Բաժիններ՝

Կառավարությունը 74 միլիոն դրամ հատկացրեց Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն ՓԲԸ-ին

Կառավարությունն այսօր 74 միլիոն դրամ հատկացեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ վերջինի ենթակայության տակ գտնվող Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն ՓԲԸ-ին հատկացնելու համար:

Նախագիծը գործադիրի համաձայնությանը ներկայացնող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ ընկերությունը փաստացի գործունեություն չի ծավալել, չի մատուցել   ծառայություններ, սակայն կենտրոնի տարածքի,  առկա թանկարժեք նյութերի պահպանման, գործարկման, ինչպես նաև մասնագետներին  վարձատրության համար անհրաժեշտ է նշված գումարը:

Ինչպես տեղեկացվեց կառավարության նիստի ընթացքում, կենտրոնում արտադրվելու են իզոտոպներ, որոնք օգտագործվելու են քաղցկեղի վաղ հայտնաբերման համար:

Նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ, եթե կորոնավիրուսի համավարակը չլիներ, ապա այս կենտրոնն արդեն կաշխատեր և կընդուներ պացիենտների:

«Առաջ, երբ մենք այս կենտրոնը չունեինք, մեր քաղաքացիներն այլ երկրներում էին գնում հետազոտվում, ուստի մեզ համար օրվա խնդիր է պակասող սարքավորումները Երևան հասցնելն ու կենտրոնը գործարկելը: Իսկ եթե որոշում կայացվի, որ պետությունն է ղեկավարելու այս հիմնարկը, ապա մենք պատրաստ ենք ստանձնել այս կենտրոնի տնօրինումը և մենք նաև դիտարկում ենք Ուռուցքաբանության կենտրոնի հետ այն որպես մեկ միավոր դիտարկելու հարցը»,- ասաց նախարար Թորոսյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ տեղեկացրեց կառավարության անդամներին, որ կենտրոնի հետ կապված կա արբիտրաժային գործ, հիմա ընթանում են բանակցություններ այն կողմի հետ, որը պետք է ստանձնի ղեկավարումը:

Ըստ Ավինյանի՝ պայմանագրային դրույթների խախտում է տեղի ունեցել, խնդիրները լուծելու գործընթացը շարունակվում է:

«Այս կենտրոնը պետք է գործարկվի: Ընդհանուր առմամբ իրավական խնդիրները վերջնական հանգուցալուծելուց հետո կունենանք երկու լուծման տարբերակ, որոնց մասին այս փուլում չէին ցանկանա բարձրաձայնել»,- ասաց Ավինյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս