացել են, ասենք՝ երկու հոգին, որոնց կառավարման ժամկետն իրականում վաղուց ավարտվել է, սակայն նրանք մնում են էդտեղ տարիներ շարունակ, քանի որ, եթե հեռանան, այդ հիմնարկներն առանց կառավարման կմնան»:
Մեր խնդրանքով Տ. Լոքմագյոզյանն անդրադարձավ նաև Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի միջոցով Հայաստանին դեղորայքի հարցում օգնություն ցուցաբերելու Էրդողանի առաջարկին:
Թուրքագետը այն որակեց հակառակորդին՝ Հայաստանին հարվածելու հերթական փորձ՝ նկատելով. «Էրդողանի՝ պատրիարքի հետ զրույցին հաջորդեց այլ հայտարարություն, թե իբր Հայաստանն է օգնություն խնդրել Թուրքիայից: Այստեղ երևում է, որ Թուրքիան, ինչպես միշտ, իր խորամանկ քաղաքականությունն է շարունակում»:
Նրա խոսքով՝ նաև այդ դեպքն է ցույց տալիս, որ Թուրքիայից պատմության առերեսում, արդարադատություն ակնկալել պետք չէ. «Նման պետությունից արդարություն, հաշտություն սպասելը պարզապես միամտություն է՝ բառիս ամենամեղմ իմաստով»:
Ի դեպ, այս համատեքստում Տ. Լոքմագյոզյանը հետաքրքիր տեղեկություն փոխանցեց, որից պարզ դարձավ, որ Հայաստանին առնչվող միջադեպն Էրդողանի կողմից կորոնավիրուսով ստեղծված իրավիճակը քաղաքական նպատակներին ծառայեցնելու միակ փորձը չէ. «Վերջերս Էրդողանը հայտարարեց 4 օրվա փողոց դուրս գալու արգելքի մասին, և հետաքրքիր է, որ այդ օրերի մեջ մտնում էին ապրիլի 23-ը և 24-ը:
Ապրիլի 23-ը Թուրքիայի Հանրապետության կառուցման կարևոր օրերից է՝ քեմալիստների կողմից բարձր դասվող օր է, բայց քանի որ այսօրվա Կառավարությունը կամ կրոնամոլներն ընդհանրապես դեմ են քեմալիստական ամեն ինչին, փորձեցին վերջին տարիներին այս տոները բավականին ճնշել: Սա լավ առիթ էր՝ 23 ապրիլը չտոնվեց այս տարի, միանգամից 24 ապրիլն էլ մաքուր անցկացրին, քանի որ վերջին տարիներին մի խումբ մարդիկ հավաքվում և պախարակում էին 1915-ի դեպքերը. դա էլ կանխեցին միանգամից:
Իհարկե, հետաքրքիր է՝ ինչո՞ւ այդ չորս օրը և ինչո՞ւ հենց այս օրերը կարանտին հռչակվեց Էրդողանի կողմից»: