ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցի քննությունը հետաձգվեց
Օրեր առաջ 168.am-ը տեղեկացրել էր այն մասին, որ այսօր Բարձրագույն դատական խորհրդում քննության առարկա է դառնալու ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու համար առիթ է հանդիսացել «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» Բարձրագույն դատական խորհրդի 14.02.2019 թվականի թիվ ԲԴԽ-8-Ո-Կ-04 որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի 27.02.2020թ. թիվ ԲԴԽ-4-Ո-Կ-1 որոշման առնչությամբ Խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի կողմից ներկայացված Հատուկ կարծիքը, որում արտահայտված դիրքորոշումները, ըստ Հանձնախմբի, խախտում են Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարքագծի կանոնները:
Այլ կերպ ասած`Հայկ Հովհաննիսյանն իր Հատուկ կարծիքում արել էր ըստ էության քաղաքական հայտարարություններ, ինչի իրավունքը նա՝ որպես ապաքաղաքական մարմնի անդամ, չուներ:
Եվ ահա այսօր նիստը սկսվելուց քիչ անց ԲԴԽ անդամ Արմեն Հայկյանցը միջնորդեց հետաձգել հարցի քննությունը, քանի որ ինքը, նոր նշանակված լինելով, չի հասցրել ծանոթանալ գործի նյութերին: Վերջինս 10-օրյա ժամկետ խնդրեց դրանց ծանոթանալու համար, քանի որ ընդամենը 2 օր առաջ է ստանձնել ԲԴԽ Խորհրդի անդամի իր պարտականությունը
Հայկ Հովհաննիսյանը դեմ էր նիստը հետաձգելուն` համարելով, որ դա գաղտնի զենք է, իրավաբանական հնարք, ինչին ի պատասխան` ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ում ուղղված էր ԲԴԽ անդամի մեղադրանքը, հակադարձեց` հիշեցնելով, որ, եթե դա զենք է, այդ զենքն առաջինը հենց ինքը` Հայկ Հովհաննիսյանն է կիրառել:
Ի վերջո, ԲԴԽ բոլոր անդամների միաձայն քվեարկությամբ Խորհուրդը որոշեց բավարարել Արմեն Հայկյանցի միջնորդությունը և ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը հետաձգել այլ հերթի: Հաջորդ դատական նիստի վայրի և ժամանակի վերաբերյալ դատավարության մասնակիցները կծանուցվեն լրացուցիչ: