«Մենք բոլորս՝ կառավարությունը, խորհրդարանը, ամբողջ մեր երկիրը, բախվել ենք մի փորձության, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից, դաշնային հանրապետություն հիմնելուց ի վեր երբևէ չի եղել». Մերկել
Կորոնավիրուսի համաճարակը, դաշնային հանրապետություն հիմնելու ժամանակից ի վեր, Գերմանիայի պատմության լրջագույն մարտահրավերն է: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Բունդեսթագում ունեցած ելույթի ժամանակ:
«Մենք բոլորս՝ կառավարությունը, խորհրդարանը, ամբողջ մեր երկիրը, բախվել ենք մի փորձության, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից, դաշնային հանրապետություն հիմնելուց ի վեր երբևէ չի եղել»,-ասել է նա:
Մերկելն ընդգծել է, որ դեռ ստիպված են լինելու երկար ապրել այս վարակի հետ: Հարցն այն է, թե ինչպես պետք է հարմարվել դրան, քանի որ այն դեռ երկար կմնա Գերմանիայի ու Եվրոպայի քաղաքական գործիչների գլխավոր հարցը: Անգելա Մերկելը նշել է, որ Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր երբեք ոչ մի հարցի հետ կապված որոշում կայացնելն իրեն այդքան դժվար չի տրվել, ինչպես սոցիալական շփումների սահմանափակումն է:
Կառավարության ղեկավարը խոսել է պաշտպանական հագուստի արտադրության անհրաժեշտության մասին:
«Համավարակը սովորեցնում է մեզ՝ լավ չէ, որ պաշտպանիչ հագուստները գալիս են հեռավոր երկրներից: Նման իրերի շուկայում լարվածություն կա: Դիմակները, որոնք արժեն մի քանի ցենտ, համավարակի ժամանակ կարող են դառնալ ռազմավարական գործոն»,-հավելել է նա:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։