«Սիրո և հանդուրժողականության» միֆն ավարտվեց
Օրերս համացանցում տարածվեցին Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ի տեսաուղերձի տեսանյութի մոնտաժված, չստացված կադրերը, որտեղ ականատես ենք լինում, թե ինչպես է Փաշինյանը հրահանգներ տալիս նկարահանող խմբին, դեղ խմում, և նմանօրինակ տարբեր կադրեր։ Տեղի ունեցածը, բնականաբար, քննարկումների մեծ հորիզոն բացեց սոցցանցերում, իսկ իշխանություններն առ այսօր փորձում են գտնել մեղավորներին և կապել անարգանքի սյունին՝ ոչ մի կերպ հաշվի չառնելով տեղի ունեցածում իրենց թիմի հերթական դիլետանտությունը։
Փաշինյանն իր «լայվում» փաստացի ակնարկեց, որ երկրում ստեղծված իրավիճակի ավարտից հետո հստակ քայեր են իրականացվելու՝ հստակ տալով «մեսիջներ», թե ինչ հերթականությամբ։
Զարմանալին այն է, որ «թավիշի չափից» շատ լինելու մասին վերջին շրջանում սկսեցին տարբեր առիթներով խոսել իշխանությանը «ծառայող» տարբեր փորձագիտական շրջաններ, և հիմա տեսնում ենք, որ դրա մասին իր խոսքում հստակ խոսեց նաև Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի երեկվա խոսքի հիմնական մասը, ինչպես մշտապես լինում է վերջին շրջանում, բավական ջղաձիգ էր ու բացահայտ ատելություն էր տարածում։
Փաշինյանի երեկվա «զրույցը քաղաքացու» հետ շատ տարօրինակ ուղերձներ էր պարունակում: Մի կողմից՝ ակնարկում էր քաղաքական ընդդիմախոսների դեմ «սամասուդի» հնարավորության մասին, մյուս կողմից՝ ցույց էր տալիս, որ իշխանության ներսում անհրաժեշտ աջակցության խնդիր ունի: Ակնհայտ է, որ սոցիալական արդարության հետ առնչվող հիմնախնդրի մասին խոսելիս նա մի կողմ է շպրտում հարցի գաղափարական և սկզբունքային կողմը՝ շեշտը դնելով արդեն իսկ արժեզրկված հեղափոխության անսխալականության և իր եսասիրական բարդույթների վրա։
Երեկ պարզ դարձավ, որ հեղափոխության ռոմանտիկ փուլն ավարտվում է, ու այլևս կադրային կտրուկ տեղաշարժեր են սպասվում հենց հեղափոխության թիմի ներսում։
Արդեն բարի ավանդույթ է դարձել ամեն ինչում մեղավորներ փնտրելու քաղաքականությունը, և այս անգամ ևս Փաշինյանը դարձյալ խոսեց «Սերժի կադրերից շատ արագ ազատվելու» մասին։
Եվ այստեղ մի պահ դադար տանք և փորձենք հասկանալ, թե ովքեր են վարչապետի կողմից «Սերժի կադր» կլեյմոյով պիտակավորված կադրերը։ Իրականում նրանց փնտրելու կարիք չկա, քանի որ նրանց ճանաչում են գրեթե բոլորը, քանի որ նրանք Փաշինյանի կաբինետի 50 տոկոսն են կազմում (Զոհրաբ Մնացականյան, Դավիթ Տոնոյան, Ֆելիքս Ցոլակյան, Էրիկ Գրիգորյան, Տիգրան Խաչատրյան, Ատոմ Ջանջուղազյան)։
Այս խմբին են դասվում նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Հիշյալ անձանց հանգիստ կարող ենք հավելել 12 նախարարություններում աշխատող երկու տասնյակից ավելի փոխնախարարներին ու մոտ 100-ից ավելի վարչության պետերին։
Եթե Փաշինյանը նկատի ունի նրանց և պատրաստվում է առաջիկա օրերի ընթացքում ազատվել նրանցից՝ հասկանալի է, իսկ եթե պետք է ականատես լինենք հերթական մի քանի բաժնի պետերի, արդեն ավանդույթ դարձած ազատումներին, ապա հերթական անգամ գործ ունենք փաշինյանական պոպուլիզմի դրսևորման հետ։
Ըստ էության՝ Փաշինյանը բացահայտ հաստատում է, որ հեղափոխությունը նոր է տեղի ունենալու, սա խոսում է այն մասին, որ առաջիկայում մենք պետք է ականատեսը դառնանք հեղափոխական թիմի այդքան սպասելի «կուլակաթափության և կոռումպացված ռեժիմին թափ տալու» իր հայտարարություններին։
Եթե այս ամենին հավելենք վերջերս ԱԺ-ի կողմից ընդունված բանկային գաղտնիքի մասին, ապօրինի գույքի բռնագանձման և, ինչպես բնորոշում են օրվա իշխանությունները, «հակակոռուպցիոն ծրարգրեր իրականացնելու» նպատակով ընդունված օրենքների շարքը, կարող ենք ասել, որ ականատես ենք դառնալու բավականին կոպիտ ու կոշտ քաղաքական գործընթացների։
Այլ կերպ ասած՝ Փաշինյանի կողմից ուղիղ երկու տարի հրապարակավ հայտարարած «սերն ու հանդուրժողականությունը» այլևս անցյալում են, և այսօր ապրում ենք «ռազմական թավիշի» ժամանակներում։
Պետական կառույցների փնթի աշխատանքն ու այս «փոխհրաձգությունն» ավելի հիասթափեցնող ու տխուր պատկեր են ստեղծում։ Նիկոլ Փաշինյանը պետք է անհապաղ կադրային լուծումներ տա ստեղծված իրավիճակին, ինչի արդյունքում գուցե բացահայտվեն նաև հնարավոր «դավադրության» հետքեր, եթե այդպիսիք գոյություն ունեն առհասարակ։
Արդեն վաղուց հարմարվել ենք այն իրողության հետ, որ Փաշինյանն ամենօրյա ռեժիմով հակասում է ինքն իրեն, և մի հայտարարությանն անմիջապես հակասում է տրամագծորեն հակառակ պնդումը։ Ունենք մի իրավիճակ, երբ, չնայած ողջ աշխարհն այսօր համատարած պայքարում է կորոնավիրուսի դեմ, գնահատում, վերահաշվարկում տնտեսական վնասներն ու այս ընթացքում ունեցած կորուստները, իսկ հայաստանյան իշխանությունների պայքարի հիմնական թիրախը շարունակում է մնալ «նախկին քրեաօլիգարխիան»։ Այս ամենը վկայում են նրա մասին, որ Փաշինյանն իրավիճակի չի տիրապետում և անցել է տեսարաններ մատուցելու հերթական գործընթացին։
Արմեն Հովասափյան