Բարձրագույն դատական խորհրդում կքննվի ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը
2020թ. ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Բարձրագույն դատական խորհրդում կքննվի ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Նիստը կընթանա դռնբաց: Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ պաշտոնական կայքից:
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու համար առիթ է հանդիսացել «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» Բարձրագույն դատական խորհրդի 14.02.2019 թվականի թիվ ԲԴԽ-8-Ո-Կ-04 որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի 27.02.2020թ. թիվ ԲԴԽ-4-Ո-Կ-1 որոշման առնչությամբ Խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի կողմից ներկայացված Հատուկ կարծիքը, որում արտահայտված դիրքորոշումները, ըստ Հանձնախմբի, խախտում են Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարքագծի կանոնները:
Ուսումնասիրելով վերոնշյալ Հատուկ կարծիքը՝ Հանձնախումբը որոշել է Բարձրագույն դատական խորհրդին ներկայացնել միջնորդություն՝ Խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Բարձրագույն դատական խորհրդի առնվազն երեք անդամի միջնորդության հիման վրա:
168.am-ը 2020թ. փետրվարի 28-ին գրել էր, որ նշված հատուկ կարծիքի մեջ ըստ էության Հայկ Հովհաննիսյանը թույլ է տվել ապաքաղաքական մարմնի անդամին անհարիր արտահայտություններ, մասնավորապես, Սահմանադրական դատարանի ներկայիս կազմի վերաբերյալ:
Այդ օրը, սակայն, Հայկ Հովհաննիսյանի հետ մեր զրույցը չստացվեց, քանի որ վերջինս սվիններով էր ընդունում մեր բոլոր հարցերը, իսկ վերջում էլ որոշեց, որ իր գրած հատուկ կարծիքը հայերեն է գրված, բոլորը հասկանում են՝ ինչ է նշանակում, ու ինքը չի կարող թարգմանել մեզ համար հայերենից հայերեն: