«Երբ կորոնավիրուսը վերջանա՝ ուրիշ հարված կգա բնության կողմից»․ Կարինե Դանիելյան

Այս անձրևային եղանակն աջակցում է մեր ջրային ռեսուրսների վերականգնման գործընթացին, նպաստում է կանաչ տարածքների նորմալ աճին։ Երևանը և մի քանի տարածքներ կիսաանապատային գոտիներ են, և մեզ համար անձրևն ուղղակի անհրաժեշտություն է, և այդ առումով ես ողջունում եմ այս անձրևոտ գարունը»,- 168am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը։

Նա ընդգծեց՝ իրավիճակը, իսկապես, շատ բարենպաստ է և՛ էկոլոգիայի, և՛ գյուղատնտեսության համար. «Միշտ ոռոգման խնդիր ենք ունեցել, միշտ ասում են, որ ջուրը չի բավարարում՝ չնայած Սևանից ջուր էր բաց թողնվում։ Շատ կարևոր է նաև, որ մենք Սևանից լրացուցիչ ջուր բաց չթողնենք, որովհետև Սևանի վիճակը լավ չէ։ Այն, որ մենք վերջին 2 տարին մասշտաբային ծաղկումներ ունեցանք, դա շատ վատ ցուցանիշ է, ճահճացման ցուցանիշ է, ես շատ անհանգստությամբ եմ սպասում, թե ամռանն ինչ կլինի Սևանի հետ։ Անկախ ամեն ինչից՝ պետք է գումարներ գտնենք, որ Սևանի ավազանում լիարժեք մաքրման կայաններ լինեն, որ այլևս լիճն այդքան աղտոտված նյութեր չընդունի։ Հույս ունեմ, որ այս անձրևներից բավարար քանակությամբ ջուր կկուտակվի ջրամբարներում  և ճիշտ կօգտագործվի, և մենք կարիք չենք ունենա Սևանից լրացուցիչ ջուր վերցնել»։

Բնապահպանը մտահոգություն ունի, որ կորոնավիրուսի հետ կապված՝ տնտեսական ճգնաժամ կծավալվի, որը կհարվածի նաև բնությանը․

«Եթե մարդիկ ի վիճակի չլինեն գազի կամ էլեկտրաէներգիայի համար վճարել, վառելիքի խնդիր լուծել, ստիպված պետք է գնան՝ սկսեն ծառեր ոչնչացնել։ Եթե սննդի հնարավորություն չունեն, պետք է գնան անտառ՝ ծառերը կտրեն, վաճառեն, որ գումար ունենան։ Այդ վիճակում մարդն արդեն մոռանում է էկոլոգիական մոտեցումների մասին։ Ես հույս ունեմ, որ կկարողանանք այս վիճակից արժանապատիվ դուրս գալ»։

Կարինե Դանիելյանն ասաց, որ մտավորականների խորհրդով քննարկել են և ուզում են, որ Հայաստանը հանդես գա հետևյալ առաջարկությամբ․

«Պետք է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որովհետև մեզ՝ էկոլոգներիս համար, այս վիրուսը պատահականություն չէ, օրինաչափություն է, և երբ վիրուսը վերջանա, ուրիշ հարված կգա բնության կողմից։ Բնությունն այլևս չի հանդուրժում մարդկության այս հակաէկոլոգիական գործունեությունը։ Եվ այս առումով՝ պետք է ակտ մշակել հենց մարդկության գործունեության, մտածելակերպի խիստ էկոլոգիացման ուղղությամբ, և դա միայն կարող է անել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որովհետև իր որոշումները պարտադիր են։

Ես շատ կուզենամ, որ հենց Հայաստանն այդ առաջարկով հանդես գա։ Եթե մենք կարողացել ենք ժամանակին առաջինը գնահատել և ընդունել քրիստոնեությունը, ապա կարծում եմ՝ հիմա պարտավոր ենք նաև հանդես գալ մարդկության մտածողության գլոբալ, ռադիկալ փոփոխության առաջարկով»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930