Կառուցվող 82 սպանդանոցից միայն 34-ն են ծառայություն իրականացնելու. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Խելացի անասնաշենքերի կառուցման և վերակառուցման համար տրվող պետական աջակցությունից օգտվելու համար հունվարի 1-ից ապրիլի 10-ն Էկոնոմիկայի նախարարությունը 53 դիմում-հայտ է ստացել. ասուլիսի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:
Նրա խոսքով՝ շատերը մինչև այժմ չեն օգտվել այս ծրագրից, քանի որ սպասել են, տեսնեն՝ փոխհատուցում կլինի՞, թե՞ ոչ:
«2019-ից սկսած 247 հայտ ունենք, որոնցից 7-ն արդեն փոխհատուցվել են: 24 հավաստագիր ստացած դիմումատուներ ունենք, որոնք կնքել են պայմանագիր և կառուցում ու վերակառուցում են խելացի անասնաշենքերը:
Տիգրան Գաբրիելյանի խոսքով՝ տավարաբուծությունը զարգացնելու ծրագիրը ևս մեծ հետաքրքրություն է վայելում: 384 խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերման համար 466 մլն դրամ է տրամադրվել: Ջերմոցային տնտեսությունների զարգացման ծրագրի շահառուների մասին նախարարի տեղակալն ասաց.
«Շահառուների քանակը եղել է 93, որից 19-ը հրաժարվել է ծրագրից, 5-ը չեն համապատասխանել, 65-ը ստացել են դրական պատասխան: Այս ծրագիրը ուսուցման բաղադրիչ է ներառում, որը հնարավորություն է տալիս, որ շահառուն հասկանա՝ կարո՞ղ է այս ծրագրից օգտվել, թե՞ ոչ: Ինտենսիվ այգիների ծրագրի համար ունենք 15 շահառու՝ անցած ամբողջ տարվա 20 շահառուի համեմատ: 43 հեկտարի վրա ուզում են հիմնել ինտենսիվ այգիներ»:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ պատրաստվում են ներկայացնել Հայաստանում սերմնաբուծության զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրի առաջարկ, որն իրենից ենթադրում է աշնանացան ցորենի, սերմնաբուծության ծրագիր.
«Սրա նպատակը բարձրարժեք սերմնանյութերով ապահովելն է մեր ֆերմերներին, որ իրենց մեկ միավոր տարածքից ստանան ավելի մեծ արդյունք և արտադրանք, քան ներկայում է»:
Գաբրիելյանը նշեց, որ պարարտանյութերի ներկրման խնդիր են ունեցել՝ կապված արտարժույթի, ճանապարհների փակ լինելու հետ: Սակայն այժմ ներկրումներն իրականացվում են, և բազմապատկվել է ներկրողների թիվը: Նախարարի տեղակալը նաև նշեց, որ 82 սպանդանոց է կառուցվում ու վերակառուցվում, որոնցից միայն 34-ն են ծառայություն իրականացնելու, մնացածը սեփական կարիքների համար են լինելու: Առաջիկայում ներկայացվելու է նաև խոշոր եղջերավորներին համարակալելու և հաշվառելու ծրագիր, որը թույլ կտա պայքարել կենդանիների շրջանում առկա հիվանդությունների դեմ:
Ինչ վերաբերում է ապահովագրությանը՝ «Այս տարի ունեցանք կարկտահարության, վաղ ցրտահարման դեպքեր: Ապրիլի 20-ին կարկուտ է եղել Արագածոտնի մարզում, որոշ գյուղերում այն մեծ վնաս է պատճառել: Ապահովագրության ծրագրում 700-ից ավելի շահառու ունենք, հուսով ենք՝ հաջորդ տարների ընթացքում կշարունակեն մասնակցել ապահովագրական ծրագրերին»:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ լիցենզավորման մասին օրենքում առաջարկելու են փոփոխություններ, որով մասնավոր անասնաբույժները պետք է լիցենզիա ունենան, և նրանք կարողանան գնել և օգտագործել հակաբիոտիկներ կամ հակապարազիտային նյութեր: Գաբրիելյանը նաև տեղեկացրեց, որ ցածր գներով պարարտանյութեր և դիզվառելիք չեն տրամադրելու գյուղացիներին, քանի որ, երբ պետությունը սկսեց չտրամադրել, շուկայում գներն անկեցին: Նրա խոսքով՝ շուկայում պարարտանյութի դեֆիցիտ չկա: Կառավարության աջակցության ծրագրերը, որոնք վերաբերում են գյուղատնտեսական ոլորտին, գործելու են մինչև տարվա վերջ: