«Ադրբեջանի ռազմաօդային ուժերը կարող են իրենց լուրջ վտանգված զգալ». Արծրուն Հովհաննիսյան

Ապրիլի 21-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված ՀՕՊ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական «Օրբիտեր» տիպի ԱԹՍ-ի մուտքն Արցախի օդային տարածք, բերվել են համապատասխան աստիճանի և ժամը 13:07-ի սահմանում խոցել այն:

168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ «Օրբիտեր»-ի խոցումը խոսում է հայկական, այս դեպքում` Արցախի ՀՕՊ-ի ուժերի բարձր մակարդակի մասին:

««Օրբիտերը» բավականին փոքր չափերի ԱԹՍ է, որին խոցելն այնքան էլ հեշտ գործ չէ, այն իր տեսակի մեջ, առհասարակ, վատը չէ»,- շեշտեց նա:

Այս համատեքստում մեր առաջարկով Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ ադրբեջանական և հայկական ռազմաօդային ուժերի կարողություններին և հնարավորություններին, այդ թվում` ՀՕՊ:

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետը հիշեցրեց, որ ադրբեջանական բանակն իր բոլոր զորատեսակներին, այդ թվում` օդուժին, տարիներ ի  վեր մեծ ուշադրություն էր դարձնում, և ժամանակի ընթացքում ձեռք բերեց մեծ թվով տարբեր տեսակի թռչող սարքեր:

«Տարիների ընթացքում ձեռք բերեցին կործանիչներ, օրինակ, ՄիԳ-29-ը (МиГ-29), որովհետև իրենց ունեցած ՄիԳ-25-ն (МиГ-25) այնքան էլ կիրառելի չէ մեր տարածաշրջանում: Եվ ՄիԳ-29 կործանիչները ձեռք բերելով՝ օդուժի առումով ստացան բավականին հզոր միջոց, հայկական ռազմաօդային ուժերը չունեին կործանիչներ: Ընթացքում իրենք նաև մնացած ինքնաթիռների պարկը, այսպես ասած, միատեսակացրեցին, և մնացած տեսակները` Սու-24, Սու-17 և այլն, աստիճանաբար դուրս մնացին գործածությունից: Եվ մնացին Սու-25-երը, որոնք նաև մեր սպառազինության մեջ կան: Ադրբեջանը վերջին տարիներին ձեռք բերեց նաև մեծ թվով ուղղաթիռներ, հատկապես` ՌԴ-ից: Ճիշտ է` այդ ուղղաթիռներն ամբողջությամբ չեն ՊՆ-ի ենթակայության տակ, այլ ուժայիններ էլ են վերցրել, բայց մեծ մասը ՊՆ-ի ենթակայության տակ է:

Այս պարագայում հայկական կողմը մշտապես շեշտադրումը կատարել է ՀՕՊ զորքերի զարգացման վրա, և պետք է ասել, որ մեր մոտ ՀՕՊ-ը միշտ եղել է որակով զարգացած, մենք տարածաշրջանում առաջին պետությունն ենք եղել, որ ձեռք ենք բերել Ս-300 համակարգերը, մեր անձնակազմերի մարտական պատրաստությունը զորավարժությունների ժամանակ մշտապես փայլուն և բարձր մակարդակ է ունեցել, ինչի մասին բազմաթիվ վկայություններ կան:

Եվ այս տեսանկյունից պետք է ասեմ, որ 2016-ից հետո` հատկապես 2019-ին, աննախադեպ էր կոնկրետ ՀՕՊ-ի մասով, որովհետև ստացանք մեծ թվով դյուրակիր համալիրներ, «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ, որոնց կիրառությունը և մոդեռնիզացիան լավ հիմքերի վրա է դրված ՀՀ-ում: Բացի այս, մենք ստացանք այդ օղակի մեր, այսպես ասած, ամենաերազելի համակարգը` «ՏՈՐ-Մ2ԿՄ»-ն: Եթե ՀՕՊ-ի մասով խոսակցությունը միայն այսքանով տանենք, ապա  կարող ենք ասել` աննախադեպ զարգացում ենք ստացել 2015, 2016, 2017. 2018 և հատկապես 2019-ին»,- մանրամասնեց Արծրուն Հովհաննիսյանը:

Շարունակելով միտքը, նա արձանագրեց, որ Ադրբեջանի համար խնդիր դարձավ այն, որ ՀՀ-ն որդեգրեց միայն նորագույն և ճկուն համակարգերի ձեռքբերման քաղաքականություն, մասնավորապես, երբ ձեռք բերեցինք Սու-30ՍՄ կործանիչները, որոնք ՀՀ ռազմաօդային ուժերում առաջին կործանիչներն են պատմության մեջ, և  իրենց տեխնիկական  և մարտական մակարդակով անհամեմատելի են, մեր տարածաշրջանում այսպիսի կործանիչ չկա այս պահին, ոչ մի պետություն այն չունի:

«Հասկանալի է, որ նման պարագայում Ադրբեջանի ռազմաօդային ուժերը կարող են իրենց լուրջ վտանգված զգալ. բոլոր տեսակի ադրբեջանական թռչող սարքերն օդում մեծ վտանգի կարող են ենթարկվել Սու-30-ի կողմից:

Պետք է հաշվի առնել, որ այն բազմաֆունկցիոնալ համակարգ է, այսինքն` կարող է և՛ վերգետնյա թիրախներին խոցել, և՛ մեծ հեռավորության վրա, ինչն ավելացնում է հայկական օդային ուժերի ընդհանուր հեռահարության կոմպոնենտը, որը մինչ այսօր մեզ մոտ արտահայտված էր հիմնականում «Երկիր-երկիր» տեսակի բալիստիկ հրթիռներով, որոնք ևս չափազանց կարևոր միջոցներ են: Եվ այս համադրությունը՝ Սու-30-ի և մեր մնացած հարձակողական միջոցների, բավականին լուրջ ավելացնում է մեր ներուժը: Այստեղ ուզում եմ ասել, որ 2019-ին մեր ներուժի աննախադեպ բարձրացումը չի արտահայտվում միայն օդուժով, այլ ընդհանրապես մեր հարձակողական պոտենցիալով»,- եզրափակեց ռազմական վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս